Ամբողջ չորս տարի ես անցնում էի Ամերիկայի մի ծայրից մյուսը՝ անցկացնելով ծառայություններ տղամարդկանց համար։ Դա ինձ համար ամենագոհացուցիչ աշխատանքն էր, որ երբևէ արել էի։ Բայց մի անգամ՝ ազգային քրիստոնեական կոնֆերանսի նախապատրաստության ժամանակ (որը կազմակերպված էր տղամարդկանց համար), ես գիտակցեցի, որ ինչ -որ բան այնպես չէ։ Մի քանի օր անց հասկացա, թե ինչն էր պատճառը: Երկար տարիներ, ամեն անգամ Նոր տարվան պատրաստվելիս Տերը որաշակի ճշմարտություն և ուղղություն էր բացում ինձ, որով ես պետք է առաջնորդվեի: Ասես Աստված ուներ Իր աստվածային գրաֆիկը և ցանկանում էր, որ ես շարժվեմ այդ գրաֆիկով: Իր հավատարմությամբ Աստված տարեց տարի ինձ պատրաստում էր հետագա քայլերի համար։ Առաջին անգամ դա պատահեց 1976 թվականին, երբ Տերը հինգ կետ տվեց, որոնք նախատեսված էին տղամարդկանց հետ տարվող ծառայության համար։ Դրանք էին. սրբի՛ր անձդ. քարոզի՛ր Խոսքը. քայլի՛ր առաջ և ոչ մի հարցում մի՛ երկմտիր. օգտագործի՛ր ոսկին, բայց փառքին ձեռք մ՛ի տուր. Աղոթի՛ր այս աղոթքը. «Քո ծառային համարձակություն շնորհիր՝ Խոսքդ քարոզելու համար, տո՛ւր Քո բժշկարար զորությունը և թող նշաններ, զարմանահրաշ բաներ ու հրաշքներ կատարվեն Քո Սուրբ Որդու՝ Հիսուսի անունով» (Գործք 4.29)։ Հետագա տարիների ըն թացքում Աստված այս ամենին նոր բաներ էլ ավելացրեց՝ հաստատելով և շեշտելով, թե որն է լինելու հաջորդ քայլը։
Տղամարդկանց համար անցկացվող ծառայությունների այս չորս տարիների ընթացքում ես հետևել եմ նրանց գործողություններին։ Ծառայության տարբեր բնագավառներում աշխատել եմ նրանց հետ, որպես ավագ հովիվ ծառայել և խորհուրդներ եմ տվել նրանց թե՛ հեռուստացույցով, թե՛ ռադիոյով։ Ըստ այն բանի, թե ինչպես էի իրականացնում նոր ուղղվածությունը, Աստված ինձ մշտապես նոր հայտնություններ էր բացում, տալիս էր նոր ճշմարտություններ, տեղեկություններ և հասկացողություն, որոնց օգնությամբ հազարավոր տղամարդկանց կյանքեր էր փոխվում։ Դեկտեմբեր ամսին՝ տղամարդկանց այդ ազգային քրիստոնեական կոնֆերանսից ընդամենը մի քանի ամիսներ առաջ, Աստված հայտնեց ինձ, թե ինչ էր պակասում։ Նոր շեշտադրումը երիտասարդ տղամարդկանց ուսուցումն էր, որպեսզի նրանք սովորեն նույնացնել իրենց կյանքը Աստծո՝ նրանց համար նախատեսված ծրագրի հետ: Այս ամենի արդյունքը եղավ «Տիմոթեոս» ծրագի րը, մի ծառայություն՝ անվանված երիտասարդ տղամարդու անունով , որն այնքան էր սիրում ճշմարտությունը, որ իր վրա գրավեց Պողոս առաքյալի ուշադրությունը. նա ցանկացավ անձամբ դաստիարակել Տիմոթեոսին: Այսօր «Տիմոթեոս» ծրագրի նպատակն է դեռահասների և պատանիների սրտերին հասցնել այն ճշմարտությունը, որ իսկական տղամարդ լինելը և Քրիստոսին նմանվելը հոմանիշներ են: Ոմանց համար դա բոլորովին էլ երիտասարդ տարիք չէ։ Ցանկացած հրեա պատանի տղամարդ դառնալուն պատրաստվում է 13 տարեկան հասակից՝ Բար Միցվահ մտնելուց չորս տարի առաջ: Սա համարվում է տղամարդ դառնալու տարիք։ Պոռնոգրաֆիստները որդեգրել են այն փիլիսոփայությունը, որ եթե երեխային քո ցանցի մեջ գցես, երբ դեռ երիտասարդ է, հետագայում նա դրանից չի հրաժարվի։ Ըստ ամսագրերի՝ թմրաբիզնեսը հիմնականում նախատեսված է 11 տարեկան երեխաների համար։ Այսօր կինոյում ամենաշահութաբերը դեռահասների սեքսի նկարահանումն է։ Իմ ծառայության ընթացքում, երբ հայտարարվում էր «տղամարդկանց հավաքույթ», շատ քիչ բարձր դասարանցի տղաներ կամ ուսանողներ էին գալիս: Ես հիմնականում խոսում էի ամուսնացած տղամարդկանց կամ ամուրիների հետ: Վերջապես բացահայտվեց այն, ինչը այդքան ժամանակ տանջում էր ինձ։ Մեր երկրում (հատկապես եկեղեցիներում) բարձր դասարանցի տղաներին անվանում են «երիտասարդություն»։ Երբ նրանք ընդունվում են բարձրագույն ուսումնական հաստատություններ, նրանց անվանում են երիտասարդ։ Նրանց տղամարդիկ չեն անվանում։ Պարզապես «երիտասարդություն» և «երիտասարդ»։ Զարմանալի չէ, որ երիտասարդ կանայք այսօր հարցնում են. «Ո՞ւր են բոլոր տղամարդիկ»։ Երիտասարդներն իրենց տղամարդ չեն համարում, քանի որ նրանց երբեք «տղամարդ» անունով չեն դիմել։ Այսպիսով, երբ հայտարարվում էր «տղամարդկանց ծառայություն», երիտասարդ տղամարդիկ մնում էին տանը։ Քրիստոնյա տղամարդ կանց ազգային կոնֆերանսի օրը Հյուսթոնի համալսարանի բակում՝ Հոֆեինզի տաղավարում, հավաքվել էր 8000 տղամարդ։ Դա մի հզոր օր էր. մենք մոտենում էինք գագաթնակետին։ Քանի որ Աստված մեզ արդեն հայտնել էր հավաքույթներին երիտասարդ տղամարդկանց բացակայության մասին, մենք սկսել էինք գործի դնել «Տիմոթեոս» ծրագիրը՝ այդ երիտասարդներին տղամարդկանց օրը մեզ մոտ բերելու համար։ Այդ օրվա վերջին կոչն ուղղված էր երիտասարդ տղամարդկանց։ «Արդյո՞ք կան բարձր դասարանցի կամ ուսանող երիտասարդներ, ովքեր համարձակություն կամ քաջություն ունեն անել ավելին, քան բարոյական միջակության ճահճի մեջ թավալվելն է, որտեղ, ի դեպ, շատերն են խորտակվել։ Արդյո՞ք կա որևէ երիտասարդ տղամարդ, որն ուզում է Աստծո չեմպիոն լինել։ Արդյո՞ք բոլորն են հանձնվել աշխարհին։ Այստեղ կա՞ որևէ մեկը, ով ցանկանում է ոտքի կանգնել Աստծո համար, ընդունել Աստծուն, ով ցանկանում է լինել «Աստծո տղամարդ» (Աստծո մարդ) և վճարել չեմպիոն դառնալու գինը՝ իր մեջ ձևավորելով աստվածային բնավորություն։ Ձեր մեջ արդյո՞ք կա...»։ Նախքան ես կավարտեի այդ նախադասությունը, հարյուրավոր երիտասարդներ վեր ցատկեցին իրենց աթոռներից և առաջ վազեցին. ոմանք ցատկում էին բասկետբոլի դաշտի արգելապատնեշի վրայից, որպեսզի շուտ հասնեն կենտրոնական դաշտին։ Ահա կանգնած են 400 հաղթանդամ երիտասարդներ, որոնք հայտնում են իրենց նվիրվածությունը Հիսուս Քրիստոսին։ Մինչ նրանք վազում էին, մյուսները կանգնել և ծափահարում էին. ոմանք լաց էին լինում՝ տեսնելով այդ երիտասարդներին. նրանք չէին ամաչում «Աստծո տղամարդ» կոչվելու համար։ Դա ցնցող տեսարան էր։ Մի երիտասարդ տղա այդ թեժ պահին կոկաինի տուփը գցեց բեմի վրա։ Մյուսները գրպաններից տարբեր բաներ հանեցին և դուրս նետեցին. նրանք ցույց էին տալիս, որ հրաժարվում են իրենց կյանքերում տիրող անմաքրությունից։ Փառք Աստծուն, որ կան երիտասարդ տղամարդիկ, ովքեր ունեն տղամարդ լինելու մեծ ցանկություն, որ ցանկանում են գին վճարել ճշմարիտ տղամարդկության համար, որը Քրիստոսին նմանվելն է, ովքեր հասկանում են, որ պետք է աճեն և հասունանան՝ չսպասելով ամուսնությանը։ Փառք Աստծուն քեզ համար, որ կարդում ես այս գիրքը։ Գուցե քո առջև առաջ գալու ոչ մի ճանապարհ չկա, կամ էլ պատ՝ վրայից ցատկելու համար, կամ մի բեմ՝ առջևում կանգնելու համար: Բայց և այնպես, հիմա, երբ դու կավարտես այս նախադասության ընթերցումը, կարող ես մի կողմ դնել գիրքը և հայացքդ ուղղել Աստծուն՝ ընդունելով Աստծո տղամարդ լինելու ցանկությունը:
ԳԼՈՒԽ 1
Մի՛ անարգիր քո երիտասարդությունը
Սա գիրք չէ այն մասին, թե «ինչպես…»: Սա գիրք է այն մասին, թե «իսկ ինչու ոչ…»: Այս գիրքը ապրել սովորեցնելու ձեռնարկ չէ, այն ապրելու կոչ է: Ես գրում եմ, որպեսզի քեզ ասեմ՝ դու տղամարդ ես: Մի՛ վատնիր քո երիտասարդությունը: Քո երիտասարդության ուժը քո փառքն է: Թույլ մի՛ տուր որևէ մեկին անարգել այն: Հովսեփը 17 տարեկան էր, երբ Աստված նրան տվեց այն երազը, որը վճռորոշ դարձավ նրա համար, և որը հետագայում Տերը մարգարեաբար իրականացրեց նրա կյանքում: Դավիթը դեռահաս էր, երբ դեմ առ դեմ հանդիպեց հսկա Գողիաթին: Դանիելն ու նրա երեք հրեա ընկերները գրեթե այդ նույն տարիքին էին, երբ քաջություն ունեցան չհանձնել սեփական դիրքերը և բաբելոնյան արքայի առաջ հավատարիմ մնալ Աստծուն: Մեր Տեր Հիսուս Քրիստոսն ընդամենը 12 տարեկան էր, երբ տաճարում ասում էր, թե Ինքը պետք է Հոր գործով զբաղված լինի՝ Իր իմաստությամբ շփոթության մեջ գցելով ուսուցիչներին: Երիտասարդությունն ունի առավելություններ, որոնք մեծ գործեր կատարելու հնարավորություն են տալիս: Այդ առավելություններից մեկը ուժն է: Երբեք մի՛ ամաչիր քո երիտասարդությունից: Ուղղությո՛ւն տուր նրան: Օգտագործի՛ր այն, ուղղի՛ր դեպի Աստված և վայելի՛ր: Անշուշտ, որոշ տղամարդիկ ուշ են «բացվում»: Բայց պատանեկությունը մեծ առավելություն ունի, որն արտահայտվում է արագ սովորելու ունակության, ֆիզիկական էներգիա ունենալու մեջ, ինչը բնորոշ չէ կյանքի ավելի հասուն հատվածին: Դու պետք է գիտակցես և օգուտ քաղես այդ հատկություններից և թույլ չտաս, որ աշխարհի սարսափը խոչընդոտ հանդիսանա քեզ համար: Զարմանալի չէ, որ ժամանակակից տղամարդը պրոբլեմներ ունի, շփոթված է, զուրկ է բարոյական հատկանիշներից և հոգով մեռած: Լավ է, որ նա է՛լ ավելի վատթար վիճակում չէ: Դատե՛ք ինքներդ, վերջին մի քանի տարիների ընթացքում ինչի հետ են ստիպված պայքարել տղամարդիկ: Պատկերացրե՛ք, թե ուժերի ինչպիսի բազմություն է ճակատամարտում ձեր մտքի, հոգու և մարմնի համար: Սեքսիստներ, կոմունիստներ, հումանիստներ, կուլտիստներ, սատանիստներ, պացիֆիստներ և շատ այլ տեսակի «-իստներ»: Զարմանալի՞ է արդյոք, որ որոշ տղամարդիկ շփոթված են: Դրան ավելացրեք նաև առօրյա երաժշտության՝ նրանց վրա թափվող հորձանքը, որը բթացնում է նրանց զգայարանները, գայթակղում նրանց հոգին և խանգարում նրանց գործունեության մտավոր, ֆիզիկական, մշակութային և հոգևոր ոլորտների զարգացմանը: Տեսե՛ք, թե ինչին եք դուք հակառակ կանգնել: Այսպես կոչված «Իմ սերունդը» («My generation») ժամանակակից փիլիսոփայության արգասիք է: Այն պրոպագանդում է մի ապրելակերպ, որն ասում է. «Եթե դա քեզ հաճույք է պատճառում, ապա արա՛ այդ»: Այս գաղափարախոսությունը աշխարհում անարխիայի, հեղափոխության և ապստամբության շատ սերմեր է ցանել: Տարիներ շարունակ մեր հասարակության մեջ գոյություն է ունեցել «հակա հերոս» սինդրոմը, որը, բառացիորեն, արդյունք էր դասագրքային ցեղասպանության: Դրանցից ամենկերպ դուրս էր մղվում հերոսի կերպարը և հայրենասիրության ամեն մի դրսևորում: