Արծիվները
Աստվածաշնչում արծիվները բավական հաճախակի են հիշատակվում: Նույնիսկ Ինքը`Աստված, Սբ. գրության մեջ Իր որոշ գործողությունները համեմատում է արծվի գործողությունների հետ: Հենց այդ պատճառով ես կցանկանայի ավելի մանրամասնորեն կանգ առնել այս թեմայի վրա:
Ելից 19.4. «Դուք տեսաք ինչ որ արի եգիպտացիներին և ձեզ արծվի թևերի վրա տարաև Ինձ մոտ բերի»:
Այս խոսքերն Աստված ասում է Իր ժողովրդին:
Երկրորդ Օրինաց 32.11,12. «Ինչպես որ արծիվը քրքրում է իր բույնը, շուռ է գալիս իրձագերի վրա, տարածում է թևերը, վեր առնում նրանց, տանում նրանց իր թևերի վրա,այնպես Եհովան միայն ման ածեց նրան, և նրա հետ օտար աստված չկար»:
Կրկին տեսնում ենք, որ Աստված Իրեն համեմատում է արծվի հետ: Նա միշտ հոգում է Իր ժողովրդի մասին և Իր երեխաներին Իր թևերի վրա է տանում:
Այդ ի՞նչ հետաքրքիր թռչուն է արծիվը, որին այդքան մեծ տեղ է հատկացված Աստվածաշնչում՝ ինչպես Հին ուխտում, այնպես էլ Նոր: Եթե առյուծը կենդանիների թագավորն է այստեղ` երկրի վրա, ապա արծիվը թագավոր է երկնքում: Նա ուղղակի թռչուն չէ, այլ՝ թագավորական թռչուն:
Ինչո՞ւ է արծիվը թագավոր: Ինչո՞ւ է Աստվածաշնչում նա հաճախ իր ընթացքով և գործողություններով համեմատվում Աստծո հետ: Որովհետև արծիվն ամեն բան տեսնում է այն կետից, որը երկրից բարձր է տեղակայված: Նրա դիտակետն այլ մակարդակի վրա է: Այդ պատճառով նա տեսնում է ոչ միայն այն, ինչ երևում է երկրի վրա, որտեղ հորիզոնը խանգարում է, այլև ավելին: Արծվին հորիզոնը չի խանգարում:
Հոգու մեջ բարձրանալով՝ քրիստոնյաները նույնպես կարող են վեր խոյանալ՝ տեսնելու ավելին, քան իրենց շուրջը տեղի ունեցող կոնկրետ, նեղ իրավիճակները: Նրանք այդ ամենն արդեն տեսնում են մեծ, համայնապատկերային մասշտաբով: Եվ դա արդեն մարգարեական տեսիլք է: Մենք կարող ենք տեսնել ավելին, քան սովորական մարդիկ: Բոլոր ժամանակներում սովորական մարդկանցից ավելին ընդունակ էին տեսնելու մարգարեները: Աստված Իր զավակներին հենց այդպիսի բարձր թռիչք է ուզում տալ:
Այսպիսով, եթե մանրամասն ուսումնասիրենք արծիվների բնավորությունը, անատոմիան, ապրելակերպը, կարող ենք ստանալ հայտնություններ մեր կյանքի համար: Ես ապրում եմ այդ հայտնություններով, այդ պատճառով որոշեցի ձեզ գրել դրանց մասին:
Սկսենք նրանից, որ արծիվները տարբեր են լինում: Կան փոքր արծիվներ, որովհետև նրանց թևերի բացվածքը մեկ մետր քսան սանտիմետր է: Նրանք թռչում են ծառերի գագաթներից ոչ բարձր և կոչվում են գիշանգղեր: Այս արծիվները սնվում են լեշով: Նրանք առաջին հերթին կտցահարում են իրենց զոհի աչքերը: Կուրացած զոհը շվարում է՝ շուրջը ոչինչ չտեսնելով, և մահանում: Ահա այսպիսի ռազմավարություն ունեն գիշանգղերը: Նրանք մեզ չեն հետաքրքրում: Մենք կուսումնասիրենք ուրիշ արծիվների:
Աստվածաշնչում հիշատակվում են սպիտակագլուխ արծիվները: Նրանց թևերի բացվածքը 3 մետր է, և նրանք թռչում են երկրից 7,5 կիլոմետր բարձրության վրա: Այս թռչունը կարող է սավառնել այնտեղ, որտեղ օդը նոսր է, և ինքնաթիռներն են թռչում: Այո՛, այս արծիվներն ընդունակ են թռչելու ուրիշ թռչունների համար անհասանելի այդ բարձրության վրա: Նրանք սնվում են միայն թարմ մսով և թարմ արյունով: Սպիտակագլուխ արծիվը երբեք լեշ չի ուտում, նույնիսկ եթե սովամահ լինի: Ես առանձնացրել եմ յոթ առանձնահատկություն, որոնք վերաբերում են այս արծիվներին:
Սպիտակագլուխ արծվի թևերի բացվածքը 3 մետր է, իսկ կմախքը կշռում է ընդամենը 270 գրամ: Պատկերացնո՞ւմ եք, թե նա որքան թեթև է, որքան բարակ և դրա հետ մեկտեղ ամուր ոսկորներ ունի: Արծվի հիմնական քաշը հիմնված է նրա մկանների և փետուրների վրա: Բայց բուն կմախքը, այսինքն՝ հիմքը՝ շարժողական հիմնակմախքը, թեթև է: Եթե համեմատություն կատարենք մեր քրիստոնեական կյանքի հետ, ապա մեր հոգևոր «հիմնակմախքը» նույնպես պետք է լինի թեթև, չծանրաբեռնված: Շատ ծանր է կրել վիրավորանքների, չներման, սեփական մեղքի զգացման, ուրիշ մարդկանց հետ չլուծված փոխհարաբերությունների բեռը: Շատ դժվար է ապրել՝ անընդհատ ջղայնություն տածելով ինչ-որ մեկի հանդեպ: Չէ՞ որ, եթե մարդիկ մեր մեջ ջղայնություն են առաջացնում, կարող են նաև մեզ վերահսկել: Մենք կխուսափենք նրանցից, մեր կյանքը կհարմարեցնենք այնպես, որ հնարավորինս քիչ հանդիպենք նրանց: Այդ ամենը խիստ կծանրաբեռնի մեր հոգևոր բնությունը, մեր ներսի «արծվին», մեր հոգուն, որը կանչված է սավառնելու համար: Մենք պետք է ազատվենք այդ բեռից, պետք է կշռենք մեր «կմախքը». արդյո՞ք ինչ-որ բան չի կախվել նրանից՝ չլուծված հարաբերություններ, ոչ աստվածային հոգևոր կապեր, արդյո՞ք ինչ-որ պարաններ չեն կապում նրան՝ կաշկանդելով մեր ազատությունը: Մենք պետք է հետևենք, որ թեթև լինենք:
Ես գիտեմ շատ քրիստոնյաների, ովքեր սովորել են ազատվել վիրավորանքներից: Ընդհանրապես, վիրավորանքը ճոխություն է քրիստոնյայի համար: Մենք իրավունք չունենք վիրավորվելու, որովհետև՝ որտեղ կա վիրավորանք, այնտեղ դուռը բաց է սատանայի համար: Իսկ նա ուրախությամբ կբեռնավորի մեզ, այսպես կոչված՝ ցեմենտի պարկեր կդնի մեր ուսերի վրա: Եվ ահա, մենք արդեն մի կերպ ենք քայլում, էլ ի՞նչ երկինք բարձրանալու, քթիցդ այն կողմ և ոտքերիդ տակ ընկած ճանապարհից հեռուն տեսնելու մասին է խոսքը: Ոչ մի դեպքում թույլ մի՛ տվեք, որ նման բան լինի: Մենք պետք է սովորենք հաղթահարել վիրավորանքները: Ոչ թե մեր ատամները սեղմենք, այլ գնանք Աստծո մոտ և ասենք. «Տե՛ր, ես ներում եմ այդ մարդուն: Կարևոր չէ, որ դա չեմ զգում. ես որոշում եմ կայացնում՝ ներել, և թերթում եմ կյանքիս այդ էջը»: Սա է ճիշտը: Մենք չպետք է ապրենք զգացմունքներով, այլ պետք է ազատվենք վիրավորանքի զգացումից ճիշտ դավանանքի՝ հավատքի դավանանքի միջոցով: Իսկ թեթևության զգացումը վաղ թե ուշ կգա: Ամենակարևորը ձեր որոշումն է:
Եվս մեկ հանգամանք: Ես գիտեմ այնպիսի մարդկանց, ովքեր չեն կարողանում ներել իրենց ինչ-որ բանի համար: Դա մեղքի այն զգացումն է, երբ մտովի վերադառնում ես կյանքիդ ինչ-որ իրադարձություններին և ասում. «Չէ՞ որ ես կարող էի այլ կերպ վարվել, և այսինչ բանը չէր պատահի…»: Դա, սովորաբար, շատ խորն է թաքնված, բայց շատ ծանր է, և բազմաթիվ մարդիկ չեն կարողանում թռչել, որովհետև չեն կարողանում ազատվել ինքնադատապարտության և մեղքի զգացումից: Եթե մի ժամանակ ինչ-որ հարցում անհաջողություն ենք ունեցել, դա կարող է մեզ սահմանափակել ապագայում այդ ուղղությամբ առաջ շարժվելու փորձեր անելուց:
Իմ տնային խմբում առաջին անգամ բախվելով այդպիսի իրադրության՝ ես չգիտեի, թե ինչ խորհուրդ կարող եմ տալ այն մարդուն, ով բոլորին ներել էր, բայց իրեն չէր կարողանում ներել՝ ունենալով մեղքի զգացում: Մի անգամ նրան ասացի. «Ի՞նչ է, դու ավելի մեծ ես, քան Աստվա՞ծ: Եթե Աստված քեզ ներել է, ապա ուղղակի հանդգնություն է՝ ինքդ քեզ Աստծուց բարձր դասելը և չներելը»: Իմ խոսքերը սթափեցրին նրան: Նա միանգամից ներողություն խնդրեց Աստծուց՝ իրեն դատելու համար:
Սատանան մեզ այնքան հաճախ է խաբում: Թանկագիննե՛րս, սովորե՛ք թեթև լինել: Սովորե՛ք քննել՝ արդյո՞ք ինչ-որ բան չի կախվել ձեզնից՝ զրկելով ձեզ թռչելու հնարավորությունից: Մենք պետք է սովորենք ընդունել այլ մարդկանց, որպեսզի այդ ծանրաքարերը մեզ չծանրաբեռնեն: Նույնիսկ եթե մարդուն ոչ մի բանի համար չեք կարող սիրել, սիրե՛ք գոնե նրա համար, որ Աստված է նրան սիրում: Չէ՞ որ այնքան հեշտ է ասել. «Ես այս մարդուն ընդունում եմ, որովհետև Աստված է նրան ընդունում»: Աստված նրան չի դատում: Եթե Աստված նրան դատեր, նա արդեն կենդանի չէր լինի: Բայց եթե Աստված նրան ապրելու հնարավորություն է տալիս, ես ի՞նչ իրավունք ունեմ նրան զրկելու հարաբերությունները շտկելու հնարավորությունից: Թող ապրի իր համար:
Արծվի ամեն թևի վրա ինը կմախքային փետուր կա և հինգ նմանատիպ փետուր՝ պոչի վրա:
Եթե բացենք Կորնթացիներին ուղղված առաջին թղթի 12.8-11-ը, կտեսնենք, որ այնտեղ թվարկված են Սուրբ Հոգու ինը պարգևները, որոնք Աստված տվել է մեզ` իմաստության խոսք, գիտության խոսք, հավատք, բժշկության պարգևներ, հրաշագործության պարգև, մարգարեություն, հոգիների զանազանություն, այլ լեզուներ, լեզուների թարգմանություն: Գաղատացիներին ուղղված թղթի 5.22,23-ում խոսվում է Հոգու ինը պտուղների մասին` սեր, ուրախություն, խաղաղություն, երկայնամտություն, քաղցրություն, բարություն, հեզություն, հավատք, ժուժկալություն: Այսպիսով, Աստված մեզ ինը պարգևներ և ինը պտուղներ է տվել:
Արծվի մարմնում թևերը հավասարակշռությունն են ապահովում: Նա այդքան լավ է թռչում, որովհետև թևերը ներդաշնակության մեջ են և իրենց չափսերով հավասարազոր են: