ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Այն օրը, երբ հեռացանք մեր գյուղական տնից, միաժամանակ և՛ տխուր էր, և՛ ուրախ։ Մենք ապրել էինք այդ հին, փոքրիկ, խարխլված գյուղական տանը մոտավորապես ինը տարի, և այժմ ես տանում էի վերջին արկղերը։ Մենք ուղևորվում էինք մեր նոր տունը, որն ինքներս էինք կառուցել։ Այն 710 քառակուսի մետր տարածքով Գեորգիական ոճով առանձնատուն է 24 հեկտար գեղեցիկ հողատարածքի վրա, որը բաղկացած է անտառից և ճահճուտից։ Դա երազանք էր, որն ընդամենը մի քանի տարի առաջ դժվար կլիներ պատկերացնել։ Թեև մենք հեռանում էինք այդ գյուղական տնից, ես սիրում էի այդ հին տունը։ Այո՛, նույնիսկ պատուհանների կոտրված ապակիները, կեղտոտ նկուղը և մեղուների մշտական հարձակումները, որոնց դիմանում էինք ապրելու ընթացքում։ Այնքա՜ն հիշողություններ ունեի։ Մեր հինգ երեխաներից երկուսը ծնվել են այդ տան հյուրասենյակում։ Մենք վերապրել էինք շատ լավ պահեր այդ տանը, բայց շատ անգամներ ֆինանսական սթրես և հիասթափություն էինք զգացել։ Մենք այնքա՜ն բան էինք սովորել այդտեղ։ Թեև այժմ դժվար էր դա պատկերացնել, ութ տարի առաջ, երբ տեղափոխվեցինք այդ հին գյուղական տունը, մենք հազիվ էինք կարողանում մարել մեր ամսական վարձավճարը, որը կազմում էր 300 դոլար։ Երկուսիս մեքենաներն էլ շատ հին էին, դրանց վազքը հասնում էր մի քանի հարյուր հազար կիլոմետրի, բայց մենք դեռ վճարում էինք դրանց համար։ Այդ ժամանակ թվում էր՝ մենք պարտք էինք բոլորին։ Մենք տասը սպառված և արգելափակված վարկային քարտ ունեինք, երկու վարկ ֆինանսական ընկերություններում, իհարկե, վճարումներ երկու մեքենաների համար, պարտքեր Հարկային տեսչությանը, տասնյակ հազարավոր դոլարների պարտքեր մեր ազգականներին, և այսպես շարունակ։ Մենք ապրում էինք ֆինանսական գոյատևման կյանքով. գրավ էինք դնում գրեթե այն, ինչ ունեինք՝ հաճախ պարզապես մթերք գնելու համար։ Այն իրերը, որոնք պատկանում էին մեզ, հին և անսարք էին, քանի որ մենք գնել էինք դրանք արդեն օգտագործված վիճակում։ Այդ ժամանակվա մեր ծայրահեղ ֆինանսական վիճակը գրեթե փայլուն ապագայի հույս չէր ներշնչում։ Անկեղծ ասած, ես գրեթե հույս չունեի, որ իմ կյանքը կարող էր փոխվել։ Ես սիրում էի իմ ընտանիքը, ես գեղեցիկ կին ունեի, բայց նրանց անցկացնում էի ֆինանսական դժոխքով։ Ես հակադեպրեսանտ դեղամիջոցներ էի ընդունում, պայքարում էի խուճապի նոպաների դեմ, և վախը կլանում էր իմ առօրյան։ Թույլ տվեք ասել, որ ես ամենաուրախ մարդը չէի, ում հետ դուք կարող էիք շփվել։ Ես վաճառում էի կյանքի ապահովագրության փաթեթներ, ապրում էի վաճառքից ստացվող միջնորդավճարներով և արագորեն սլանում էի դեպի ֆինանսական դժոխքը։ Մենք դանդաղորեն հայտնվում էինք ավելի մեծ պարտքերի մեջ, մինչև որ այլևս չկար պարտք վերցնելու ոչ մի հնարավորություն։ Այդ ժամանակ էր, որ ես զգացմունքորեն կոտրվեցի։ Միտքս համակվեց խուճապով և վախով։ Ես նույնիսկ վախենում էի դուրս գալ տնից, ինչը, ի դեպ, այդքան էլ լավ չէր անդրադառնում իմ աշխատանքի վրա։ Կինս կարծում էր, որ կկորցնի իր ամուսնուն, և նրան հետապնդում էր մեր չորս երեխաներին միայնակ մեծացնելու վախը (այդ ժամանակ մենք դեռ չորս երեխա ունեինք)։ Բայց նա հաստատակամորեն հավատում էր աղոթքի զորությանը և չէր հիասթափվում ինձնից։ Մենք սկսեցինք միասին աղոթել, իսկ հետո որոշում կայացրինք բացահայտել Աստծո Թագավորության սկզբունքները։ Երբ սկսեցինք փնտրել Աստծուն՝ Նրա Թագավորության պատասխանները և սկզբունքները բացահայտելու համար, մեր սրտերում հույս ծնվեց, քանի որ մենք սկսեցինք տեսնել միմյանց հաջորդող հրաշքներ, երբ կիրառում էինք այն, ինչ Աստված ցույց էր տալիս։ Իմ կյանքի վճռորոշ պահերից մեկը տեղի ունեցավ մի գիշեր, երբ Աստված ցույց տվեց ինձ, որ պետք է ֆինանսական ընկերություն հիմնադրեի, որպեսզի օգնեի մարդկանց ազատվել պարտքերից և սովորեցնեի այն սկզբունքները, որոնք Նա ցույց էր տալիս։ Այդ ժամանակ գաղափարն այն մասին, որ ես պետք է ընկերություն հիմնադրեի՝ ցույց տալու համար մարդկանց, թե ինչպես ազատվեն պարտքերից, տարօրինակ էր թվում, քանի որ մենք ինքներս դեռ շատ պարտքեր ունեինք։ Մենք աղոթեցինք դրա համար, բայց Տերն ասաց, որ երբ մենք քայլ անենք և սկսենք սովորեցնել Իր սկզբունքները, ինքներս կազատվենք պարտքերից։ Ընկերություն հիմնադրելը հավատքի քայլ էր, քանի որ մենք նույնիսկ գաղափար չունեինք, թե ինչպես անեինք դա, բայց հաստատակամություն ցուցաբերեցինք այդ հարցում։ Մեր ընկերությունն աճեց, և դրանից ստացվող շահույթը լիովին ազատեց մեր ընտանիքը պարտքերից երկուսուկես տարում։ Հաջորդ գլխում ես կպատմեմ մի փոքր ավելին մեր ընկերության մասին, իսկ այժմ պարզապես իմացեք, որ մեր կյանքը հիմնովին փոխվեց։ Ես չեմ կարող բացատրել այն ազատության զգացումը, որը մենք ունեինք, թե ինչպիսի զգացողություն եք ունենում, երբ գնում եք մեքենաների վաճառքի կենտրոն և կանխիկ գումարով վճարում եք նոր մեքենայի համար։ Կամ ինչպիսի զգացողություն ունեինք, երբ նախագծում և կառուցում էինք մեր սեփական տունը և վճարում էինք դրա համար։ Այն, ինչ մենք վայելում էինք, գերազանցում էր այն ամենը, ինչը կարող էինք պատկերացնել։ Այո՛, մենք շատ հիշողություններ ունեինք այդ գյուղական տնից։ Երբ ներս մտա՝ վերջին արկղը վերցնելու, ես անցա կնոջս կողքով։ Նա կանգնած էր այդ տան փոքր ճաշասենյակում։ Նա նայեց ինձ՝ արցունքն աչքերին։ Դրանք տխրության արցունքներ չէին, այլ՝ ուրախության և նրան համակող զգացմունքների, քանի որ նա հիշում էր այն, ինչ Աստված սովորեցրել էր մեզ այդտեղ։ Ես նույնպես զսպում էի արցունքներս՝ վերջին անգամ նայելով այդ սենյակներին, խառը զգացմունքներով հիշելով այն, ինչ տեղի էր ունեցել այդտեղ։ Մենք ավարտում էինք մի փուլ մեր կյանքում և անցում էինք կատարում նոր տարածք։ Ի՞նչ էր սպասվում մեզ. մենք դուրս էինք եկել ընկճվածությունից և անհուսությունից դեպի հույսով լի ապագա։ Երբ վերջին արկղը ձեռքիս դուրս եկա այդ տնից, կանգ առա և ժպիտով ետ նայեցի. «Ո՛չ, ես չեմ կարոտելու քեզ։ Հիմա ես ավելի լավ տուն ունեմ»։ Անկասկած, մեր նոր տուն տեղափոխվելը անչափ ոգևորիչ էր։ Բայց լավագույնն այն էր, որ վերջապես մենք հանգիստ ունեինք։ Ես կարող էի մտածել իմ ապագայի մասին, ոչ թե միայն հաշիվներ փակելու։ Տարիներ շարունակ Նրա հանգստի մեջ ապրելը նման է երազանքի։ Մեր մեքենաների համար ֆինանսական պարտավորություններ չունենալը հանգիստ է։ Պարտքեր չունենալը հանգիստ է։ Քսանչորս հեկտար հողատարածքի վրա գտնվող մեր երազանքի տան համար ֆինանսական պարտավորություններ չունենալը հանգիստ է։ Ժպիտն իմ կնոջ դեմքին, երբ նա գնում է գնումներ կատարելու և ստիպված չէ անհանգստանալ փողի մասին, հանգիստ է։ Մեզ անհրաժեշտ ամեն ինչ ունենալուց բացի, այն, որ մենք ունենք բավականաչափ միջոցներ, որպեսզի տրամադրենք հարյուր հազարավոր դոլարներ մարդկանց կարիքները հոգալուն և Ավետարանը տարածելուն, հանգիստ է։ Բայց, հավանաբար, մեծագույն փոփոխությունն իմ կյանքում այն էր, որ ես ամեն օր ճնշում և վախ չէի զգում, ինչպես մեր ամուսնության սկզբնական տարիներին։ Երբ կարողանում եք երազել բարի բաների մասին, ոչ թե պարզապես ևս մեկ շաբաթ գոյատևելու, դա հանգիստ է։ Այո՛, այն օրը, երբ ես դնում էի վերջին արկղերը մեր մեքենայի մեջ՝ մեր նոր տուն տեղափոխվելու համար, միաժամանակ և՛ տխուր էր, և՛ ուրախ։ Բայց վստահե՛ք ինձ, այն հանգստի քաղցրությունը, որը Դրենդան և ես բացահայտեցինք, այնքան էր գերազանցում մեր անցյալի հիշողությունները թողնելու դառը մտքերը, որ մենք ասես կրկին երկու դպրոցական երեխաներ լինեինք. մենք միասին ծիծաղում և երազում էինք։ Ես գիտեմ, թե ինչ եք դուք մտածում. «Երանի՜ դա տեղի ունենար ինձ հետ։ Երանի՜ ես վերապրեի այդ ամենը՝ ծիծաղեի, երազեի և կարողանայի մտածել այլ բաների մասին՝ բացի հաշիվներ փակելուց»։ Թեև այս պահին, երբ նոր եք սկսել կարդալ այս գիրքը, միգուցե ձեզ համար դժվար լինի հավատալ, բայց ես հավաստիացնում եմ, որ այն, ինչ Դրենդան և ես բացահայտեցինք, նույնքան հասանելի է ձեզ։ Ես աղոթում եմ, որ կարդալով մեր պատմությունը, դուք խրախուսվեք և կիրառեք Աստծո օրենքներն ու սկզբունքները նաև ձեր կյանքում։ Իրականում, դա այդքան էլ դժվար չէ. դուք պարզապես պետք է բացահայտեք հանգստի զորությունը։
«Ինձ մոտ եկե՛ք, բոլոր վաստակածնե՛ր և բեռնավորվածնե՛ր, և Ես հանգիստ կտամ ձեզ։ Ձեզ վրա առե՛ք Իմ լուծը և Ինձնից սովորե՛ք, որովհետև Ես հեզ եմ և սրտով խոնարհ, և ձեր անձերի համար հանգստություն կգտնեք։ Որովհետև Իմ լուծը քաղցր է, և Իմ բեռը՝ թեթև»։ Մատթեոս 11.28-30
ԳԼՈՒԽ 1
ՀԱՆԳՍՏԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ
ՀԱՆԳԻՍՏ. դրված կամ պահված՝ որոշակի դիրքում մնալու համար. հանգստանալու, նաև եռանդուն կամ լարված գործունեությունը դադարեցնելու պահ կամ ժամանակահատված («Google»)։ Դուք հոգնա՞ծ եք։ Արդյո՞ք չափազանց զբաղված եք գրեթե ամեն օր և թվում է՝ երբեք ոչինչ չեք հասցնում։ Արդյո՞ք փողի կարիքն է դրդում ձեզ որոշել, թե որտեղ աշխատեք, ինչպես աշխատեք և որքան ժամանակ աշխատեք։ Արդյո՞ք թվում է, թե դուք երբեք չեք ազատվի պարտքերից։ Կամ՝ որ դուք ապրում եք այլաբանական առնետավազքի մեջ։ Եթե այո, դուք միայնակ չեք։ Դուք երբևէ տեսե՞լ եք մկան անիվ։ Համոզված եմ, որ այո, բայց եթե ոչ, դա անիվ է, որը դրվում է մկան վանդակի մեջ։ Կենդանին կարող է մտնել այդ անիվի մեջ և վազել ու վազել, մինչև հյուծվելը։ Այնուամենայնիվ, այդ անիվը մեկ խնդիր ունի. որքան արագ էլ այդ մուկը վազի, երբ նա ավարտի իր գործը և հոգնած ցած իջնի, կլինի ճիշտ նույն տեղում, որտեղից սկսել է։ Ոչ մի փոփոխություն տեղի չի ունենա։ Նա գոհ-գոհ կարող է սրբել իր փոքրիկ մորթյա դնչիկը, բայց չի կատարել ոչինչ՝ կյանքում իր դիրքը բարելավելու համար. նա դեռ փակված է վանդակում և ազատ չէ։ Այս վիճակը գրեթե ճշտորեն նկարագրում է շատերին, եթե ոչ՝ մարդկանց մեծ մասին, և նրանց ֆինանսական կյանքը։ Նրանք քրտնաջան աշխատում են ամբողջ շաբաթ և սպառված տրվում են կարճատև զվարճությունների շաբաթավերջին, բայց երկուշաբթի առավոտյան հայտնաբերում են, որ գտնվում են ճիշտ նույն տեղում, ինչ մեկ շաբաթ առաջ էր. նրանք ընդամենը գոյատևեցին ևս մեկ շաբաթ։ Իմ կյանքն այսպիսին էր ինը տարի շարունակ։ Ես տրամադրում էի աշխատանքին օրական 15-18 ժամ։ Ես աշխատասեր էի և քրտնաջան աշխատում էի, բայց այն բանից հետո, երբ տասանորդ էի տալիս, փակում էի հաշիվներս և հարկերս, այլևս ոչինչ չէր մնում։ Ես չէի կարողանում հոգալ իմ կարիքները, և աստիճանաբար, պարտքով գումար վերցնելու սովորություն ձեռք բերեցի՝ պարզապես գոյատևելու համար։ Երբ ֆինանսական ճնշումն ուժեղանում էր, ես ավելի ջանասիրաբար էի վազում, բայց ամեն ինչ անօգուտ էր։ Երբ կանգ էի առնում, որ գնահատեի իմ առաջընթացը, պարզվում էր, որ ես ընդամենը ետընթաց էի ապրում։ Իհարկե, այդ վիճակը հանգեցրեց ծանր հուզական հետևանքների։ Այն հուսալքությունը և վախը, որոնց հետ ես պայքարում էի ամեն օր, սկսեցին դանդաղորեն ազդել իմ մտքի և մարմնի վրա։ Ես խուճապի նոպաներ էի ունենում և սաստիկ վախ էի զգում. մարմինս դանդաղորեն կաթվածահար էր լինում։ Բժիշկները չէին հասկանում, թե ինչ էր կատարվում ինձ հետ։ Վախն այն աստիճան էր կլանել մտքերս, որ չգիտեի՝ ուզում եմ ապրե՞լ, թե՞ մահանալ։ Մի գրավատնից մյուսը գնալը և ազգականներից պարտքով գումար վերցնելը տևեց գրեթե ինը տարի։ Մենք այլևս ոչինչ չունեինք գրավատուն տանելու. իմ ինքնագնահատականից նույնպես գրեթե ոչինչ չէր մնացել։ Ես սպառված էի։ Գրեթե կորցրել էի ուրախությունս, նաև՝ հարգանքն իմ հանդեպ։ Պարտատերերը հերթով հայցեր էին ներկայացնում իմ դեմ, և հենց այդ ժամանակ տեղի ունեցավ հետևյալը։ Ինչպես միշտ, անհուսալի դրության մեջ էի, երբ ստացա այդ զանգը։ Այն նման էր իմ մշտական առավոտյան զանգերին. «Պարո՛ն Կիսի, ինչպես գիտեք, դուք պարտք եք մեր հաճախորդին։ Ե՞րբ եք պատրաստվում վճարել այդ գումարը։ Պարո՛ն Կիսի, վերջին մի քանի անգամը, երբ զանգեցի ձեզ, դուք ասացիք, որ... Եթե դուք չվճարեք այդ գումարը երեք օրից, իմ հաճախորդը դատական հայց կներկայացնի ձեր դեմ՝ այս պարտքի պատճառով։ Դուք հասկանո՞ւմ եք, պարո՛ն Կիսի։ Երեք օր... Հաջողությո՛ւն»։
Այդ զանգը նման էր ծանր հարվածի։ Այնպես չէր, որ ես չգիտեի, թե որքան սոսկալի էր իմ ֆինանսական վիճակը։ Ես փող չունեի։ Այն, ինչ պատկանում էր ինձ, անսարք էր։ Իմ սառնարանը դատարկ էր։ Իմ գեղեցիկ կինը քնում էր վառարանի կողքին, որպեսզի չմրսեր, քանի որ ես փող չունեի վառելիքի յուղ գնելու համար։ Ես չէի կարող դիմել ոչ ոքի։ Ընկերներս և ընտանիքիս անդամները հոգնել էին իմ փոխարեն շարունակ վճարելուց։ Շփոթված՝ դանդաղորեն բարձրացա աստիճաններով իմ ննջասենյակը և ընկա մահճակալիս վրա։ Սկսեցի լաց լինել և աղաղակել Աստծուն՝ օգնություն խնդրելով։ Ես զարմացա, թե որքան արագ Տերը խոսեց ինձ հետ։ Դա լսելի ձայն չէր, այլ այնպիսի ձայն, որը հանկարծ զորությամբ բարձրացավ իմ հոգուց դեպի իմ միտքը։ Առաջին հերթին Տերն ասաց ինձ, որ ոչ մի կապ չուներ այն խառնաշփոթի հետ, որի մեջ ես գտնվում էի։ Կարծում եմ՝ Նա ասաց դա, որովհետև ես մի փոքր շփոթված էի, թե ինչու Նա, իմ տեսանկյունից, չէր օգնել մեզ։ Մենք հրաշալի եկեղեցի էինք հաճախում, առատաձեռն էինք, երբ կարողանում էինք, և գրեթե միշտ տասանորդ էինք տալիս։ Փոխարենը, Նա ասաց, որ ես խառնաշփոթի մեջ եմ, քանի որ այդպես էլ չեմ սովորել, թե ինչպես է գործում Իր Թագավորությունը։ Նա ասաց, որ, ինչ վերաբերում է փողին, Իր Թագավորությունը չի գործում այնպես, ինչպես այս երկրային տիրույթը, և ես պետք է սովորեի ֆինանսներ տնօրինելու Իր Թագավորության համակարգը, եթե ցանկանում էի ազատ լինել։ Հիշում եմ, որ ներքև վազեցի, բռնեցի Դրենդայի ուսերից և պատմեցի նրան, որ Տերը հենց նոր խոսել է ինձ հետ, և որ Նրա պատասխանը Իր Թագավորությունն էր։ Իհարկե, մենք մի փոքր շփոթված էինք. մեր կարծիքով՝ մենք հասկանում էինք, թե ինչ է Նրա Թագավորությունը։ Ի վերջո, ինչպես ասացի, մենք հրաշալի եկեղեցի էինք հաճախում, երկուսս էլ սիրում էինք Աստծուն և գիտեինք, որ Երկինք ենք գնում։ Բայց շուտով մենք բացահայտելու էինք, որ գրեթե ոչինչ չգիտեինք Նրա Թագավորության և դրա օրենքների մասին։ Ես ոգեշնչված էի, որ Աստված խոսեց ինձ հետ, և որ Նա հայտնեց ինձ պատասխանը՝ Իր Թագավորությունը։ Ես դեռ պետք է հասկանայի, թե ինչ էր դա նշանակում, բայց դա խրախուսեց ինձ։ Իրականում, ես նույնիսկ գաղափար չունեի, թե ինչ Աստված նկատի ուներ «թագավորություն» բառով։ Ես դեռ պետք է բացահայտեի, որ այդ մեկ բառն իսկապես այն պատասխանն էր, որը Դրենդան և ես փնտրում էինք, և որին ձգտում էինք: