ԳԼՈՒԽ 1
Աղոթքը արթնություն է բերում
«Սրանք բոլորը միասիրտ, հարատևորեն աղոթքի և աղաչանքի մեջ էին կանանց և Հիսուսի մոր` Մարիամի ու Նրա եղբայրների հետ» (Գործք 1.14): Աստվածաշունչը գրում է, որ Հիսուսի համբարձումից հետո մոտ հարյուր քսան մարդ հավաքվել էր Երուսաղեմի տներից մեկի վերնահարկում: Այդ հարյուր քսանը առաջին աշակերտներն էին առաջին եկեղեցու ձևավորման «մանրանկարում»: Նրանցից շատերը եղել էին Հիսուսի հետ, տեսել էին Նրա խաչվելը և դիմավորել էին Նրան հարությունից հետո: Նրանք Հիսուսի հետ քառասուն օր անցկացրին, որի ընթացքում Նա հայտնեց Իրեն ու պատմեց Աստծո արքայության մասին: Մեկ անգամ, երբ աշակերտները հավաքված էին ընթրելու, Հիսուսն ասաց, որ նրանք Երուսաղեմից չմեկնեն, այլ սպասեն Հոր «ավետիքին», «Ինձանից լսեցիք, որովհետև Հովհաննեսը մկրտեց ջրով, բայց դուք այս օրերից ոչ շատ հետո պիտի մկրտվեք Սուրբ Հոգով» (Գործք 1.4,5): Հետո Հիսուսը շարունակեց. «Երբ Սուրբ Հոգին իջնի ձեր վրա, զորություն պիտի առնեք և Ինձ վկաներ պիտի լինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում և մինչև երկրի ծայրերը»:
Եվ այս խոսքերն ասելուց հետո Հիսուսը երկինք համբարձվեց (8,9): Աշակերտները մնացին Երուսաղեմում: Նրանք չգիտեին, թե ինչ է լինելու: Հնարավոր է, որ Սուրբ գրքերը կարդալով՝ նրանք ինչ-որ բան հասկանում էին ապագայում Մեսիայի վերադարձի մասին, բայց որոշակի ոչինչ չգիտեին: Սուրբ Հոգին նրանց դեռ չէր բացել եկեղեցու մասին հայտնությունը: Միակ բանը, որ գիտեին աշակերտները, այն էր, որ անհրաժեշտ էր աղոթել: Երուսաղեմի վերնատան այդ աղոթքները արթնության ու Սուրբ Հոգու թափվելու պատճառ դարձան, որը շարունակվում է մինչև այսօր: Ինչպե՞ս դա տեղի ունեցավ: Արդյո՞ք պատճառն այն էր, որ աշակերտները աղոթքի մեջ շատ համառ էին և ուժեղ: Ո՛չ: Դա տեղի ունեցավ այն պատճառով, որ Աստված խոստացել էր, իսկ նրանք աղոթում էին Աստծո խոստմանը համապատասխան: Աշակերտները հնազանդվեցին Հիսուսին. մնացին այնտեղ, որտեղ պետք է լինեին, արեցին այն, ինչ պետք է անեին: Մնացած ամեն բան Աստված արեց: Աշակերտներն աղոթեցին մոտ տասը օր: Այդ աղոթքին Աստված պատասխանեց հրաշքով, որն ավելի էր, քան այն, ինչ նրանք երբևէ խնդրել կամ պատկերացրել էին: Եվ ինչպես որ խոստացել էր Հիսուսը, զորությունը, որը հոգեգալստյան օրը իջավ նրանց վրա, այնպես փոխեց նրանց, որ աշակերտները զորություն առած սկսեցին գործել Սուրբ Հոգով (որի մասին նրանք երբեք չէին երազել): Հետևաբար, հատկապես աղոթքը եղավ ամենի պատճառը, այն, ինչի մասին որ պատմում է Գործք առաքելոցը, ինչպես նաև այն բոլոր բարի գործերի, որոնք կատարվում են եկեղեցու պատմության ողջ ժամանակաշրջանում մինչև մեր օրերը: Ինձ թվում է, որ նույնիսկ կարիք չկա ընդգծելու այն փաստը, որ աղոթքի անհրաժեշտությունը շատ ավելի մեծ ու հզոր է, քան մենք կարող ենք պատկերացնել: Դրա համար էլ զարմանալի չէ, որ Սուրբ Հոգին այսօր ցանկանում է աղոթքը դարձնել մեր կյանքի անբաժանելի մասը:
Ճեղքելով ընդդիմությունը
Արթնության մեծ քարոզիչ Չարլզ Ֆիննեյը ասել է, թե անհրաժեշտ է, որ Սուրբ Հոգին ամենաքիչը հինգ տարին մեկ մի լավ ցնցի եկեղեցին: Երբ Տիրոջ զորությունը թափվում է եկեղեցու վրա, մարդիկ ինչ-որ ժամանակ վառվում են Սուրբ Հոգով, բայց վաղ թե ուշ այդ կրակը սկսում է մարել: Եվ դա մեզ չպետք է հիասթափեցնի. դա է իրական կյանքը: Ամեն մի կրակ, վերջիվերջո, մարում է, եթե նոր փայտ չեն ավելացնում: Աղոթքը այն ճանապարհներից է, որը Սուրբ Հոգին օգտագործում է, որպեսզի կրկին բորբոքվի մարող կրակը: Եթե մենք միաբանվենք աղոթքի մեջ, Նա խոստանում է արթնություն, փոփոխություն և օրհնություն: Մարդը, երբ առանձնացած է, երբեք չի կարող ճեղքում առաջացնել երկրում: Դա չի կարող անել նաև առանձին եկեղեցին: Մենք պետք է ձեռք ձեռքի տանք, միաբանվենք: Աստված ցանկա- նում է ինչ-որ բան անել յուրաքանչյուրիս կյանքում, բայց եթե մենք ուզում ենք հասնել մասսայական արթնության, համատեղ ջանքեր են պետք: Թշնամու ռազմավարությունը նրանում է, որ անտարբերություն և վիճաբանություն ուղարկի Քրիստոսի մարմին, որը առաջ է բերում բաժանություններ, պառակտում և թուլություն: Անգամ, եթե Սուրբ Հոգու պարգևները քեզ մոտ գործում են, մյուսների հետ կապի բացակայության պատճառով նրանք չեն կարող ճեղքում առաջացնել: Արդյունքում ճեղքումն ընդհատվում է կամ էլ երբեք չի լինում: Իհարկե, Աստված թույլ է տալիս, որ բարձրանան հայտնության, սիրո և հրաշքների օազիսներ, բայց նրանք մասսայական չափերի չեն հասնում, որովհետև եկեղեցին գտնվում է անհավատության, փոխզիջման ու աշխարհի ծածկոցի տակ: Որպեսզի լինի լիակատար արթնություն, քրիստոնյաներն իսկապես պետք է հավատան, որ փոփոխություններն իրենց կյանքում հնարավոր են: Մեզ հարկավոր է հավատքի հոգի, որը հիմնականում երկու արտահայտություն ունի` աղոթքի հոգի և դիմադրությունը ճեղքելու օծություն: Սակայն, որպեսզի Սուրբ Հոգին կարողանա ճեղքել աշխարհի դիմադրությունը, սկզբում Նա պետք է այդ հեղափոխությունը մեր ներսում անելու թույլտվություն ստանա: Ահա թե ինչու մեզ անհրաժեշտ է ազատվել հոռետեսությունից ու հիասթափությունից, որպեսզի ամեն բան տեսնենք հավատքի աչքերով: Եթե մարդը ճնշված է, վախեցած ու կենտրոնացած իրեն տանջող ցավերի վրա, արդյունքը կլինի հուսահատությունը: Նա այլևս ուժ չի ունենա ինչ-որ բանի մասնակցելու և կասի. «Եկեղեցում չափազանց շատ է վեճը, իսկ աշխարհում` մեղքը: Ես անկարող եմ այլևս տանել այս ամենը: Ես ամեն անգամ ննջում եմ Աստվածաշունչ կարդալիս կամ աղոթելիս: Եվ, ընդհանրապես, Աստված երևի ինձ չի սիրում, և Նրան իմ վիճակը չի հետաքրքրում»: Նման աշխարհիկ վերաբերմունքն ընդհանրապես վայել չէ այն մարդկանց, ովքեր ցանկանում են համարվել արթնության քրիստոնյաներ:
Եպափրասի օրինակը
Պողոսը բերում է արթնության քրիստոնեական մոտեցման ճշմարիտ օրինակ, երբ խոսում է Եպափրասի` իր գործընկերոջ մասին. «Ողջունում է ձեզ Եպափրասը` ձեզանից մեկը. Քրիստոս Հիսուսի ծառան, ամեն ժամանակ աղոթքի մեջ ձեր համար ջանք անելով, որ դուք կատարյալ և լրացված լինեք Աստծո բոլոր կամքի մեջ: Վկայում եմ նրա մասին, որ շատ նախանձավորություն ունի ձեր և լավոդիկեցիների համար և բոլոր նրանց համար, որ Երապոլսում են» (Կողոս. 4.12,13): Ինչպե՞ս էր Եպափրասը ծառայում Հիսուս Քրիստոսին: Նա միշտ տքնաջան աղոթում էր իր եղբայրների համար: Նա աղոթքով էր ծառայում Հիսուսին (մեկ ուրիշ թարգմանության մեջ ասվում է նաև, որ նա աղոթքներում պատերազմում էր): Որքա՞ն հաճախ էր դա տեղի ունենում: Միշտ: Ինչո՞ւ էր նա տքնաջան աղոթում: Որպեսզի իր եղբայրները ամուր կանգնեին, կատարյալ լինեին և լցված լինեին այն ամենով, ինչը Աստծուն է հաճելի: Վերջին անգամ դուք ե՞րբ եք բոցաշունչ աղոթք արել ուրիշ քրիստոնյայի համար: Ե՞րբ եք տքնաջան աղոթել, որպեսզի նրա կյանքում իրականանա Աստծո կամքը: Անհրաժեշտ է, որ ժամանակ առ ժամանակ մենք մեզ հաշիվ տանք այդ մասին: Ոչ թե նրա համար, որ խղճի խայթ զգանք, այլ ոգևորվենք ու հետևենք Եպափրասի օրինակին: Նա Հիսուս Քրիստոսի ճշմարիտ ծառան էր, ինչպիսին ցանկանում է լինել ամեն քրիստոնյա: Դուք էլ Եպափրասի նման կարող եք հասնել նույն մակարդակին. նույն Հոգին, որ նրա վրա էր, նաև ձե՛ր վրա է: Եպափրասը Սուրբ Հոգու զորությամբ աղոթող բարեխոս էր: Դա նշանակում է, որ նա համբերատար ու աննահանջ աշխատում էր ուրիշ մարդկանց համար` աղոթելով, որպեսզի նրանք իրենց կյանքում գտնեին Աստծո կամքը: Նա ուրիշների համար աղոթելու ցանկություն էր զգում և չէր դադարում աղոթել, քանի դեռ իր եղբայրների համար աղոթքների արդյունքը չեր տեսել: Ճիշտ նույն ձևով էլ Պողոսն էր աղոթում Գաղատիայի եկեղեցու համար: Նա գրում էր. «Որդյակներս, որ ձեր համար նորից ծննդկան ցավ կքաշեմ` մինչև որ Քրիստոսը կերպարանվի ձեր մեջ» (Գաղատ. 4.19): Պողոսն ու Եպափրասը գիտեին, որ աղոթքն արմատական փոփոխություններ է առաջացնում, և որ այն կարող է մարդկանց ունակ դարձնել երկիրը հոգով գրավելու համար: Դրա համար էլ նրանք աննահանջ էին իրենց աղոթքների մեջ: Պատմության մեջ բոլոր արթնություններից առաջ եղել են քրիստոնյաներ, որոնք լրջորեն ստանձնել են աղոթքի պատասխանատվությունը: Այս գրքում ես ուզում եմ լույս սփռել յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում և ամբողջ եկեղեցու մեջ աղոթքի կարևորության վրա, որպեսզի ձեր աղոթքի կյանքը դառնա գիտակցված: Ես հուսով եմ, որ ձեր աղոթքի մեջ դուք կունենաք նույն ուրախությունն ու հա- մառությունը, ինչը ունեին Պողոսը, Եպափրասը և աղոթքի մյուս հազարավոր հերոսները ողջ պատմության ընթացքում: