ՏԱՍԱՆՈՐԴ ԵՎ ԶՈՀԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ
Ձեր ֆինանսական բարգավաճման հիմքը
Աստծո Խոսքում կան հրահանգներ այն մասին, թե ինչպես օրհնված լինել և ինչպես բարգավաճել կյանքում: Ո՞վ չի ցանկանում օրհնություններ ստանալ: Որքա՞ն օրհնություններ եք ցանկանում ստանալ: Ես ուզում եմ վերցնել ամենը, ինչ Աստված ցանկանում է տալ ինձ: Նա ցանկանում է, որ մենք օրհնված լինենք: Նա կանչել է մեզ աշխարհով մեկ Ավետարանը քարոզելու: Բայց դա կատարելու համար մեզ փող է հարկավոր: Անհնար է ինչ-որ բան անել առանց փողի: Միգուցե ասեք. « Բայց փողը դեռ ամեն ինչ չէ»: Անկասկած՝ փողն ամեն ինչ չէ, բայց այն օգնում է մեզ ապրել: Աբրահամը երկրի վրա ապրող ամենահարուստ մարդն էր: Այդ Աստծո մարդը հարուստ էր և բացահայտ խոստովանում էր, որ Աստծո ձեռքն էր հարստացրել իրեն: Այդ իսկ պատճառով, ես ցանկանում եմ խոսել ձեզ հետ փողի մասին: Աստված ցանկանում է, որ դուք փող ունենաք: Աստված ցանկանում է այնքան հարուստ դարձնել ձեզ, որ կարողանաք օրհնել ուրիշներին: Բայց ինչպե՞ս կարող ենք սովորել ընդունել Աստծո օրհնությունները: Ինչպե՞ս կարող ենք հարստանալ: Ես մեծացել եմ աղքատ ընտանիքում: Մենք չքավոր չէինք, բայց երբեք ավել գումարներ չունեինք: Մանկությանս ընթացքում ինձ համար գրեթե նոր հագուստ չեն գնել: Ես միշտ կրել եմ մյուս երեխաների հագուստները: Մեկ անգամ ինձ համար նոր կոշիկներ գնեցին. դա իմ մանկության ամենավառ հուշերից է: Լավ հիշում եմ, թե ինչպես մայրիկս խանութ տարավ ինձ: Այդ կոշիկները սև էին: Դրանք, միգուցե, ամենագեղեցիկ կոշիկներն էին, որ երբևէ ունեցել էի: Այդ պատճառով, ես պարզապես պայթում էի հպարտությունից, և երբ եկեղեցի էի գնում, ամեն հինգ րոպեն սրբելով փայլեցնում էի կոշիկներս: Եվ այնքան հաճախ էի անում դա, որ երգչախմբից մի մարդ չզսպեց իրեն և դիտողություն արեց: Բայց ես չափազանց ուրախ էի այդ կոշիկների համար, որովհետև ինձ համար այնքան էլ հաճախ կոշիկ չէին գնում: Փողի պակասության պատճառով ես ընկերներ չունեի: Երբ երեխաները պատրաստվում էին ինչ-որ տեղ գնալ զվարճանալու, նրանց ծնողները միշտ տասը դոլար էին տալիս նրանց գրպանի ծախսերի համար: Ինձ համար դա հսկայական գումար էր: Հայրս հիսուն ցենտ էր տալիս ինձ և ասում. «Որդի՛ս, ավելին չեմ կարող տալ»: Այդ գումարով ես չէի կարող մասնակցել ընդհանուր զվարճանքին: Այդ էր պատճառը, որ ես միայնակ էի մեծանում և միշտ երազում էի իսկական ընկեր ունենալ: Ծնողներս հրաշալի մարդիկ են, բայց փողի պակասության պատճառով մեր տանը հաճախ վեճեր էին լինում: Իմ մեծ քույրը դպրոց էր գնում, և նրան մշտապես փող էր անհրաժեշտ դասագրքերի, էքսկուրսիաների և շատ այլ բաների համար: Եվ եթե նրան փող էին տալիս, ապա մյուսները մնում էին առանց փողի: Մեր տունը միշտ լի էր սիրով, բայց երբեք՝ առատությամբ: Ամեն շաբաթ երգչախմբի փորձի ժամանակ մեր հովիվը տասը ցենտ էր տալիս ինձ, որ կարողանայի կոկա-կոլա գնել: Իրականում նա պարզապես ցանկանում էր, որ ես գնայի և չխանգարեի փորձը, բայց ինձ համար այդ տասը ցենտը մի ամբողջ հարստություն էր: Մայրս աշխատում էր, և ես ստիպված էի տան գործերով զբաղվել. հավաքում էի տունը, մաքրում էի բակը, ճաշ էի պատրաստում և լվանում ափսեները: Քոլեջում սովորելու համար ես ստիպված էի վարկ վերցնել բանկից: Դրա համար և՛ սովորում էի, և՛ աշխատում: Ես միշտ փողի կարիք ունեի: Բայց խնդիրն այն չէր, որ աշխատել չգիտեի, այլ այն, որ չգիտեի ինչպես վարվել փողի հետ: Իմ ծնողները չէին սովորեցրել ճիշտ վարվել փողի հետ: Երեխաներին փող տալուց նրանց ծնողները բացատրում էին, թե ինչի վրա է պետք ծախսել այն, իսկ ինչի վրա՝ ոչ: Այդ իսկ պատճառով նրանք գիտեին, թե ինչպես օգտվեին փողից, իսկ ես ոչինչ չգիտեի այդ մասին: Ցանկանում եմ մի օրինակ բերել ֆինանսների հարցում իմ բացարձակ անիրազեկության մասին: 1888թ.-ին ծնված տատիկս նվիրել էր ինձ հենց այդ թվականին թողարկված յոթ արծաթյա դոլար: Յուրաքանչյուրն արժեր մոտավորապես հարյուր դոլար, բայց ես նույնիսկ գաղափար չունեի դրանց արժեքի մասին: Այդ պահին ինձ յոթ դոլար էր անհրաժեշտ հեռախոսավարձը մուծելու համար, և ես վճարեցի այդ յոթ արծաթե դոլարով: Տեսնո՞ւմ եք, թե որքան անիրազեկ էի ես ֆինանսական հարցերում: Ընդհանրապես ճիշտ պատկերացում չունեի փողի մասին և չգիտեի, թե ինչպես պետք է բյուջե կազմել: Այդ էր պատճառը, որ ես մշտապես փողի կարիք ունեի: Չնայած որ իմ ծնողները հրաշալի մարդիկ էին, նրանք, այնուամենայնիվ, աղքատության մտածելակերպ էին փոխանցել ինձ: Իսկ այն, ինչ դուք փոխանցում եք ձեր երեխաներին, իրականություն է դառնում նրանց կյանքում: Այդ իսկ պատճառով, ես մտածում էի ծնողներիս նման և ապրում էի նույն կերպով: Ես մտածում էի, որ իմ կյանքը մշտապես կլինի այնպիսին, ինչպիսին նրանց կյանքն էր: Երբ ես և Դենիզն ամուսնացանք, մեր շաբաթական եկամուտը հիսուն դոլար էր: Միացյալ Նահանգների չափանիշներով մենք չքավորության մակարդակում էինք: Մեքենա չունեինք, գրեթե ամեն ամիս մեր գազն ու էլեկտրականությունն անջատում էին: Բայց ես այնքան անպատասխանատու էի ֆինանսական հարցերում, որ երբ ինձ մոտ փող էր հայտնվում, մենք գնում էինք լավ ռեստորան և ամբողջությամբ ծախսում էինք՝ փոխարենը վճարեինք կենցաղային վարձերը: Այլ խոսքով՝ քանի որ չէի կարողանում ճիշտ վարվել փողի հետ, ես պարզապես քամուն էի տալիս այն: Երբեմն մարդիկ ասում են. « Հարուստ լինելը լավ չէ: Հարուստներն օր ու գիշեր մտածում են իրենց փողի մասին»: Բայց կարծում եմ, որ աղքատ լինելն ավելի վատ է: Ո՞վ է, ըստ ձեզ, ավելի շատ մտածում փողի մասին.իհարկե՝ աղքատը, որովհետև հարուստ մարդիկ օրվա ապրուստի մասին հոգալու կարիք չունեն: Նրանք պարզապես մտածում են, թե ուրիշ որտեղ կարելի է ներդնել իրենց գումարները: Հենց աղքատ մարդիկ են ծառայում փողին, որովհետև նրանք անդադար մտածում են դրա մասին: Իսկ Աստված ցանկանում է, որ ոչ թե դուք ծառայեք փողին, այլ՝ փողը ծառայի ձեզ: Քանի որ մենք աղքատ էինք, ես կարծում էի, որ կարող եմ տասանորդ չտալ, չէ՞ որ Աստված հասկանում է իմ դրությունը: Ես մշտապես փորձում էի արդարացնել ինքս ինձ: Մեր տանը միշտ շատ մարդիկ էին հավաքվում Աստվածաշնչյան ուսումնասիրությունների համար: Մենք միշտ ջանում էինք հյուրասիրել նրանց ինչ-որ համեղ բանով, առաջարկում էինք սուրճ, թեյ, թխվածքեղեն: Եվ դրա համար էլ կարծում էի, որ կարող եմ տասանորդ չտալ, քանի որ վճարում եմ այդ հյուրասիրության համար: Բայց այն գումարը, որը դուք ծախսում եք հյուրասիրության, ձեր մեքենայով մարդկանց ինչ-որ տեղ տանելու կամ նրանց այլ ծառայություններ մատուցելու համար, տասանորդ չէ: Իսկ Աստված պահանջում է, որ դուք տասանորդ տաք: Երկար ժամանակ վախենում էի տասանորդ տալուց, որովհետև մենք չափազանց քիչ փող ունեինք: Ես պարզապես չէի կարողանում վստահել Աստծուն ֆինանսական հարցում. ես վստահել էի Նրան իմ փրկությունը. հավատում էի, որ Նա փրկել է ինձ, բայց չէի կարողանում վստահել Նրան իմ գումարները: Դենիզը ցանկանում էր, որ մենք տասանորդ տայինք: Նա ասում էր. « Ռիկ, չէ՞ որ դու գիտես, որ Աստված կօրհնի մեզ: Չէ՞ որ դու գիտես, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը. եթե մենք տասանորդ տանք, Աստված կօրհնի մեզ»: Ես հասկանում էի, որ նա ճիշտ էր, բայց չէի ցանկանում տասանորդ տալ: Ամեն անգամ, երբ Դենիզը հիշեցնում էր ինձ տասանորդի մասին, ես զայրանում էի, ցանկանում էի փախչել նրանից և ասում էի. « Տասանորդն անձնական գործ է, որը վերաբերում է ինձ և Աստծուն: Տերը գիտի, որ ես տալիս եմ»: Իրականում ես ոչինչ չէի տալիս, բայց չէի ցանկանում, որ Դենիզն իմանար այդ մասին: Ամեն շաբաթ ես քարոզում էի մարդկանց Աստծուն հնազանդվելու անհրաժեշտության մասին: Ես խոսում էի այն մասին, որ եթե նրանք տասանորդ տան, Աստված կօրհնի, բայց ինքս հակառակն էի անում: Մեր ամուսնության առաջին ութ տարվա ընթացքում ես փոքրիկ զոհաբերություններ էի տալիս, բայց ոչ՝ տասանորդ: Եվ մեզ վրա ֆինանսական անեծք եկավ: Մենք փող չունեինք ուտելիքի, բենզինի և շատ այլ բաների համար: Այն տունը, որտեղ ապրում էինք, շատ հին էր: Խոհանոցի խողովակներից մշտապես ջուր էր ծորում: Մենք ջեռուցում չունեինք, և այդ պատճառով խոհանոցում սառցակալած ջրափոսեր էին գոյանում: Երբ Փոլը ծնվեց, մենք փող չունեինք, որ վճարեինք հիվանդանոցի վարձը և հագուստ ու խաղալիք գնեինք նրա համար. մենք անիծված էինք, քանի որ ես հնազանդ չէի Աստծուն և տասանորդ չէի տալիս: Աստվածաշունչը պարզ ասում է, որ եթե տասանորդ չեք տալիս, դուք անիծված եք, իսկ եթե տալիս եք, ապա օրհնված եք: Ես խախտեցի այդ հոգևոր օրենքը: Աստվածաշնչում գրված է. «Տվե՛ք, և կտրվի ձեզ»: Սակայն ես չէի տալիս: Ես պատրաստ էի միայն ընդունելու համար: Ես ջանում էի ստանալ, բայց չէի ցանկանում տալ: Քանի դեռ դուք չեք ընդունել Քրիստոսին և ուխտ չեք կնքել Աստծո հետ, այս հոգևոր օրենքն իշխանություն չունի ձեր կյանքում: Բայց քրիստոնյա դառնալով՝ դուք ուխտ եք կնքում Աստծո հետ: Իսկ Աստծո ընտանիքն իր սեփական օրենքներն ունի: Եթե մենք հնազանդվենք Խոսքին՝ Իր օրենքին, ապա օրհնված կլինենք, իսկ եթե ոչ, ապա անիծված կլինենք: Երկրորդ Օրինաց գրքի 28.1-13 խոսքերում ասվում է. «Եվ եթե քո Տեր Աստծո ձայնին ուշադրությամբ լսես, որ զգուշությամբ կատարես Նրա բոլոր պատվիրանները, որոնք Ես այսօր քեզ պատվիրում եմ, քո Տեր Աստված էլ քեզ երկրի բոլոր ազգերից գերազանց կանի: Եվ այս բոլոր օրհնությունները քեզ վրա կգան, քեզ կհասնեն, եթե քո Տեր Աստծո ձայնին լսես: Դու քաղաքի մեջ օրհնյալ և դաշտի մեջ օրհնյալ կլինես: Օրհնյալ կլինի քո որովայնի պտուղը և քո երկրի պտուղը, և քո անասունների պտուղը, կովերիդ ծնունդը և ոչխարներիդ հոտերը: Օրհնյալ կլինի քո կողովը, և քո տաշտը: Դու օրհնյալ կլինես մտնելիս և օրհնյալ կլինես դուրս գալիս: Տերը քո առջև ջարդել կտա քեզ վրա վեր կենող թշնամիներիդ. նրանք քեզ դեմ մեկ ճանապարհով դուրս կգան, բայց քո առջևից յոթ ճանապարհով կփախչեն: Տերն օրհնությունը կուղարկի քեզ քո շտեմարաններում և քո բոլոր ձեռնարկելու բաներում և քեզ կօրհնի քո Տեր Աստծո՝ քեզ տված երկրում: Ինչպես որ քեզ երդում է արել, եթե քո Տեր Աստծո հրամանները պահես և Նրա ճանապարհներում գնաս, Տերը քեզ Իր համար սուրբ ժողովուրդ կհաստատի, և երկրի բոլոր ժողովուրդները կտեսնեն, որ Տիրոջ անունը կոչված է քեզ վրա, և քեզնից կվախենան: Եվ Տերը քեզ առատություն կտա քո բարության համար՝ քո որովայնի պտուղը, քո անասունների պտուղը և քո երկրի պտուղը շատացնելով այն երկրի վրա, որ Տերը քո հայրերին երդում արեց քեզ տալու համար: Տերն իր բարության գանձը, այսինքն՝ երկինքը քեզ համար կբացի, որ երկրի անձրևը տա ժամանակին, և քո ձեռքի ամեն գործն օրհնի, և դու շատ ազգերի փոխ կտաս, բայց դու փոխ չես առնի: Եվ Տերը գլուխ կանի քեզ, և ոչ թե ագի (պոչ), դու միշտ բարձրում կլինես և ցածրում չես լինի, եթե քո Տեր Աստծո պատվիրաններին լսես»: Ուշադրություն դարձրեք, որ այս խոստման մեջ Աստված պայման է դնում օրհնություններ ստանալու համար. «Եթե հնազանդվես Ինձ»: Այս խոստումը պատկանում է միայն նրանց, ովքեր պահպանում են ուխտի կանոնները: Գործնականում սա նշանակում է հետևյալը. եթե դուք տասանորդ եք տալիս, օրհնված կլինեք մտնելիս և դուրս գալիս: Եթե դուք տասանորդ եք տալիս, կլինեք գլուխ, այլ ոչ թե պոչ, կլինեք բարձրում, այլ ոչ թե ցածրում: Եթե դուք տասանորդ եք տալիս, հաջողություն կունենաք ձեր բոլոր գործերում, և մարդիկ կտեսնեն, որ դուք օրհնված եք: Երկրորդ Օրինաց գրքի 28.15-20 խոսքերում գրված է, որ եթե դուք չհնազանդվեք ուխտի օրենքներին, ապա անիծված կլինեք. « Բայց եթե քո Տեր Աստծո Խոսքին չլսես և չպահես և չանես Նրա բոլոր պատվիրանները և կանոնները, որոնք Ես այսօր քեզ պատվիրում եմ, այն ժամանակ այս բոլոր անեծքները քեզ վրա կգան և քեզ կհասնեն: Անիծյալ կլինես դու քաղաքի մեջ և անիծյալ՝ դաշտի մեջ: Անիծյալ կլինի քո կողովը և քո տաշտը: Անիծյալ՝ քո որովայնի պտուղը և քո երկրի պտուղը, կովերիդ ծնունդը և ոչխարներիդ հոտերը: Անիծյալ կլինես մտած ժամանակդ և անիծյալ՝ դուրս եկած ժամանակդ: Տերն անեծք, տառապանք և հանդիմանություն կուղարկի քեզ համար քո բոլոր ձեռնարկած գործերում, որ անում ես, մինչև որ բնաջինջ լինես… որ Ինձ ձգեցիր (թողեցիր)»: Այսպիսով, եթե հնազանդ ենք Աստծո Խոսքին, մենք օրհնված ենք, իսկ եթե անհնազանդ ենք Աստծո Խոսքին, ուրեմն անիծված ենք: Աստծուն տասանորդ տալն ուխտի օրենքներից մեկն է: