ՆԱԽԱԲԱՆ
Հարգելի՛ ընթերցող, ուզում եմ քեզ հետ կիսվել Հռութի գրքից` Նոյեմիի կյանքի բուռն իրադարձություններով լեցուն պատմությունով: Ա՛յս քարոզը Հռութի գրքի մի հատվածի իմ ուրույն մեկնությունն է: Այն, ինչ դուք կընթերցեք գրքում, ես 2002-2003 թվականներից սկսած քարոզել եմ, ու լսողները միշտ եղել են օրհնված: Ես ականատես եմ դարձել, թե ինչ հիասքանչ կերպով է Տերն այցելել այն մարդկանց և նրանց ընտանիքներին, ովքեր հավատքով վերցրել են այս խոսքը` նրանց կյանքում բերելով զարմանալի փոփոխություններ: Շատ հաճախ Աստված մեզ հետ խոսում է այլաբանորեն` խորհրդապատկերներով, առակներով, որոնք բացվում են մեզ Սուրբ Հոգու զորությամբ և ավելի են պարզեցնում մեզ համար Խոսքի ընկալումը. այստեղ էլ ես առանձնացնում եմ այնպիսի խորհրդապատկերներ, ինչպիսիք են Մովաբը` աշխարհի, Բեթղեհեմը` եկեղեցու, կերպարներ, ինչպես Նոյեմին` Աստծո մարդու, հավատացյալի, Ելիմելեքը` Աստծո կոչման և այլն, կամ այնպիսի միջադեպեր, ինչպես Նոյեմիի Բեթղեհեմը թողնելը և երկրից հեռանալը` Աստծուն և եկեղեցին թողնելու և աշխարհ հեռանալու, ամուսնուն և որդիներին կորցնելը` Աստծուց ունեցած կոչումն ու աստվածային պտուղները կորցնելը և այլն: Հուսով եմ, որ գրքի իմ այսպիսի մեկնաբանությունը կօգնի ձեզ պեղելու Աստծո Խոսքի գանձերը, որոնք շատ հաճախ քողարկված են լինում այս կամ այն խորհրդապատկերի մեջ: Հռութի գիրքն էլ Հին Ուխտի գրքերի զարդաքանդակի մեջ զետեղված մի գողտրիկ գոհար է: Եվ երբ Սուրբ Հոգին` Աստծո հայտնության և իմաստության Հոգին, բացում է այս գիրքն ու Իր լույսի միջոցով ցուցադրում այն տարբեր կողմերից, մեր մարդկային միտքն ապշում է նրա մեջ եղած նյութի և պաշարի հարստությունից ու շլացնող ճոխությունից, իսկ մեր սիրտը կշտանում է հայտնության հացի առատությունից, կարծես հանդիպած լինենք հացի անսպառ շտեմարանի: Հռութի գիրքն իր բնույթով պատմական և մարգարեական է: Այն պատմական է, որովհետև ներկայացնում է իրական եղելություններ` կապված մի ընտանիքի և որոշ անձանց հետ, որոնք ապրում էին Իսրայելի Բեթղեհեմ քաղաքում, և մարգարեական է, որովհետև այս գրքում զարգացող իրադարձությունների հետևանքով ծնվում է Ովբեդը, որը Հիսուս Քրիստոսի ազգատոհմի շարունակող ճյուղն է: Կարելի է շարունակել մարգարեական շատ տարրեր ներկայացնել, բայց այժմ ուզում եմ անցնել բուն նյութին:
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԸ
Ուզում եմ ներկայացնել Հռութի 1.1-5-րդ խոսքերը:
«Դատավորների կառավարության օրերին երկրում սով եղավ: Հուդայի Բեթղեհեմից մի մարդ իր կնոջ ու երկու որդիների հետ Մովաբի երկիր պանդխտանալու գնաց: Եվ այն մարդու անունը Ելիմելեք ու կնոջ անունը Նոյեմի, ու երկու որդիների անունները Մաալոն ու Քելլոն էին: Նրանք Եփրաթացի էին Հուդայի Բեթղեհեմից և Մովաբի երկիրը գնացին, այնտեղ բնակվեցին: Նոյեմիի այրը` Ելիմելեքը, մեռավ, ու Նոյեմին իր երկու որդիներով մնաց: Որոնք իրենց Մովաբացի կանայք առան: Մեկի անունը` Որփա ու մյուսի անունը Հռութ էր: Նրանք այնտեղ տասը տարվա չափ նստեցին: Մաալոնը և Քելլոնը երկուսն էլ մեռան: Կինը իր երկու որդիներից ու այրից զուրկ մնաց»: Այս հատվածը կուսումնասիրենք խոսք առ խոսք` վերցնելով ամեն մի խոսքի մեջ բացվող գանձերը, որոնք մեզ համար կլուսավորի Տիրոջ Հոգին: Մենք կդիտարկենք Նոյեմիի կյանքը ոչ թե որպես կնոջ կերպարի, այլ որպես հավատացյալ անձի` անկախ այն բանից` նա կին է, թե տղամարդ, ծեր է, թե երիտասարդ: Մենք նրան կնայենք որպես քրիստոնյայի, որպես Աստծո մարդու: Եվ կարևոր է, որ այս ամենի մեջ կարողանանք որպես Աստծո մարդ գտնել ինքներս մեզ և Աստծո Խոսքը հասցեաուղղել մեզ, որպեսզի այդ խոսքը դառնա մերը և մեզ շինություն հաղորդի: Սկսենք 1-ին խոսքից: Այստեղ ասվում է, որ դատավորների կառավարության օրերին էր, երբ երկրում սով եղավ: Աստվածաշնչում ոչինչ պատահական չի ասվում, առավել ևս, եթե նշվում է ժամանակաշրջանը, ուրեմն այն կարևորվել է Տիրոջ սրտում, այդ իսկ պատճառով էլ արձանագրվել: Փորձենք հասկանալ, թե ինչպիսի ժամանակ էր դա: Ընդհանրապես խոսելով աստվածաշնչ յան ժամանակաշրջանների մասին` կարող ենք առանձնացնել դրանցից մի քանիսը` նահապետների, դատավորների և թագավորների ժամանակաշրջանները: Նահապետների ժամանակաշրջանը սկսվեց, երբ Աստված կանչեց Աբրահամին` քայլելու Իր առջև հավատքով և լինելու մեծ ազգ: Այս ժամանակաշրջանը շարունակվեց Իսահակով և Հակոբով: Հետագայում Աստվածաշնչում հաճախ հանդիպում ենք «Ես Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածն եմ» արտահայտությանը` որպես Աստծո կողմից այս ժամանակաշրջանի նահապետական լինելու վավերացման վկայություն: Նահապետների ժամանակաշրջանին փոխարինելու եկավ դատավորներինը: Այն սկսվեց, երբ Աստված Մովսեսին կանչեց առաջնորդելու, կառավարելու և դատավարելու Իր ժողովրդին: Մովսեսից հետո Տերը բարձրացրեց Նավեան Հեսուին` որպես առաջնորդի և դատավորի: Հետագայում Դատավորաց գրքում տեսնում ենք մի շարք անձանց, ովքեր Աստծո կողմից կանչվում և դրվում էին այդ պաշտոնն իրականացնելու համար: Իհարկե, շատերս այդ շարքից կհիշենք Գեդեոնին և Սամսոնին: Թագավորաց առաջին գրքում ևս հիշատակված են երկու դատավորներ` Հեղի քահանան և Սամուել մարգարեն: Հեղին քառասուն տարի դատավորելուց հետո վախճանվեց ծեր հասակում (տե՛ս Ա Թագ. 4.18), որից հետո Սամուել մարգարեն էր իրականացնում դատավորի ծառայությունը (տե՛ս Ա Թագ. 7.15բ):
Թագավորաց առաջին գրքի 8-րդ գլխում պատմվում է, թե ինչպես Սամուելը ծեր հասակում իր երկու որդիներին նշանակեց դատավորներ, որոնք չքայլեցին նրա ճանապարհների մեջ, այլ ագահության ետևից գնալով` կաշառք էին առնում և անիրավ դատեր վարում: Իսրայելի ծերերն էլ հավաքվելով գալիս են Սամուելի մոտ, գանգատվում նրա որդիների անօրինությունից և պահանջում, որ իրենց վրա թագավոր կարգի: Այս խնդրանքը վշտացրեց Սամուելին: Նա աղոթեց Տիրոջը, և Տերն ասաց նրան.
«Ժողովրդի խոսքը և նրա ամեն ասածը քեզ լսիր, քանի որ նրանք քեզ չեն մերժում, այլ Ինձ են մերժում, որպեսզի նրանց վրա չթագավորեմ» (Ա Թագ. 8.7):