- Դուք լեզուներով չե՞ք խոսում, այդ դեպքում ինձ հետաքր քիր չէ… Այս մտածելակերպը շատ սահմանափակ է և կարող է սահմանափակել նորոգման հնարավորությունները: Ես հավատում եմ, որ վերջին օրերին Սուրբ Հոգին ամենուրեք կցրի սահմանափակումները: Մենք կտեսնենք այն, ինչ նախկինում չենք տեսել: Մենք կլսենք այն, ինչ երբևէ չենք լսել, և ձեռք կբերենք նոր իմաստություն ու հասկացողություն: Այս գործընթացը հասունության գործընթաց է: Մեզ համար այնքան հեշտ է դառնալ «գիտակներ» այնպիսի բնագավառներում, որտեղ Տերը դիպել է մեզ, ինչպես, օրինակ` լեզուներով խոսելու, փառաբանության և երկրպագության, բարեխոսության, ավետարանչության կամ հրաշքների ու նշանների հարցում. այս ամենը այնպիսի բաներ են, որոնք մենք սիրում ենք, որոնցով լի է Աստվածաշունչը, և որոնց կարիքն այսօր եկեղեցին ունի: Այժմ, երբ շնորհքով հասկացել ենք դրանց որոշ մասը, մենք սկսում ենք ցանկանալ դրանք դարձնել մեր մենաշնորհը: Դա դառնում է մեր փոքրիկ «ապաստարանը»: Այդպիսի վարվելակերպը նման է ամբողջ կյանքում ամենացածր արագությամբ մեքենա վարելուն: Մեր փոքրիկ մասը հրաշալիորեն կօրհնվի, եթե մենք թույլ տանք, որ այն տեղադրվի ավելի մեծ համատեքստի մեջ: Ցանկացած բան կարող է սխալ ընթանալ, եթե այն չտեղադրվի ավելի մեծ համատեքստի մեջ: Լեզուներով խոսելը հիասքանչ է, բայց եթե դա քո կյանքում միակ բանն է, դու ճանապարհից հաստատ կշեղվես: Երկրպագությունը հիանալի է, բայց եթե դա միակ բանն է, որ դու անում ես, քո կյանքն ի վերջո սահմանափակ կդառնա: Այն օրհնությունը, որը չափից շատ է զտվում, ի վերջո անպտուղ կդառնա, քանի որ այն մեկուսանում է հոգևոր կյանքի բազմազանությունից: Այս ամենում գոյություն ունի հավասարակշռություն: Դա այն հավասարակշռությունը չէ, որը ենթադրում է հիսուն տոկոս աշխարհ և հիսուն տոկոս Աստծո արքայություն, այլ այն, որը տալիս է լայնություն, խորություն, երկարություն և բարձրություն այն ամենին, ինչ Տերը շնորհել է մեզ: Մենք դեռևս դա ամբողջովին չենք հասկացել, բայց շարժվում ենք այդ ճանապարհով:
Քաղց ավելիի համար
Շուտով, որքան էլ դու ճիշտ լինես, որքան էլ շատ իմանաս և որքան էլ մտածես, թե ամեն բան հրաշալի է, քո կյանքում կգա քաղց, երբ էլ ավելի կցանկանաս Աստծուն, և դու կարող ես այդ քաղցին արձագանքել տարբեր եղանակներով: Ա Տիմոթեոսի 6.6-ն ասում է մեզ, որ «մեծ շահավաճառություն է իրավ աստվածապաշտությունը բավականության հետ»: Այն մարդիկ, ովքեր բավականություն ունեն, բայց չունեն ճշմարիտ աստվածապաշտություն, կարող են տարվել դատարկաբանությամբ և քնել կամ սխալ ճանապարհի վրա հայտնվել: Նրանք դառնում են հոգևոր ինքնավստահ, անհոգ և ի վերջո աշխարհիկ` հայտնվելով կեղծ ազատության մեջ: Այն մարդիկ, ովքեր շատ աստվածապաշտ են, բայց չունեն բավականություն, հուսախաբության մեջ են ընկնում` չիմանալով ինչ անել: Նրանք հեշտությամբ ընկնում են օրինապաշտության մեջ: Նրանք երբեք բավարարված չեն, նրանց ուրախությունն ու գոհունակությունն անհայտանում են, և քրիստոնեական կյանքը դառնում է ծանր աշխատանք: Բայց աստվածապաշտությունը բավականության հետ միասին մեծ շահ է: Ես ավելի շատ Աստծո Խոսքի ծարավ ունեմ, բայց միևնույն ժամանակ ուրախ եմ նրա համար, թե որտեղ եմ ես, ինչ ունեմ ես և որ կարող եմ այսօր փառաբանել Տիրոջը: Հուսախաբությունը առաջին բանը չի լինի, որ դուրս կգա ինձնից: Եթե արթնության քրիստոնյայի կյանքում հուսախաբությունը գլուխ բարձրացնի, ուշ թե շուտ այն ջրի երես դուրս կգա, և նա կսկսի բղավել. «Մենք պետք է արթնություն ունենանք»: Չնայած բառերը կարող են ճիշտ լինել, այսպիսի քրիստոնյաների իրավիճակում պարզորոշ երևում է նրանց ծայրահեղ հուսախաբությունը: Դա կարող է «ճիշտ աստվածաբանական արտահայտություն» լինել, բայց դրա ետևում չկա ուրախություն, հայտնություն կամ խաղաղություն: Սուրբ Հոգին նախ և առաջ ցանկանում է հեռացնել մեր հուսախաբությունը: Նա կարիք ունի մեր կյանքում լուծել որոշ հարցեր նախքան արթնության և նորոգության գալը: Կարևոր է կարողանալ ամեն օր ուրախությամբ և բավականությամբ ապրել Հիսուսի հետ` անկախ նրանից, թե ինչպիսին են մեզ շրջապատող հանգամանքները: Եթե մենք չափից շատ նմանակենք լայնածավալ հոգևոր զարգացմանը, որքան էլ դա հրաշալի լինի, ի վերջո կհյուծվենք և մակերեսային կդառնանք: Գոյություն ունի համբերությունը և համառությունը կորցնելու վտանգ, հատկապես քարոզիչների համար: Հավանաբար մենք պատրաստ չենք երկար ճանապարհով քայլելու համար և այդ պատճառով սկսում ենք անդադար կարճ ճանապարհներ փնտրել՝ արագ հոգևոր արդյունքների հասնելու համար: Սուրբ Հոգին զգուշացնում է մեզ թողնել արագ լուծումներ գտնելու բոլոր որոնումները: Թողե՛ք արագ արդյունքների բոլոր ակնկալիքները: Թույլ տվեք, որ անցնի այնքան ժամանակ, որքան պահանջվում է: