Ուժեղ

(0)
  • Գին: Անվճար
  • Հեղինակ: Լիզա Բիվեր
  • Formats available: pdf
  • Դիտում

1
ՈՒԺԵՂ ԼԻՆԵԼԸ ԼԱՎ Է


«Աստված ուժեղ է և ցանկանում է, որ դուք էլ ուժեղ լինեք»: ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻ 6.10, MSG
Սկսելով այս ճամփորդությունը, որի նպատակն է դառնալ ուժեղ՝ նախ մեր սրտում ամրապնդենք հետևյալը. Ուժեղ լինելը սխալ չէ:
Շատ հաճախ քրիստոնյա կանայք ավելի շուտ տկարության, քան ուժի հետ են ասոցացվում։ Կրոնըո ոտքի կանգնելու փոխարեն ժամանակ առ ժամանակ մեզ սովորեցրել է թաքնվել: Ճիշտ է, մենք կանչված ենք լինելու հեզ, բայց ո՛չ թույլ: Հեզությունը լավագույնս սահմանվում է որպես վերահսկվող ուժ: Թե՛ Մովսեսը, թե՛ Հիսուսը հեզ էին, բայց ո՛չ թույլ: Հեզերը գիտեն, որ իրենց ուժն Աստծուց է: Եսթերը հեզ էր, բայց թուլակամ չէր: Հեզերը նաև խոնարհ են, քանի որ հասկանում են, որ իրենց ուժը սկիզբ է առնում ավելի բարձր զորությունից: Հեզերը գիտեն, թե ինչպես և երբ պայքարեն, բայց անախորժություն չեն փնտրում: Ուժը երկսայրի սուր է, որ կարող է գործածվել որպես կործանարար զենք կամ գերիներին ազատ արձակելու միջոց: Եվ հաճախ առաջին գերին, որն ազատ արձակվելու կարիք ունի, մենք ենք:
Այս կյանքն ուժ է պահանջում: Եվ որքան երկար ենք ապրում, այնքան կյանքը դժվարանում է: Անաստված մշակույթում բարեպաշտ ապրելու համար անհրաժեշտ կլինի ավելի շատ ուժ, քան ինքներս կարող ենք ունենալ: Բարեբախտաբար մենք մենակ չենք: Մենք կքննենք Եփեսացիների թղթի հետևյալ խոսքերը, որոնք ընդգծում են, թե ինչու յուրաքանչյուրս պետք է ընդունենք այս մարտահրավերը և դառնանք ուժեղ: Մեր փոխհարաբերությունները նկարագրելուց հետո Պողոսը Եփեսացիների 6.10-18-ը սկսում է այսպես. «Այսուհետև, եղբայրնե՛րս, զորացե՛ք Տիրոջով և Նրա զորության կարողությունով » (10-րդ խոսք):
Փոխհարաբերությունները ուժ են պահանջում: Բայց ամեն անգամ, երբ փորձում եմ սիրել կամ նույնիսկ համակրել ինչ-որ մեկին
իմ ուժերով, ես դատապարտված եմ ձախողման: Մենք ունենք մարդկային շատ սահմանափակ կարողություն՝ ապահովելու այն ուժը, որի կարիքն ունենք ամեն օր: Ահա թե ինչու մենք դիմում ենք մեր Տիրոջ ուժին և զորությանը: Աստվածաշնչի մեկ այլ թարգմանության մեջ այսպես է ասվում. «Աստված ուժեղ է և ցանկանում է, որ դուք էլ ուժեղ լինեք » (MSG): Աստված գիտի, որ մենք ուժեղ չենք, դրա համար էլ մեզ ուժեղ է դարձնում: Դավիթն օգտվում էր ուժի այս Աղբյուրից, երբ Աստծուն երկրպագող հովիվ
էր: Մեր Աստված Ամենակարող է՝ մեզ զորացնելու համար: Մեր Հայրն Ամենազոր է Իր դուստրերին զորություն տալու համար:
Աստված ունի ծրագիր ձեր կյանքի համար,
իսկ սատանան ունի հնարքներ: Նրա նպատակն է հեռացնել ձեզ Աստծո ծրագրից: Ես պետք է զգուշացնեմ ձեզ՝ սատանան արդար
պայքար չի մղի: Այն պահին, երբ դարձաք Աստծո դուստր, դուք կնքվեցիք Աստծո Սուրբ Հոգով և հայտնվեցիք թշնամու ուշադրության կենտրոնում: Նախքան վերստին ծնվելը դուք նրա ծառան
էիք, իսկ հիմա՝ թիրախ: Բայց երբ հանդիպում ենք մեր ուժի ճշմարիտ Աղբյուրին, ժամանակն է սպառազինվելու: «Եվ Աստծո սպառազինությունը հագե՛ք, որ կարող լինեք սատանայի հնարքներին հակառակ կենալ» (Եփեսացիների 6.11):

 

2

ՎՍՏԱՀ՝ ՔՐԻՍՏՈՍԻ ՄԵՋ

 

«Եվ անապատում կբնակվի իրավունքը, և արդարությունը պտղաբեր արտում կնստի։ Եվ արդարության գործը կլինի խաղաղություն, և արդարության արդյունքը՝ հանգիստ ու ապահովություն (անգլերենում՝ վստահություն) հավիտյան»: ԵՍԱՅԻ 32.16, 17

Երբ մտածում եք ինքնավստահ կնոջ կերպարի մասին, ի՞նչ եք պատկերացնում: Ամսագրերը, խանութների ցուցափեղկերը, վահանակները ցուցադրում են աշխարհի պատկերացումը ինքնավստահ կնոջ մասին. նա գրավում է շրջապատողների ուշադրությունը իր վստահ ժպիտով և անթերի ոճով: Պատահական չէ, որ այս վստահությունը հաճախ վաճառքի համար է՝ դիմահարդարման միջոցների կամ որոշակի կենսաոճ ներկայացնող ապրանքների տեսքով, որը մեզ պակաս ցանկալի «նախքան» վիճակից տանում է դեպի հիասքանչ «հետո»-ն: Բայց վերջին հաշվով հաջողության կամ գրավչության մեջ ինքնահաստատում փնտրելը դատարկ զբաղմունք է: Լուսանկարի համար քանի՞ հավանում է մեզ անհրաժեշտ, կամ քանի՞ անծանոթի մեկնաբանություն կպահանջվի, որ վերջապես ասենք. «Բավակա՛ն է… ես բավարարվա՛ծ եմ»: Խոստանում եմ, որ անգամ օրական միլիոն հավանումը կամ մեկնաբանությունը երբեք բավական չի լինի մեզ բավարարելու համար: Եթե վստահենք հանրաճանաչությանը կամ գեղեցկությանը, շարունակ կնայենք ուրիշներին, որ հաստատեն մեր արժեքը և ցանկալիությունը: Մեր ինքնագնահատականը բազմիցս փորձության և սպառնալիքի կենթարկվի այլ կանանց կողմից, և մեր վստահությունն անցողիկ կլինի: Բայց կա մեկ այլ ճանապարհ: Մենք ունենք Իշխան, որը մշտապես կամենում է գեղեցկացնել այն կանանց, որոնք մոտենում են Իրեն: Վստահությունը, որ Նա տալիս է մեզ, թափանցում է ավելի խորը, քան նույնիսկ կարող ենք պատկերացնել: Խոսքը պարզապես ցուցափեղկի զարդարանքի, բջջային հավելվածներում զտիչների կամ նոր աքսեսուարի մասին չէ, այլ խոր, ջերմացնող փայլի մասին է, որ առաջանում է այն գիտակցումից, որ մենք խորապես սիրված և ճանաչված ենք: Երբ կինն այսկերպ սիրված է, դա ակնհայտ է: Քրիստոս Հիսուսն օրհնել է մեզ Իր բարեհաճությամբ: Ժամանակն է թույլ տալու, որ Նրա սերն ավելի, քան բավական լինի, և ժամանակն է դադարելու բավարարման այլ աղբյուր փնտրելուց: Ժամանակն է հայացք նետելու մեր հոգու վիճակին՝ «նախքան» և հետո»: Ժամանակն է իսկապես գնահատելու, թե ինչ է Քրիստոսն արել, և այդ հիմքի վրա կառուցելու մեր վստահությունը: Այն սերը, որ Նա տալիս է, երբեք չի մարում: Նա փափագում է քնքշորեն խնամել յուրաքանչյուրիս, որպեսզի կարողանանք ծաղկել Իր սիրո մեջ:

Տե՛ր, շնորհակալությո՛ւն, որ ամեն օր նորոգում, մաքրում և դարձնում ես ինձ այնպիսին, ինչպիսին Դու ես ինձ տեսնում: Ես ապավինում եմ Քո փրկարար շնորհքին:  

 

3

ԴՈՒՔ ՄԵՆԱԿ ՉԵՔ

«Ձեզ ուրիշ փորձություն չի պատահել՝ բացի մարդկային փորձությունից. բայց Աստված հավատարիմ է, որ չի թողնի ձեզ ձեր կարողությունից վեր փորձվելու, այլ փորձության հետ ելքն էլ կպատրաստի, որ կարողանաք համբերել»: Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻ 10.13 Թեև հնարավոր է, որ ես երբեք չտեսնեմ ձեզ կամ պատիվ չունենամ իմանալու ձեր անունը, բայց գիտեմ, որ մենք այնքան էլ տարբեր չենք և մեր կյանքի ընթացքում կբախվենք միատեսակ շատ մարտահրավերների: Կորնթացիների թուղթը հուսադրում է մեզ, որ այն խնդիրները, որոնց առերեսվում ենք, միայն մերը չեն: Մենք մենակ չենք մեր փորձություններում կամ հաղթանակներում: Բայց սատանան՝ մեր հոգիների թշնամին, սիրում է մեկուսացնել և մեղադրել մեզ, ասես մենք մենակ ենք: Նա ստեր է շշնջում. «Դու միակն ես, որ պայքարում ես սրա դեմ: Ոչ ոք քեզ պես վատը չէ»: Ես գիտեմ, որ դուք լսել եք նման խոսքեր, որովհետև ինքս էլ լսել եմ այս ստերը: Աստված անաչառ է Իր խոստումների և Խոսքի մեջ: Նա ընդունում է Իր առջև եկող խոնարհ և հնազանդ սիրտ ունեցողին: Սա չի վերաբերում ամբարտավաններին և ինքնահավաններին, որոնք երևակայում են, թե ամեն բան հասկանում են: Նա մեզ ամենից լավ լսում է այն ժամանակ, երբ մեր ուժերով գործելու փորձերից հոգնած ու սպառված մոտենում ենք Իրեն: Աստված բարձրացնում է հոգնածներին ու կոտրվածներին և առաջարկում. «Բայց եթե մեկը ձեզնից իմաստության պակասություն ունի, թող խնդրի Աստծուց, որ ամենին տալիս է առատությամբ և չի նախատում, և կտրվի նրան» (Հակոբոս 1.5): Բազմաթիվ թանկագին կանայք մենակ և մեկուսացված են զգում: Ժամանակն է գիտակցելու, որ ինչպես մենք միասնական ենք մեր պայքարում, այնպես էլ կարող ենք միասնական լինել մեր ուժի մեջ: Հավանաբար, դուք մեկուսացված և մեղադրված եք զգացել: Սրանք ստեր են: Դուք մենակ չեք: Ձեր Տերը ձեր Փրկիչն է, ոչ թե ձեզ մեղադրողը: Սա բազում պատճառներից մեկն է, որ հոգևոր համայնքն այդքան կարևոր է: Երբ միանում ենք այլ մարդկանց, որոնք արդեն անցել են այն դժվարությունների միջով, որոնց մեջ հիմա մենք ենք, մեր հավատքը զորանում է: Մենք քայլ ենք անում հավատքով և համարձակվում հավատալ, որ Աստված ինչպես հավատարիմ էր նրանց հանդեպ, այնպես էլ հավատարիմ կլինի մեր հանդեպ: Թո՛ւյլ տվեք հավաստիացնել ձեզ. Աստված բարկացած չէ ձեզ վրա: Նա չի մեղադրում ձեզ: Նա ավելի, քան պատրաստ է օգնելու ձեզ: Դուք մենակ չեք:

Հա՛յր, փա՛ռք եմ տալիս Քեզ, որ ես մենակ չեմ, և Դու չես մեղադրում ինձ: Շնորհակալությո՛ւն, որ ընդունում ես ինձ Քո բժշկարար ներկայության մեջ: Երբ բժշկվեմ, իմ ճամփորդության մասին կպատմեմ ուրիշներին, որպեսզի նրանք էլ քաջալերվեն։

 

4

ԱՍՏՎԱԾ ԼՍՈՒՄ Է ՁԵԶ

 

«Սակայն Աստված լսեց և իմ աղոթքի ձայնին մտիկ տվեց»: ՍԱՂՄՈՍ 66.19 Շ ատ ծնողներ, որոնք ունեն փոքր երեխաներ, ձեզ կպատմեն, որ երբեմն մեր թանկագին, գեղեցիկ հրեշտակները կռվում են, վիրավորում միմյանց կամ աղմուկ բարձրացնում՝ իրենց ուզածը ստանալու համար (ինչպես մենք՝ ժամանակ առ ժամանակ): Երկու տարեկանի հետ թեժ պայքարում, թվում է, ավելի հեշտ է զիջել: Թույլ տալ, որ նա հաղթի «այս ճակատամարտում» այն հույսով, որ հետագայում դո՛ւք կհաղթեք «պատերազմում»: Գուցե հաղթեք, բայց միայն ավելի մեծ դժվարությամբ և ավելի մեծ պայքարի գնով, քան սկզբում էր պահանջվում: Վատ վարքագծի խրախուսումը վերջին հաշվով բացասական հետևանք է ունենում ձեզ համար: Ի վերջո, դուք երեխային լավություն չեք անում, այլ արջի ծառայություն եք մատուցում: Աստված՝ մեր երկնային Հայրը, բոլոր ծնողներից ամենաիմաստունն է: Նա գիտի, որ երբ նյարդայնանում ենք ինչ-որ բանի համար, վտանգում ենք ավելի մեծարժեք բան… մեր բնավորությունը: Խոստովանում եմ, որ պատահել է, երբ իմ ուզածին հասնելու համար պոռթկացել եմ, ինչի համար մեղավոր եմ զգացել: Ես գանգատվել եմ և դժգոհել. «Աստվա՛ծ, ինչո՞ւ նրանք ունեն սա, իսկ ես՝ ոչ»: Ուրիշ անգամներ հարցը վերաբերել է փոխհարաբերություններին. «Աստվա՛ծ, Դու գիտես՝ ես ճիշտ եմ, իսկ նրանք՝ սխալ: Ասա՛ կամ ցո՛ւյց տուր դա նրանց»: Այսպես վարվում էի հատկապես, երբ տարաձայնություններ էի ունենում ամուսնուս կամ այլ քրիստոնյաների հետ: Ես պատկերացնում էի, որ Աստված ընդհատում էր նրանց աղոթքը, որպեսզի ասեր նրանց, որ ես ճիշտ եմ: Իհարկե, այսպիսի աղոթքները երբեք չէին պատասխանվում: Այնքան շնորհակալ եմ, որ Աստված հետամուտ էր իմ բարօրությանը, փոխանակ ինձ տալու այն, ինչ ցանկանում էի: Աղոթքները չեն պատասխանվում բազմաթիվ պատճառներով, բայց երբեք մի՛ կարծեք, որ Նա չի պատասխանում, որովհետև չի լսում: Նա մշտապես հետամուտ է, որ մեր աճը ծառայի ավելի մեծ բարիքի, որն այդ պահին վեր է մեր հասկացողությունից: Անկախ նրանից՝ աղոթում ենք լավագույն մտադրություններով, թե սահմանափակ պատկերացմամբ՝ Նա ականջ է դնում մեր ձայնին՝ հստակ իմանալով, թե ինչի կարիք ունենք: Նա ունի հավիտենական տեսանկյուն: Հասունանալով ես համարձակվում եմ ինքս ինձ և ուրիշներին հանձնել Աստծո ձեռքերի մեջ, և Նրա արդարությունը հաղթում է՝ անկախ իմ հասկացողությունից: Մենք մշտապես կարող ենք հույս ունենալ, որ Նա կլսի և կարձագանքի մեզ այնպես, որ Իր բացարձակ գերիշխանությունը ցույց տա մեր կյանքում:

Տե՛ր, ես շնորհակալ եմ, որ երբ խոսում եմ, Դու լսում ես ողորմածությամբ և պատասխանում ես Քո իմաստությամբ և Քո կամքի համաձայն: Իմ ապագան ապահով է Քո ձեռքերում:  

 

5

ՄԵՐ ԻՍԿԱԿԱՆ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

«Ես բարձրացնում եմ իմ աչքերը դեպի սարերը. որտեղի՞ց կգա իմ օգնությունը։ Իմ օգնությունը Տիրոջից է, որ երկինքն ու երկիրս արեց»: ՍԱՂՄՈՍ 121.1, 2 Բ ոլորը բավարարվածություն են փնտրում: Ոմանք դիմում են փողին, իշխանությանը կամ աշխարհիկ հաջողությանը՝ այն գտնելու համար: Ուրիշները փնտրում են դա սիրո, սեռական հաճույքի կամ հավանություն գտնելու մեջ: Բավարարվածություն հնարավոր է փնտրել նույնիսկ դրական բաներում, օրինակ՝ մարդկանց օգնելու կամ արդարությունը պաշտպանելու մեջ: Բայց վերջին հաշվով կհիասթափվենք, եթե բավարարվածություն փնտրենք Աստծուց դուրս: Մենք մշտապես հուսախաբվում ենք, երբ ճիշտը սխալ տեղում ենք փնտրում: Մենք կարիք ունենք բարձրացնելու մեր աչքերը դեպի երկինք, որովհետև մեր օգնությունը մեր Արարչից է: Միայն այնտեղ կգտնենք մեր աղբյուրը և մեր բավարարվածությունը: Ահա տխուր ճշմարտությունը. երբ համառորեն հետամուտ ենք լինում այլ բաների, Աստված թույլ է տալիս, որ գնանք այդ ճանապարհով: Ինչպես Նա չխանգարեց Ադամին ու Եվային՝ քաղելու և ուտելու Պարտեզի պտղից, այնպես էլ չի խանգարում մեզ կառչելու ինչ-որ բանից՝ մեր ուզածին հասնելու համար: Նա ուզում է լինել մեր իսկական ցանկությունը, բայց թույլ է տալիս, որ ունենանք այն, ինչ ցանկանում ենք, եթե նույնիսկ դա վնասակար է մեզ համար: Պողոսը մարդկանց մասին գրում է. «Եվ ինչպես որ չընտրեցին Աստծուն ունենալ իրենց գիտության մեջ, Աստված մատնեց նրանց անարգ մտքի, որ անարժան բաներ գործեն» (Հռոմեացիների 1.28): Երբ ոտքերով գետնին ենք խփում և ասում. «Ո՛չ, ես ուզում եմ այն, ինչ ուզում եմ», Աստված նահանջում է և թույլ տալիս, որ ունենանք այն, ինչ մեր անմիտ կամքն է պահանջում: Միայն ավելի ուշ ենք հայտնաբերում, որ մեր հույսերը չեն արդարացել: Աստված չի ցանկանում, որ մենք պատժվենք, ինչպես որ չի ցանկանում՝ գերության մեջ պահվենք: Լսե՛ք Նրա բաց հրավերը. «Հիմա եկե՛ք ու վիճաբանենք,- ասում է Տերը,- եթե ձեր մեղքերը կրկնակի կարմիրի պես լինեն, ձյան պես պիտի սպիտակեն. եթե նրանք որդան կարմիրի պես լինեն, ասրի պես սպիտակ պիտի դառնան։ Եթե հոժարեք և լսեք, երկրի բարիքը կուտեք» (Եսայի 1.18.19): Եկե՛ք վերադառնանք Նրա մոտ հոժար և հնազանդ սրտով և դարձնենք Նրան մեր ուժի և օգնության աղբյուրը:

Երկնայի՛ն Հայր, ների՛ր, որ դիմել եմ անհուսալի բաների, երբ Դու ես կյանքի և օգնության իմ իսկական աղբյուրը: Մաքրի՛ր ինձ և օգնի՛ր, որ ունենամ հոժար և հնազանդ հոգի:  

 

6

ԲԱՎԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Իմ կյանքը կկշտանա ինչպես ճարպով և պարարտությունով, և իմ բերանը կօրհնի Քեզ ուրախ շրթունքներով։ Երբ որ Քեզ հիշում եմ անկողնումս, գիշերվա պահերին Քեզ վրա եմ մտածում։ Որովհետև Դու ինձ օգնություն եղար, և ես Քո թևերի հովանավորության տակ կցնծամ։ Իմ անձը պինդ Քո ետևիցն է ընկնում. Քո աջը հաստատ պահում է ինձ»: ՍԱՂՄՈՍ 63.5-8 Մտաբերե՛ք մի դեպք, երբ մասնակցել եք ճաշկերույթի, որտեղ մատուցվել են առողջարար, համեղ ուտեստներ, և դուք ժուժկալություն եք ցուցաբերել: Դուք բավականաչափ օգտվել եք, բայց չափը չեք անցել: Գիշերը, երբ պառկել եք քնելու, ավելի շատ գոհունակություն, քան անհարմարություն եք զգացել: Երբ լավ սնվում եք և լավ հանգստանում, խորապես բավարարվում եք: Մեր հոգին կարող է վերապրել նույնպիսի բավարարություն, ինչպիսին մեր մարմինն է զգում: Ինչպես Դավիթը, մենք կարող ենք պառկել անկողնում և հիշել Աստծո բարությունը: Եվ հակառակը, կարող ենք պառկել անկողնում և հիշել մեր դժվարություններն ու ձախողումները: Մեզ խրախուսվում է հանգստացնել մեր միտքը՝ խորհելով մեր Հոր հրաշքների շուրջ: Պատկերացրե՛ք մի հսկա թռչուն, որն իր թևերով պատսպարում և պաշտպանում է ձագերին (այս պահից սկսած ահա թե ինչպես եմ ես տեսնելու իմ Մխիթարիչին): Երբ քնում ենք, հանգստանում ենք: Երախտագիտության և հիացմունքի այս մթնոլորտում մեր սիրտը երգում է մեր կյանքում Տիրոջ օգնության և պաշտպանության մասին: Ամեն օրը կարող է Աստծո փառաբանություն լինել: Քունը իսկական առեղծված է: Սա այն ժամանակն է, երբ մենք առավել խոցելի ենք: Մի քանի ժամով մեր գիտակցությունը թմրում է, և մենք աննկատ վերանում ենք: Շատերս երեխա ժամանակ ավելի խորն էինք քնում, քան հիմա, երբ չափահաս ենք: Գոհ և անհոգ՝ երեխաներն իրենց ցերեկային զբաղմունքը փոխանակում են գիշերվա քնի հետ: Մեզ՝ մեծահասակներիս համար ավելի դժվար է առօրյան առանձնացնել գիշերային հանգստից: Մենք հակված ենք մեզ հետ անկողին բերելու այն, ինչ պետք չէ: Երբ այսպես ենք վարվում, պայքարում ենք անհանգստության և վախերի դեմ մինչև լուսաբաց և արթնանում ենք ավելի հոգնած, քան քնելուց առաջ էինք: Ես հայտնաբերել եմ, որ երբեք լավ չեմ քնում, երբ թույլ եմ տալիս, որ քնելուց առաջ անհանգստությունները գլուխ բարձրացնեն: Գիշերն այն ժամանակն է, երբ մեր աչքերը փակում ենք՝ հրաժեշտ տալով օրվան, և մեր սրտերը բացում ենք Նրա առջև: Սաղմոս 127.2-ը խոստանում է. «...Նա Իր սիրելիին քուն է տալիս»: Ուշադրությո՛ւն դարձրեք, որ գրված չէ՝ Նա քուն է տալիս կատարյալներին կամ նրանց, ովքեր կատարյալ օր են ունեցել: Նա քուն է տալիս Իր զավակներին, որոնց սիրում է: Դուք այդ զավակն եք: Ուզում եմ՝ պատկերացնեք, թե ինչպես են Նրա բարությունը և պաշտպանությունը ծածկում ձեզ այս գիշեր: Եթե պատկերացնեք, վստահ եմ, որ առավոտյան կարթնանաք երկրպագության երգով:

Տե՛ր, ամեն գիշեր ես բաց կթողնեմ իմ անկատար օրը և կմտածեմ Քո կատարյալ սիրո մասին: Դու սիրում ես ինձ, որովհետև Դու սեր ես: Շնորհակալություն ինձ քուն պարգևելու համար: 

 

7

ՀԱՆԴԱՐՏՎԵԼ ԱՍՏԾՈ ՍԻՐՈՎ

«Քո Տեր Աստված քո մեջ զորավոր է, Նա փրկում է, Նա պիտի ուրախանա քեզ վրա զվարճությամբ, Նա պիտի լռի Իր սիրով և պիտի ցնծա քեզ վրա խնդալով»: ՍՈՓՈՆԻԱ 3.17 Մեզնից շատերը՝ սեռական, ուրիշները՝ փոխհարաբերությունների, ոմանք՝ ֆինանսական մղձավանջի մեջ են: Ես հասկացել եմ, որ հաճախ մղձավանջի դեմ պայքարելու լավագույն միջոցը երազելն է: Օրինակ՝ երբ երեխաներս կեսգիշերին արթնանում էին վախեցած, հիվանդ կամ չափազանց հուզված, ես մոտենում էի նրանց, որ հանգստացնեի: Օրորում էի, պառկում նրանց կողքին կամ, եթե ուշ ժամ էր, և ամուսինս տանը չէր, պառկեցնում էի իմ մահճակալին: Ինչո՞ւ: Ուզում էի, որ նրանք իմանան, որ ես իրենց մոտ եմ: Գրկում էի նրանց, լսում էի նրանց վախերի մասին՝ շոյելով նրանց մազերը: Շշնջում էի հռչակումներ Աստծո և իմ սիրո մասին և հիշեցնում Նրա հավատարիմ պաշտպանության մասին: Օրորոցային էի երգում, մինչև որ նրանց շնչառությունից հասկանում էի, որ քնել են: Վախեցած զավակների հանդեպ մոր այսպիսի քնքուշ արձագանքը բխում է Աստծո սրտից: Դա մեզ մխիթարելու Նրա ցանկության ընդամենը փոքր արտահայտումն է: Երբ մենք ցավ ենք զգում, երբ ձախողվում ենք, երբ վախեցած ենք, Աստված ուզում է, որ մոտենանք Իրեն և երբեք չհեռանանք: Որպես Նրա զավակներ՝ մենք հրավիրված ենք ապահովության և սիրո Նրա գիրկը: Այնտեղ Նա կտա մեզ գեղեցկության տեսիլքներ, որոնք ունակ են վերադարձնելու մեզ հանգստի և անդորրության մեջ: Ես սիրում եմ այն տեսարանը, երբ հայրը քնքշորեն օրորում է իր դստերը, որ նա քնի և հանգստանա ու բժշկվի: Ամբողջ սրտով հավատում եմ, որ ձեր Հայր Աստված ցանկանում է. • մոտեցնել ձեզ Իրեն, • մաքրել ձեզնից մեղքի և ամոթի բոլոր հետքերը, • հեռացնել ձեր վախերը՝ բերելով դրանք ճշմարտության լույսի ներքո, • տալ ձեզ հույս և ապագա, • օրորել ձեզ, մինչև ձեր փոթորիկը հանդարտվի, • վերադարձնել ձեզ հանգստի մեջ, • վերականգնել ձեր սրտի երազանքը: Աստված հեռու կամ անհասանելի չէ: Նա պատրաստ է օգնության հասնելու մեզ և Իր մեծ զորությամբ փրկում է մեզ: Նա չի ձանձրանում, երբ մենք աղաղակում ենք վախից կամ անօգնականությունից: Նա հաճույք է ստանում Իր զավակներին հանգստացնելուց, ինչպես մայրն է ուրախությամբ մխիթարում իր զավակներին: Բայց մոր մխիթարելու կարողությունը սահմանափակ է, մինչդեռ Աստծո մխիթարելու կարողությունը նույնքան անսահման է, որքան Նրա սերը: Աստծո բնավորության խորությունը հանգստացնում է մեզ, երբ Նա երգում է: Հրավիրե՛ք Նրան, որ մոտենա և հանդարտեցնի այն փոթորիկները, որոնք ինքներդ չեք կարող հանդարտեցնել:

Երկնայի՛ն Հայր, ես մոտենում եմ Քեզ՝ հավատալով Սոփոնիա 3.17ի խոստումին, որ Դու ինձ հետ ես և կհանգստացնես ինձ Քո սիրով: Այս երազանքն ավելի զորեղ է, քան ցանկացած մղձավանջ, որի մեջ եմ այժմ: Ես հանձնվում եմ՝ Քո մեջ հանգստանալու:

 

8

ԴՈՒՔ ԱՊԱՀՈՎ ԵՔ

«Ամեն զգուշությունից առավել զգուշացի՛ր քո սրտին, որ նրանից է կյանքի ելքը»: ԱՌԱԿԱՑ 4.23 Ո՞րն է ձեր տան ամենաարժեքավոր իրը: Ի՞նչ կպատահի, եթե այն գողանան, կամ կորցնեք: Գուցե կարողանաք վերականգնել այն խնայողությունների կամ ապահովագրության միջոցով. սա անկասկած անհանգստություն կպատճառի, բայց մեծ աղետ չէ: Իսկ ո՞րն է ձեր տան ամենաանգին իրը հուզական առումով: Հավանաբար, ինչպես ինձ համար, լուսանկարչական ալբոմը կամ մեկ այլ իր, որը հիշեցնում է անցյալը: Եթե կորցնեք դա, գրեթե անհնար կլինի վերականգնելը: Դուք ստիպված կլինեք ընդունել այդ կորուստը: Դուք կտխրեք, բայց կյանքը կշարունակվի: Ճշմարտությունն այն է, որ եթե գողը մտնի ձեր տուն և գողանա բոլոր արժեքավոր իրերը, նա չի տանի ամենաարժեքավորը, որովհետև չի կարողանա գողանալ ձեր ամենաթանկ գանձը… ձեր սիրտը: Իրականում սիրտը գողանալու միակ միջոցը այն կապելն է ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի հետ, որն ունակ է այն գողանալու: Այս դեպքում ձեր կորուստը կարող է իսկապես մեծ լինել: Սա է պատճառը, որ Աստված ասում է՝ սիրենք Իրեն մեր ամբողջ սրտով, որովհետև միայն Նրա մեջ է մեր սիրտն ապահով: Ձեր սիրտը կամ «կապվածությունները», ինչպես գրված է Աստվածաշնչի թարգմանություններից մեկում, ունի զորություն՝ «ազդելու ձեր կյանքում ամեն ինչի վրա» (Առակաց 4.23, TLB): Այս խոսքը, որը մեզ կոչ է անում պահպանելու մեր սիրտը, նկարագրում է այն որպես աղբյուրի: Աղբյուրը ակունք է մաքուր, թարմ, անվտանգ ջրի, որը սնում է շրջապատող բույսերին և կենդանիներին: Այն, անշուշտ, ազդում է շրջակայքում ամեն ինչի վրա: Քաղաքակրթությունը, որպես կանոն, առաջանում է ջրի ակունքների շուրջը: Չոր վայրերում աղբյուրը վճռորոշ նշանակություն ունի կյանքի և մահվան համար: Եթե այն աղտոտվում է կամ խորքում կտրվում է իր ակունքից, տարածքում ամեն բան տուժում է: Բույսերը չորանում են, արարածները՝ մահանում: Հետևաբար աղբյուրն արժի պահպանել և խնամել՝ պաշտպանելով աղտոտումից և պահպանելով նրա կապը ակունքի հետ: Մենք պահպանում ենք մեր սրտերն այնպես, ասես դրանք կենսատու ջրի աղբյուր են մեզ համար: Մենք պաշտպանում ենք դրանք աղտոտումից, երբ հեռու ենք պահում դառնությունից և վիրավորանքից: Մենք պաշտպանում ենք դրանք երաշտից՝ աղոթքի և փառաբանության միջոցով կապ պահպանելով ճշմարիտ ակունքի հետ: Մենք պաշտպանում ենք մեր սրտերը անառողջ կապվածություններից՝ հեռու պահելով դրանք այս աշխարհի անհուսալի բաներից, որոնք սրտերը գողանալու հատկություն ունեն: Երբ ջանասիրաբար պահպանեք ձեր սիրտը՝ սիրելով «ձեր Տեր Աստծուն ամբողջ սրտով, ամբողջ անձով և ամբողջ մտքով», ինչպես պատվիրեց Հիսուսը, Նա կպահի և կաճեցնի ձեզ (Մատթեոս 22.37):

Աստվա՛ծ, ցո՛ւյց տուր, թե ինչպես սիրտս ամբողջությամբ նվիրեմ Քեզ և լավ պահպանեմ այն: Ես գիտեմ, որ այն ամենից ապահով է Քո խնամքի ներքո:   

 

9

ԴԱԴԱՐԵ՛Ք

«Դադարե՛ք և ճանաչե՛ք, որ Ես եմ Աստված»: ՍԱՂՄՈՍ 46.10 Այս գիշեր՝ քնելուց առաջ, ուզում եմ՝ մի փորձ կատարեք: Ժամանա՛կ հատկացրեք՝ պառկելու լռության մեջ և բացելու ձեր սիրտը Աստծո առջև: Ընդունե՛ք պարզապես Աստծուն պատվելու, դադար առնելու և Նրան ճանաչելու հրավերը: Ճանաչելու ի՞նչ: Ճանաչելու Նրան՝ որպես Աստծո՝ թույլ տալով, որ Նա հայտնի Իրեն ձեր կյանքում՝ ձեր ուրախությունների, ինչպես նաև ցավերի, անախորժությունների կամ ճգնաժամերի մեջ: Նա ցանկանում է սիրո խոսքեր շշնջալ, նախքան քունը կտիրի ձեզ: Խաղաղ լռության մեջ ոչինչ մի՛ ասեք… պարզապես լսե՛ք: Եթե անախորժության մեջ եք, մի՛ արդարացրեք ձեր դիրքորոշումը: Հանդարտվե՛ք և թո՛ւյլ տվեք, որ Աստված հայտնի Իրեն ձեզ լռության մեջ: Դուք ձեռք կբերեք Նրա հասկացողությունը և տեսանկյունը, երբ վայր դնեք բոլոր փաստարկները: Աղոթքը և մտորումը ավելի շատ վերաբերում են նրան, թե ինչ ենք լսում, ոչ թե նրան, թե ինչ ենք խոսում: Մենք հաճախ մտածում ենք, որ աղոթքի միջոցով արտաբերում ենք մեր խոսքերը, արտահայտում մեր սրտի զեղումները, մեր խնդրանքները Նրա առջև: Այս ամենը լավ է: Բայց աղոթքն այսքանով չի սահմանափակվում: Այո՛, կա ժամանակ՝ խնդրելու Նրանից մեր սրտի ցանկությունները: Կա ժամանակ՝ աղաչելու և արդարություն խնդրելու Նրանից: Բայց մեր խոսքերի գետերը մեզ չեն մաքրի: Դրանք ընդամենը արտահայտում են մեր տեսակետը: Իմ  դատողությունների տարափը չափազանց աղտոտ է և հախուռն՝ ինչ-որ բան մաքրելու համար. այն միայն բորբոքում է եղածը և լրացուցիչ աղբ կուտակում: Ես պետք է ձեռք բերեմ խորաթափանցություն խոր ջրերից, որոնք ի զորու են թարմացնելու ինձ և հեռացնելու իմ մեղավորությունն ու ամոթը: Դադար: Սելա: Ժամանա՛կ հատկացրեք լսելու, թե ինչ է ձեր Աստված ասում: Եթե օրվա վերջում ձեր գլխում անհանգստություններ և հախուռն մտքեր են կուտակվում, դուք չպետք է թույլ տաք, որ դրանք սպառեն ձեր ուժերը և խանգարեն ձեր հանգիստը: Մի՛ պառկեք և անընդհատ մի՛ հիշեք օրվա լարվածություններն ու անհաջողությունները: Փոխարենը վերականգնե՛ք լռության պահը, որպեսզի լինեք Նրա հետ, ով կարող է բերել ճշմարիտ խաղաղություն: Միայն Նա կարող է իսկապես ազատել ձեզ այն մտքերից, որոնք հյուծում են ձեզ, և լցնել ձեր հոգին, մինչ դուք քնած եք: Երբ արթնանաք, կբացահայտեք, որ «Տիրոջ ողորմություններն են, որ չվերջացանք, որովհետև չպակասեցին Նրա գթությունները: Նրանք ամեն առավոտ նորանոր են. մեծ է Քո հավատարմությունը» (Երեմիայի ողբերը 3.22, 23):

Հա՛յր, երբ պառկեմ քնելու, հանգստացրո՛ւ իմ հոգին և խոսի՛ր իմ սրտի հետ: Միայն Դու կարող ես կանգնեցնել իմ սրընթաց մտքերը: Իմ օրվա վերջին վայրկյանները տալիս եմ Քեզ՝ շնորհակալ լինելով նոր ողորմությունների համար, որոնք ցուցաբերելու ես ինձ առավոտյան:  

Վարկանիշներ

0 reviews
keyboard_arrow_up