Վերապատվելի Թադեոս Միքայելյանը ծնվել է Թեհրանում 1932 թվականին հայ քրիստոնյա ընտանիքում: Նա Գալուստ և Արշալույս Միքայելյանների զավակն էր: Թադեոսն աշխույժ և ճարպիկ պատանի էր և իր մոր վկայությամբ խաղերի ժամանակ դասախոսություններ տալու հատուկ սեր ուներ: Իր նախնական ուսումը ստացել է «Սեփեհր» դպրոցում, ապա հայկական դպրոցների փակվելու պատճառով հաճախել է «Ֆիրուզ Բահրամ» դպրոցը: Հայոց լեզուն սովորել և կատարելագործել է ինքնուս: Ճշմարտության ծարավ պատանի Թադեոսը 18 տարեկանում գտնում է ճշմարտության աղբյուր Հիսուս Քրիստոսին և ընդունում Նրան որպես անձնական Փրկիչ: Սրանից հետո նա հետևում է Հիսուս Քրիստոսին, և ճշմարտության քարոզիչ դառնում: Նա անդամակցում է Հայ Ավետարանական Եկեղեցուն և տարիներ շարունակ տարբեր ասպարեզներում օգտակար ծառայություններ մատուցում իր սիրած Փրկչին, եկեղեցուն և ազգին:
Համալսարանական ուսումը իրավաբանական բաժնում ստացել է Թեհրանի Համալսարանում, որն ավարտել է 1953 թվականին: Շրջանավարտ դառնալուց հետո Թեհրան Հայ Ավետարանական Եկեղեցուն պատկանող «Մեսրոպյան Գոհար» դպրոցում եղել է որպես ուսուցիչ, փոխտեսուչ և տեսուչ: 1960 թվականին հրաժարվելով դպրոցից` որպես թարգմանիչ զանազան պաշտոններ է վարում տարբեր պետական հիմնարկություններում, միևնույն ժամանակ կամավոր կերպով շարունակելով իր համագործակցությունը Ավետարանական Եկեղեցու հետ: Գործին համընթաց շարունակում է անգլերենի մասնավոր դասընթացները և ստանում «Lower Cambridge» անգլերեն լեզվի վկայական և 1965թ.-ին հանձնում է «Michigan Test»-ը: Այս տարիներին առաջադիմություն և նյութական հաջողություն ձեռք բերելով հանդերձ հոգեպես բավարարություն չի ստանում և որոշում է ամբողջությամբ նվիրվել ծառայությանը: 1965 թվականի հուլիսի 14-ին նա ամուսնանում է Ժուլիեթ Հակոբյանի հետ: Տերն օրհնում է այդ ամուսնությունը` նրանց պարգևելով երեք զավակ ՝ Մարիեթ, Հելեն և Գալո անուններով, որոնք հենց փոքր տարիքից դաստիարակվում են հայ քրիստոնյայի հոգով: Թադեոսը բարի և հավատարիմ հայր և ամուսին էր: Չնայած իր զբաղվածությանը, նա փայլուն կերպով կատարում էր իր պարտականությունը որպես հայր և ամուսին: 1970 թվականին Թադեոս Միքայելյանը պաշտոն է ստանձնում Իրանի Աստվածաշնչ յան Ընկերությունում որպես գործադիր տնօրեն և կառավարիչ, որից հետո պաշտոնավարում է Իրանի Ավետարանական Եկեղեցիների խորհրդում որպես գործադիր քարտուղար: Աստծո սիրով լցված և նվիրված լինելով Աստծո ծառայությանը, մասնակցում է աստվածաբանական դասընթացներին և ուսման վերջին տարին լրացնելու համար գնում Բեյրութ և 1974 թվականին Մերձավոր Արևելքի Աստվածաբանական Դպրոցից (NEST) ստանում աստվածաբանության վկայական: Նա շատ էր կարդում և սովորում: Փիլիսոփայության, հոգեբանության և պարսկերեն գրականության շրջանակներում շատ տեղեկություններ ուներ: Հետաքրքրված էր նաև հայերեն գիր ու գրականությամբ: Գրել է հարյուրավոր հոդվածներ և տասնյակ բանաստեղծություններ` քրիստոնեական և ազգային թեմաներով ու տոնական առիթներով: Մեծ հետաքրքրությամբ էր կարդում աստվածաբանական գրքերը, այնպես որ նրան կարելի է համարել Իրանի Ավետարանական Եկեղեցիների աստվածաբան: Նա մեծ դեր ուներ Թեհրանի Ավետարանական Աստվածաբանական Դպրոցում, որտեղ տարիներ շարունակ դասավանդեց մինչև իր մահը: 1976 թվականի փետրվարի 27-ին նա ձեռնադրվեց հոգևոր ծառայության համար, որը տեղի ունեցավ Թեհրանի Կենտրոնական Ավետարանական Եկեղեցում. այն վերջերս անվանվեց «Պետրոս» առաքյալի անունով: 1979 թվականին Իսլամական հեղափոխությունից հետո, նա շատ է պայքարում ճշմարտության, հավատքի, արդարության և մարդկային իրավունքների համար: 1980 թվականին Հայ Ավետարանական «Սուրբ Հովհաննես» եկեղեցու երիցական կազմի հրավերով ստանձնում է եկեղեցու և համայնքի հովվական պատասխանատվությունը, որը շարունակում է մինչև իր եղերական մահը: Թադեոսին կարելի է անվանել մեր ժամանակների Հովհաննես Մկրտիչը: Հեղափոխությունից անմիջապես հետո, երբ մեծ թափով հակաամերիկյան քարոզչություն կար Պարսկաստանում, մեծ դժվարություն առաջացավ Ավետարանական Եկեղեցում ծառայող ամերիկացի ավետարանիչների և հովիվների համար: Տարբեր առիթներով, երբ նրանցից մի մասին լրտեսության պատրվակով հարցաքննության համար դատարան տարան, Միքայելյանը երբեք նրանց մենակ չթողեց, այլ մեծ վտանգներից ազատեց: Միշտ նրանց հետ դատարան էր գնում և երաշխիք տալով նրանց տուն վերադարձնում: Այդ օրերին շատ-շատերն առանց դատվելու սպանվեցին և շատ վտանգավոր էր այդ օտար մարդկանց գիշերով մենակ թողնելը: Շատ չանցած նրանք ստիպված եղան թողնել երկիրը և հեռանալ: Հեղափոխությունից հետո Թեհրանի Ավետարանական Եկեղեցուն պատկանող «Մեսրոպյան Գոհար» դպրոցում, ուրիշ հայկական դպրոցների հետ միասին, իսլամ տեսուչներ և խորհրդատուներ նշանակվեցին, որոնք առանց որևէ կրոնական համոզմունքներ նկատի առնելու աշխատեցին իսլամական արժեքներն ու դաստիարակությունն ուղղակի կամ անուղղակի կերպով սրսկել մեր հայ երեխաների մեջ: Այդ առումով Գոհար դպրոցի տեսուչը նախքան դասարան մտնելը շարքով կանգնած աշակերտներին ստիպում էր իսլամական լոզունգներ տալ: Միքայել յանը անմիջապես միջամտելով աշակերտներին արգելում էր նման լոզունգներ տալը և փոխարենը նրանց առաջնորդում էր, որ «Հայր Մերն» արտասանեն և հետո դասարան բարձրանան: Այս քայլը Վեր. Միքայելյանի համար մեծ դժվարություններ առաջացրեց և դպրոցի տեսուչը զրպարտեց նրան, ասելով, թե իբր հեղափոխության առաջնորդի և իսլամի դեմ արտահայտություններ է արել: Աստծո հատուկ միջամտությամբ նա ազատվեց այդ դժվար իրավիճակից: Փառք Աստծուն, որ մի քանի նման դեպքից հետո կրթական նախարարության պատասխանատուները զգացին որոշ խնդիրների նրբությունը, և դպրոցի տեսուչը կարճ ժամանակից հետո փոխվեց: Զարմանալին այն է, որ ժամանակի ընթացքում դպրոցի իսլամական դաստիարակության ուսուցիչը Միքայելյանի հետ մտերիմ կապեր հաստատեց և մեծ հետաքրքրություն ցուցաբերեց քրիստոնեական հավատքի վերաբերյալ: Նա ուրիշ դպրոց փոխադրվելուց հետո նույնպես այցելում էր Միքայելյանին: