Հաղթողները Երբեք Չեն Հանձնվում

(0)

ԳԼՈՒԽ 1 

ԱՍՏՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ ԿՊԱՏՐԱՍՏԻ 

 Ճգնաժամը սովորաբար հրաժարվելու ցանկության առաջացման պատճառ է հանդիսանում: Ճգնաժամի ժամանակ մենք կարող ենք փորձվել «դեն նետելու», «դա մոռանալու», «դրանից հրաժարվելու» մեջ: Ճգնաժամի ընթացքում հրաժարվելը և հանձնվելը ամենաբարոյալքող որոշումներից մեկն է, որ մենք կարող ենք ընդունել: Մինչդեռ ճգնաժամին դեմառդեմ կանգնելը, իսկ հետո նաև այն հաղթահարելը կարող են մեզ առաջնորդել ավելի մեծ հաջողության: Ճգնաժամը փոփոխության բնական արդյունքն է, մի բան, որում մենք կարող ենք միշտ վստահ լինել: Աշխարհը մշտապես փոփոխման մեջ է: Մարդկանց կյանքը փոխվում է, գործարար աշխարհը երերում է, աշխարհի ուժերը վերափոխվում են, պատմությունը առաջ է գնում: Երկրագունդը և մեր միջավայրը անընդհատ զարգանում են: Ճգնաժամը փոփոխության հետևանք է և պատճառ: Այն ընդգրկում է այնպիսի երևույթներ, ինչպիսիք են աշխատանքի փոփոխությունները, ընտանեկան հակասությունները և սոցիալական ճնշումները: Թե՛ փոփոխությունը, թե՛ ճգնաժամը կյանքի նորմալ երևույթներ են: Ճգնաժամերը, լինելով թե անհատական և թե ընդհանուր, կամ կարող են մեզ տանել դեպի ավելի լավ կյանք, կամ ավելի վատ իրավիճակի: Հետևանքը կախված է ոչ թե խնդրի էությունից, այլ նրանից, թե մենք ինչպես ենք վարվում ճգնաժամի ժամանակ: Հրաժարվելու ցանկություն առաջացնող, տանջող մտքերը և ձախողման ցավը զգացումներ են, որոնք առկա են և «հաղթողների», և «պարտվողների» մոտ: Հաղթողները պարտվողներից տարբերվում են ստեղծված իրավիճակում իրենց ձեռնարկած քայլերով: «Հաղթողները նրանք չեն, ովքեր երբեք չեն ձախողվում, այլ նրանք, ովքեր երբեք չեն հանձնվում»1 : Այսօր ճանաչված հոգեբանները քարոզում են, որ մարդիկ իրենց կյանքում կարող են վերահսկել ճգնաժամերի հետևանքը: «Հսկիր քո ճակատագիրը»,- սա է նրանց մարտական կոչը: Իրենց տեսություններում նրանք մարդկանց առաջ դնում են ճգնաժամի դեմ պայքարելու և դրա հետևանքը վերահսկելու կրկնակի պատասխանատվություն: Նրանք կիսով չափ ճիշտ են: Իրականում Աստված մեզանից յուրաքանչյուրի վրա դնում է պատասխանատվություն, որ ճգնաժամի և փոփոխության ժամանակ մենք մեզ պահենք համաձայն Իր Խոսքի և բնավորության, իսկ հետևանքի համար Նա է պատասխանատու: Մենք անում ենք մեր բաժինը, Նա՝ Իրենը: Առաջին հայացքից աշխարհի քարոզածի և Աստծո սովորեցրածի միջև տարբերությունն այնքան էլ ակնհայտ չէ, բայց այն կա և շատ կարևոր է: Այս գիրքն առաջարկում է երեք հզոր միջոցներ, որոնք հավասարակշռում են մեր պատասխանատվությունը Աստծո աստվածային էության հետ. երկուսը ցանկացած ճգնաժամ կամ փոփոխություն հաղթահարելու համար են, իսկ մեկը՝ պահելու այն հաղթանակը, որ արդեն ունենք: Վերցրո՛ւ այս ճշմարտությունները, կիրառիԲր դրանք քո կյանքում, և ճգնաժամից ճգնաժամ ապրելու փոխարեն դու կսկսես ապրել համաձայն Աստծո Խոսքի՝ «փառքից դեպի փառք»2 : Մենք երբեք չգիտենք, թե երբ կգա ճգնաժամը: Ինչ-որ մեկը մի անգամ ասել է. «Դու կամ ճգնաժամի մեջ ես, կամ մոտ ես դրա հետ հանդիպմանը»: Սա է կյանքի բնական ընթացքը՝ մակընթացությունն ու տեղատվությունը: Կյանքում ճգնաժամը սովորական երևույթ է: Ճգնաժամը նորմալ է կյանքի համար: Այս կյանքում ոչ ոք չի կարող ապրել առանց ճգնաժամի: Այժմ, երբ դա արդեն հասկանալի է, եկեք տեսնենք, թե ինչ կարելի է անել ճգնաժամի դեպքում, ինչպես հսկել այն, որտեղից կարող ենք օգնություն ստանալ և ինչպես կարող ենք կյանքում բացասական գործոնի փոխարեն ճգնաժամը դարձնել դրական գործոն: Ճգնաժամին ուղեկցող լարվածությունը կարծես այն չափից դուրս անտանելի է դարձնում: Մարդիկ խուսափում են ճգնաժամից, քանի որ նրանք ցանկանում են վերադառնալ հին, ավելի հեշտ ժամանակներին կամ իրենց կյանքի ավելի վաղ, ավելի քիչ լարված օրերին: Ինչևէ, մեր նախահայրերն ու նախորդներն ավելի քիչ ճնշումներ չեն ունեցել այն պատճառով, որ նրանք ավելի քիչ կենսափորձ ունեին, կամ էլ որ նրանց հաղորդակցման ձևերը տարբերվում էին ժամանակակից մեթոդներից՝ ֆաքսային և ինտերնետային արագ տեմպերից: Ադամը և Եվան, ըստ Աստվածաշնչի, փորձեցին խուսափել Աստծո իշխանությունից զրկվելուց և թաքնվեցին Աստծուց: Նրանց մեղքը առաջացրեց մեղավորության, վախի և թաքնվելու ճնշում: Կանայք և տղամարդիկ, այն առաջինները, ովքեր հիմնեցին Ամերիկան, ապրել են զրկանքների մեջ՝ ծովից ծով նավարկելով, տառապելով մշտական վատ նախազգացումներից, վտանգից, վախից և անհանգստությունից: Նրանք համառորեն գնում էին  առաջ՝ արևելքից արևմուտք, և հիմնում երկիրը: Ընտանիքի մասին հոգ տանելու և կերակրելու հոգսին գումարվում էր տնտեսապես, սոցիալապես և քաղաքականապես նոր երկիր ստեղծելու ծանր ճնշումը: Պատմությունը հիշատակում է Դոներների ջոկատի չարչարանքները, որոնք փորձում էին արևելքից հասնել Կալիֆոռնիա: Ճանապարհին նրանք կանգնում են ժայռոտ տարածքների, անապատային եղանակը հաղթահարելու խնդրի առաջ: Ձմռանը, ընկնելով գրեթե անանցանելի լեռների ծուղակը, նրանք ստիպված էին մագլցել, և կենդանի մնացածները, չկարողանալով շարունակել ճանապարհը մինչև եղանակի փոփոխությունը, դիմեցին մարդակերության: Դա լարվածություն է, սթրես: Դա ճգնաժամի մեջ ապրել է: Քանի որ լարվածությունը ուղեկցում է ճգնաժամին, ապա այն սովորական է կյանքի համար, ինչպես ճգնաժամը: Չափավոր լարվածությունը՝ իր հուզական, մտավոր և անգամ ֆիզիկական ճնշումներով, կարելի է ընդունել և նույնիսկ հնարավորին չափ օգտագործել դրական արդյունքի համար: Ճնշման կամ լարման որոշակի աստիճանը անհրաժեշտ է կիթառը կամ դաշնամուրը լարելու, աշխատանքը կարգավորելու և նույնիսկ մարդուն ճիշտ վիճակի մեջ դնելու համար: Մարդիկ ազատված չեն պարտականություններից: Դա անհրաժեշտ է առողջ ապրելակերպի համար: Համապատասխանությունը որոշակի լարում է պահանջում: Ճնշումը կամ լարումը, որը ճիշտ չի օգտագործվում, կարող է ձախողման պատճառ դառնալ՝ կտրելով երաժշտական գործիքի լարը, առաջացնելով մտավոր ուժերի թուլացում, և երբեմն նաև կործանել մարդուն ու նրա աշխատանքը: Լարվածությունը կամ սթրեսը կարող է գալ տարբեր աղբյուրներից՝ թեԲ ներքին, թեԲ արտաքին, ներսից կամ դրսից: Պողոս առաքյալը զրկանքներ կրեց Հռոմ գնացող բանտարկյալներ տեղափոխող նավի վրա3 : Նա նավապետին ասաց, որ նավը աղետի պատճառով վտանգի մեջ կհայտնվի, եթե հեռանա նավահանգստից, որովհետև Տերը նրան զգուշացրել էր վրա հասնող փոթորկի մասին: Չհավատալով Տիրոջ խոսքին և լսելով ուրիշի խորհուրդը՝ նավապետը անձնակազմին հրամայեց շարունակել նավարկությունը: Երբ փոթորիկը վրա հասավ, նավը մի քանի օր շարունակ տարուբերվում էր բարձր ալիքներից, նավաստիներն ու ուղևորները անզոր էին կատաղի փոթորկի առջև, նրանք բոլորն էլ վախենում էին իրենց կյանքերի համար: Չդադարող, անողոք հողմը առաջացրեց վատ նախազգացում, անհանգստություն և խուճապ իրենց ճակատագրի հանդեպ: Չնայած Պողոսը ուրիշի որոշման զոհն էր, նա ամուր էր իր հավատքի մեջ: Նա ուժեղ էր աղոթքի մեջ, մինչ ուրիշները տկար էին խուճապի մեջ: Նա փոթորիկը հաղթահարեց ծնկի եկած: Չնայած ստիպված էր ենթարկվել մեկ ուրիշի խղճուկ որոշմանը, Պողոսը չհուսահատվեց և ի վերջո լսեց Տիրոջը, Որն ասում էր, որ եթե բոլորը մնան նավի վրա, կփրկվեն: Երբ Պողոսը նավապետին հայտնեց Տիրոջ կամքը, այս անգամ նավապետը լսեց նրան, և բոլորն էլ վերջիվերջո ապահով հասան ափին: Նավապետը վարվեց հավատքով՝ վստահելով Պողոսի խոսքերին: Պողոսը վարվեց հավատքով՝ վստահելով Աստծո Խոսքին: Մենք կարող ենք անսպասելի հանդիպել այնպիսի մարդկանց, որոնց սխալները կարող են մեզ նեղություն պատճառել կամ կորստի մատնել, մինչդեռ մենք Պողոսի նման խարիսխ ունենք մեր կյանքի համար՝ Քրիստոսի հանդեպ մեր հավատքը: Նավապետի նման մենք էլ կարող ենք մեր կյանքում նավեր կորցնել, բայց եթե փոթորկի մեջ Աստված մեզ հետ է, մենք ստիպված չենք լինի մեր կյանքը զոհաբերել հանուն նավի: Երբ մեր բոլոր հնարավորությունները սպառված լինեն, և մտածենք, որ մեզանում այլևս ոչինչ չի մնացել՝ դեմառդեմ կանգնելու կյանքի հանգամանքներին, երբ չկարողանանք տեսնել որևէ ելք՝ ճգնաժամից դուրս գալու համար, երբ չլինի ինչ-որ բան անելու որևէ մտահղացում, երբ մեր ֆինանսների, ամուսնության, աշխատանքի կամ ծառայության նավը խորտակվի, և թվա, որ ամեն ինչ կործանվում է, որ մենք մենակ ենք, մերկ, պարտված, ապա կա բարի լուր, դա այն լուրն է, որ Աստված հավատարիմ է4 : Աստված ասում է, որ Ինքը հավատարիմ է Իր զավակներին նույնիսկ այն ժամանակ, երբ նրանց թվում է, որ իրենց հավատքն ամբողջությամբ սպառվել է: Անգամ, երբ մեր աղոթքները դատարկ են հնչում, և թվում է, թե դրանք դիպչում են առաստաղին և ետ են գալիս դեպի մեզ, Նա հավատարիմ է մեզ: Մենք և Աստված մեր կյանքին նայում ենք տարբեր տեսանկյունից: Մեր կյանքին մենք նայում ենք իբրև գոբելենի, որը մեր կողմից երևում է խճճված և խառնված, բայց Աստված նրան նայում է Իր տեսանկյունից՝ մյուս կողմից, որպես վերջնական, ավարտուն արդյունքի: Աստված երբեք չի ձախողվում: Աստված երբեք չի հանձնվում: Աստծո մոտ երբեք ոչինչ բացասական ավարտ չի ունենում: Աստված հավատարիմ է:

 

Հիշի՛ր 

Ճգնաժամը սովորաբար հրաժարվելու ցանկության առաջացման պատճառ է հանդիսանում:  Ճգնաժամը փոփոխության բնական արդյունքն է:  Ե՛վ անհատական, և՛ ընդհանուր ճգնաժամերը մեզ կարող են տանել դեպի ավելի լավ կյանք:  Կյանքում ճգնաժամը սովորական երևույթ է:  Չափավոր լարվածությունը կարելի է օգտագործել որպես դրական շարժառիթ:

Վարկանիշներ

0 reviews
keyboard_arrow_up