Ձեր ֆինանսական հեղափոխությունը. Մարտավարության զորությունը

(0)

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

«Ձեր ֆինանսական հեղափոխությունը. մարտավարության զորությունը» գիրքը երրորդն է «Ֆինանսական հեղափոխություն» գրքաշարում։ Դրանց ընդհանուր թիվը հինգն է։ Այս շարքում ներկայացված բոլոր գրքերը 2005 թվականին Ալբանիայում կայացած համաժողովի ընդլայնված տարբերակներն են։ Այս համաժողովի ժամանակ էր, երբ կյանքիս ընթացքը կտրուկ փոխվեց։ Եթե արդեն լսել եք այս պատմությունը, կարող եք ներածությունը բաց թողնել և կարդալ առաջին գլխից, բայց եթե չեք լսել, ուրեմն թույլ տվեք պատմել ձեզ «կապույտ մշուշի» մասին։ Գուցե հարցնեք, թե ինչ է դա։ Լիովին կիսում եմ ձեր զարմանքը։ Երբ այն տեսա, ես էլ չգիտեի, թե ինչ է դա, բայց Աստծո զորությունն այնքան ուժեղ էր, որ հասկացա, որ դա Աստծուց է։ Թույլ տվեք պատմել այդ պատմությունը։ Ես և կինս մեր ամուսնությունը սկսեցինք պարտքերի մեջ և ինը տարի շարունակ ապրում էինք պարտքերի մեջ։ Ոչ միայն պարտքերի, այլ նաև ֆինանսական խնդիրների հետ կապված խելացնորության հասցնող սթրեսի և վախի մեջ։ Թեև երբևէ մեր մտքով չէր անցել, որ ֆինանսապես կարող ենք կործանել մեր կյանքերը, բայց հենց այդպես էլ արեցինք։ Մենք սկսեցինք մի պարզ բենզինի վարկային քարտից, հետո մեկ վիզա քարտ ավելացավ, ապա՝ տասը վիզա քարտ։ Երբ չէինք կարողանում կատարել մեր վիզա քարտերի վճարում­ները, վարկային կազմակերպություններից վարկեր էինք վերցնում քսանութից մինչև երեսուներեք տոկոսադրույքով՝ վճարում­ները մեկտեղելու համար։ Բայց երբ դուրս էինք գնում և կրկին օգտագործում քարտերը, պարտքերը հետզհետե աճում էին։ Ի վերջո, արդյունքում ունեցանք վարկային սահմանաչափը գերազանցած և չեղարկված տասը քարտ, երեք վարկ ֆինանսական կազմակերպությունում, և պետական մարմինների կողմից հարկադիր բռնագանձման ենթակա տասը հազարավոր դոլարների պարտք, գումարած շատ այլ մանր-մունր պարտքեր։ Մենք պարտք էինք մեր ատամ­նաբույժին, քիմմաքրման ծառայությանը, հազարավոր դոլարներ՝ մեր ծնողներին, մեր երկու մեքենաների վճարումները, տան վարձավճարները... Կարելի է անվերջ շարունակել։ Այդ ժամանակ մեր ապրուստի գումարները գալիս էին կոմիսիոն վճարներից, և այդ սթրեսը, բառիս բուն իմաստով, սպանում էր ինձ։ Ես պարբերաբար խուճապի նոպաներ էի ունենում և հակադեպրեսանտներ էի օգտագործում, որոնք այդպես էլ օգուտ չէին տալիս։ Մեր ունեցած-չունեցած ամեն ինչն անսարք էր։ Երկու մեքենաների վազքն արդեն գերազանցում էր 200.000 մղոնը։ 1856 թվականին կառուցված մեր փոքրիկ ագարակային ոճի տնակը, որը վարձակալում էինք ամսական 300 դոլարով, քարուքանդ էր եղել։ Հին պատուհանների մեծ մասը կոտրվել էր, և քանի որ վերանորոգելու գումար չունեինք, ճաքերը փակում էինք կպչուն ժապավենով։ Բայց դա էլ օգուտ չէր տալիս։ Խաղողի ճյուղերը պատուհանի շրջանակի ճաքերից ներս էին մտնում։ Կինս՝ Դրենդան, դրանք պարզապես կտրատում, տեսքի էր բերում, և թվում էր, թե այն մեր տան ձևավորման մի մասն է կազմում։ Մեր տղաների սենյակի գորգը գտել էինք ճանապարհի կողքը գոյացած աղբակույտից, նրանց ներքնակները՝ ծերանոցից օտարված իրերի կույտից։ Կահույքի ամեն կտորը ձեռք էինք բերել ավտոտնակների դիմաց կազմակերպվող անպիտան իրերի վաճառքից, կամ էլ ինչ-որ մեկի աղբամանի մոտից։ Կյանքը բոլորովին վարդագույն չէ, երբ ամեն առավոտ արթնանում ու մտածում ես, թե ինչպես ես կերակրելու ընտանիքդ։ Ամբողջ կյանքս վախով էր պարուրված, իսկ ուրախությունը և հույսը խորտակվել էին գոյատևման քաոսի մեջ։ Դրենդան և ես այդպես ապրեցինք ինը տարի։ Ինը երկարատև տարիներ։ Մեկ ամիս դեռ կարելի է հասկանալ, վատագույն դեպքում՝ մեկ տարի, բայց ինը տարի՞... Այդպիսի սթրեսային տարիներից հետո զգացմունքներդ հօդս են ցնդում, իսկ համբերությունդ անհետանում է։ Այս ինը տարիների ընթացքում մենք քրիստոնյաներ էինք ու այցելում էինք մի հիասքանչ եկեղեցի։ Այնտեղ ուսուցանում էին, որ Աստված չի կամենում, որ իր ժողովուրդը աղքատ լինի։ Մենք տասանորդ էինք տալիս և զոհաբերություններ էինք անում, բայց մեր ֆինանսները ոչ մի կերպ չէին արտացոլում Աստծո հավատարմությունը և Աստծո Խոսքում ասվածը։ Ես Հին կտակարանի բակալավրի աստիճան ունեի, ինչպես նաև մեկ տարի աստվածաշնչյան դպրոց էի հաճախել։ Գիտեի, որ մի բան սխալ էր, բայց շարունակում էի հույսեր փայփայել, որ, ի վերջո, ամեն բան կկարգավորվի։ Բայց այդպես էլ ոչինչ տեղի չունեցավ։ Հարկահավաքները գրեթե ամեն օր զանգում էին, մինչ Դրենդան և ես գրեթե ամբողջությամբ կորցրել էինք մեր հույսը։ Միաժամանակ բժիշկներն ասում էին, որ ինձ մոտ առկա էին շաքարային դիաբետի բոլոր նախանշանները։ Առողջությունս բոլորովին տկարացել էր։ Գումար չկար, բոլոր վարկային քարտերը չեղարկվել էին, տանն էլ ուտելու բան չկար։ Վախն այնպես էր կեղեքում կյանքս, որ բառացիորեն վախում էի տնից դուրս գալ։ Կինս արդեն մտքում ծրագրել էր, թե ինչպես պետք է երեխաների հետ վերադառնա հայրական տուն, քանի որ կարծում էր, որ կորցնում է ամուսնուն։ Բայց այս անդունդի խորքում էր, որ իմ կյանքում շրջադարձ եղավ։ Մի իրավաբան անընդհատ զանգում էր ինձ, և ես շարունակ խոստանում էի կատարել նրա վճարումը, քանի որ հույս ունեի, թե կարող եմ անել։ Բայց վարձավճարը տալու համար գումարը այդպես էլ չէր լինում։ Այդ առավոտյան, երբ նա զանգեց, նրա համբերության բաժակն արդեն լցվել էր։ «Երեք օրվա ընթացքում գումարը պետք է բերեք այստեղ, հակառակ դեպքում ձեր դեմ դատական գործ կհարուցեմ»։ Միայն այդ պահին հասկացա, որ այլևս չեմ կարող ձևեր թափել։ Ես գումար չունեի, նույնիսկ իմ հայրական ընտանիքն այլևս ինձ պարտքով գումար չէր տալիս։ Ամբողջովին հուսահատ բարձրացա մեր տան երկրորդ հարկի ննջարան, ընկա մահճակալիս և աղաղակեցի Աստծուն։ Ի զարման ինձ, Նա անմիջապես պատասխանեց հոգուս ճիչին։ Սկզբում Աստված հիշեցրեց աստվածաշնչյան մի խոսք, որը շատ անգամ­ներ եմ լսել և կարդացել՝ Փիլիպեցիների 4.19. «Եվ իմ Աստված լրացնի ձեր բոլոր կարիքները՝ Իր փառավոր հարստության չափով Քրիստոս Հիսուսում»։ «Իհարկե, ես այդ խոսքը գիտեմ, - ասացի Տիրոջը և շարունակեցի, - բայց դա իմ կյանքում տեղի չի ունենում։ Իմ կարոտությունը, իմ կարիքները չեն լրացվում»։ Տերը պատասխանեց. «Ես քո կյանքի խառնաշփոթի հետ ոչ մի գործ չունեմ։ Դու հայտնվել ես այդ քաոսի մեջ, քանի որ երբեք չես հասկացել, թե ինչպես է գործում Իմ Թագավորությունը»։ Նա շարունակեց ու մի քանի բան ևս ասաց, բայց ես հասկացա ուղերձը. Նա չէր կամենում, որ իմ կյանքում պարտք ունենայի։ Թեև Աստծո ձայնը լսելուց ցնցված էի, բայց ստիպված էի ընդունել, որ ես չգիտեի, թե «Թագավորություն» ասելով, ինչ նկատի ուներ։ Ես Աստվածաշնչի իմացության բակալավրի աստիճան ունեի, և ինձ թվում էր, որ Աստվածաշունչը բավականին լավ գիտեմ։ Բայց, ակնհայտ էր, որ սխալվել եմ։ Այս խոսքերը լսելուց հետո առաջինը գնացի Դրենդայի մոտ և ապաշխարեցի նրա առջև այն ամեն խառնաշփոթի համար, որի մեջ ներքաշել էի բոլորիս։ Այդ ժամանակ երկուսս էլ աղոթեցինք Աստծուն և խնդրեցինք, որ սովորեցնի, թե ինչպես է գործում Իր Թագավորությունը։ Նաև ապաշխարեցինք, որ մեր հույսը պարտքերի վրա էինք դրել, և որոշում կայացրինք, որ այլևս պարտքից կախում չենք ունենալու։ Բայց, իրականում, թեև ես Աստվածաշնչյան իմացության գիտական աստիճան ունեի, ինձ համար «Թագավորությունն» առեղծված էր այդ պահին։ Միակ բանը, որ հիշում էի «Թագավորություն» բառի վերաբերյալ այն էր, որ այն օգտագործված էր Նոր կտակարանի Տերունական աղոթքում։ «Քո Արքայությունը գա, Քո կամքը լինի՝ ինչպես Երկնքում, այնպես էլ երկրի վրա» (Մատթեոս 6.10): Մենք իսկապես չէինք հասկանում, թե ինչ է Աստված փորձում ասել մեզ, բայց երբ սկսեցինք փնտրել Աստծո երեսը, Նա սկսեց սովորեցնել մեզ։ Առաջին բանը, որը պետք է պարզեինք, այն էր, թե ինչ է Թագավորությունը, և թե ինչու է Աստված օգտագործել այդ եզրույթը։ Ի՞նչ էր Նա փորձում սովորեցնել մեզ։ Որոշ ուսում­նասիրությունից հետո հասկացա, որ թագավորությունը պարզապես մեծաքանակ ժողովուրդը չէ. այն մեծաքանակ ժողովուրդ է, որն ապրում է կառավարության և թագավորության օրենսդրության ներքո։ Իրականում, թագավորություն բառը վերաբերում է հենց թագավորի տիրակալությանը։ Թագավորի տիրակալությունը կամ նրա իշխանությունն ու օրենքները կառավարության միջոցով գործի են դրվում յուրաքանչյուր քաղաքացու համար։ Այստեղ մի շատ կարևոր բացահայտում կար ինձ համար. Աստծո Թագավորությունը կառավարություն է, իսկ կառավարությունն օրենքներ ունի։ Հասկանո՞ւմ եք, ես Աստծուն նայում էի այնպես, ինչպես քրիստոնյաներից շատերն են նայում։ Ես սխալ պատկերացում ունեի, թե ինչ Նա կարող էր անել։ Կարծում էի, որ քանի որ Նա Թագավոր է, ուրեմն կարող է անել այն, ինչ ցանկանա և երբ ցանկանա։ Գիտեմ, գրքի այս հատվածում կարող եք ասել, որ սխալվում եմ, բայց թույլ տվեք շարունակել։ Քանի որ ես հավատում էի, որ Աստված կարող է անել այն, ինչ ցանկանա, և երբ ցանկանա, չպատասխանված աղոթքը ես համարում էի որպես Նրա կողմից մերժված խնդրանք։ Աղոթքի հանդեպ այս անորոշությունը ինձ թողնում էր միայն հուսալ, որ Նա կպատասխանի։ Ուստի, իմ աղոթքի կյանքի հիմ­նական ձևը ողորմություն խնդրելն ու աղերսելն էր, հուսալով, որ իմ խնդրվածքը լուրջ կհնչեր Աստծո ուշադրությունը գրավելու համար։ Բայց երբ Աստված սկսեց սովորեցնել, որ Իր ամբողջ Թագավորությունը մի կառավարություն է՝ Իր օրենքներով, որոնք մենք կարող ենք սովորել և օգտագործել, ես ոգևորվեցի։ Ես հասկացա, որ այն օրը, երբ ընդունել եմ Հիսուսին, ես դարձել եմ Նրա հզոր Թագավորության ժառանգը և քաղաքացին։ «Ուրեմն, այսուհետև այլևս օտար և պանդուխտ չեք, այլ՝ Աստծո ժողովրդի հետ համաքաղաքացիներ և Նրա ընտանիքի անդամ­ներ» (Եփեսացիների 2.19): Հիշում եմ, թե ինչ էի մտածում, երբ կարդում էի այս խոսքերը։ Ես օրինական իրավունքներ ունեմ Նրա Թագավորության մեջ։ Սրանից պարզ չի կարող լինել։ Որպես Միացյալ Նահանգների քաղաքացի՝ ես չպետք է խնդրեմ և աղերսեմ, որ ինձ տան այն, ինչը, որպես քաղաքացի, արդեն ինձ է պատկանում։ Չպետք է մարմ­նովս սարսուռ անցնի, որ ապացույց ունենամ, որ քաղաքացի եմ։ Ես այստեղ եմ ծնվել։ Եվ երբ վերստին ծնվեցի Աստծո Թագավորության մեջ, դարձա Նրա Թագավորության քաղաքացին։ Դա նշանակում է, որ յուրաքանչյուր օրենք և արտոնություն, որը գրված է Իր Թագավորության օրենքներով, իրավական հիմքով հասանելի է ինձ։ Իմ աշխարհը կտրուկ փոխվեց, երբ Աստված սկսեց ցույց տալ դա ինձ։ Ես և Դրենդան, ինչպես քրիստոնյաներից շատերը, չէինք հասկանում Թագավորությունը և Թագավորության օրենքները։ Իրականում, երբ ինչ-որ մեկը դժվարությունների առջև է կանգնում, քրիստոնյաների մեծ մասն այսպես է ասում. «Աստված թույլ է տալիս, Աստված ամենալավը գիտի, ամեն բան Աստծո ձեռքերում է, կամ՝ Աստված է տիրակալը»։ Այս դիտարկումները ցույց են տալիս, որ մարդիկ հավատում են, որ Աստված զորություն ունի պատասխան տալու, բայց չի կամենում, կամ էլ դեռ չի որոշել խառնվել։ Աստծո մասին նմանատիպ սխալ պատկերացում­ների պատճառն այն է, որ նրանք չեն ճանաչում Աստծո բնավորությունը կամ չեն հասկանում Աստծո Թագավորության գործելու սկզբունքները։ Թույլ տվեք պատկերավոր նկարագրել, թե ինչ նկատի ունեմ։ Եթե բանկում մեկ միլիարդ դոլար ունենայիք, կասեիք. «Ես մեկ միլիարդ դոլար ունեմ»։ Բայց փաստն այն է, որ դա ասելիս մեկ միլիարդ դոլարը ձեր գրպանում չէ։ Փոխարենը, մեկ միլիարդ դոլար ունեք ինչ-որ հաստատությունում, և այդ հաստատության կողմից սահմանված որոշակի իրավական գործընթացից հետո միայն կարող եք այդ գումարն ունենալ։ Աստծո Թագավորությունն էլ նույնն է։ Որպես քաղաքացի և որպես Աստծո ընտանիքի անդամ՝ մենք ժառանգներ ենք այն ամենի, ինչ Աստված ունի։ Բայց կան օրենքներ և գործընթացներ, որոնց միջոցով կարողանում ենք ձեռք բերել այն, ինչ արդեն իրավական հիմքով մեզ է պատկանում։ Քանի որ շատ մարդիկ չեն հասկանում Աստծո Թագավորությունը և այն գործընթացներն ու օրենքները, որոնց միջոցով այդ Թագավորությունը գործում է, երբ ինչ-որ բան այնպես չի պատահում, ինչպես Աստծո Խոսքն է ասում, նրանք եզրակացնում են, որ սխալը Աստծո կողմից է, և ոչ թե իրենց։ Ահա թե ինչ պարզեցի։ Պատկերացնենք, որ դուք որոշել եք ցատկել Էմփայր Սթեյթ Բիլդինգից, առանց օդապարիկի, առանց որևէ բանի, բայց վստահ եք, որ եթե ձեր ձեռքերը ջանասիրաբար թափահարեք, կարող եք ապահով իջնել։ Կարծում եմ, գիտեք, թե այդ հիմար հնարքի վերջն ինչ կլինի։ Արդյունքը պատկերացնում եք, քանի որ հասկանում եք, թե ինչ է ձգողականության ուժի օրենքը։ Երբ իմանում եք, որ ձգողականության ուժի օրենքը որևէ աչառություն կամ նախասիրություն չունի, և ամեն անգամ նույնկերպ է գործում, դուք հստակ պատկերացնում եք արդյունքը։ Նույնկերպ էլ, երբ միացնում եք լույսը, ակնկալում եք, որ լամպը պետք է վառվի, քանի որ հասկանում եք էլեկտրականության օրենքը։ Երբ օդանավով ճամփորդում եմ, ակնկալում եմ, որ օդանավը կթռչի, քանի որ հասկանում եմ աերոդինամիկայի օրենքը։ Օդանավերն ու լամպերը ամեն անգամ աշխատում են, որովհետև դրանց գործողությունները հիմնված են օրենքների վրա, որոնք կարելի է սովորել և կրկնօրինակել ամեն անգամ նույն արդյունքը և գործողությունը ստանալու համար։ Աստծո Թագավորությունն էլ գործում է ճիշտ նույն մակարդակով։ «Եվ սա է այն համարձակությունը, որ ունենք Աստծուն մոտենալիս, որ ինչ որ Նրա կամքի պես խնդրում ենք, լսում է մեզ։ Եվ եթե գիտենք, թե լսում է մեզ, ինչ էլ որ խնդրենք, գիտենք, որ առնում ենք այն, ինչը խնդրեցինք Նրանից»։ – Ա Հովհաննես 5.14,15 Սա է մեր վստահությունը։ Եթե մի բան խնդրենք Աստծո կամքի համեմատ, գիտենք, որ լսում է մեզ։ Եվ եթե գիտենք, որ լսում է մեզ, գիտենք, որ կստանանք այն, ինչ Նրանից խնդրում ենք։ Հասկանո՞ւմ եք։ Ես կարող եմ համոզված լինել վերջնական արդյունքի համար, քանի որ Թագավորն անձամբ է ստեղծել այդ օրենքը։ Ուրեմն հենց Նա էլ կանգնելու է սեփական օրենքի ետևում։ Երբ Աստծո Խոսքն ասում է, որ Նա լսում է մեզ, այստեղ չի խոսվում բառերը ականջով լսելու մասին, այլ, ավելի շուտ, ինչպես դատավորն է լսում հայցը՝ արդար վճիռ կայացնելու համար։ Դատավորը իր սեփական զգացմունքներով չի դատում, այլ անում է ամեն բան, որ օրենքը կիրառվի ի շահ թագավորության քաղաքացիների։ Դրենդան և ես նկատեցինք, որ մեր կյանքում ուշագրավ բաներ էին տեղի ունենում, երբ կիրառում էինք Թագավորության օրենքները։ Երկուսուկես տարի անց մենք լիովին ազատվեցինք պարտքերից։ ՄաքԴոնալդսի «Երջանիկ կերակուրը» (Happy Meal) երեք երեխաների միջև կիսելու վիճակից հասանք այն կետին, որ սկսեցինք կանխիկով վճարել նոր մեքենաների համար և մեր երազանքների տունը կառուցել 4000մ2 հողակտորի վրա, որի համար արդեն իսկ վճարել էինք։ Մենք ընկերություններ հիմ­նեցինք, որոնք դեռ տարիներ անց հարյուր հազարավոր դոլարների տարեկան շահույթ են ապահովում։ Հետո մեր քաղաքում եկեղեցի հիմ­նեցինք, որպեսզի մարդկանց փոխանցենք այն, ինչ բացահայտել ենք Աստծո Թագավորության մասին։ Եվ պարզեցինք, որ շատ ու շատ մարդիկ են ցանկանում իմանալ, թե ինչ ենք բացահայտել, և թե ինչպես կարելի է ապրել այն գեղեցիկ կյանքը, որն Աստծո Թագավորությունն է առաջարկում։ Արքայության բարի լուրի շնորհիվ, եկեղեցին աճեց. անդամ­ների թիվը բազմապատկվեց։ Թեև գրեթե ամեն օր Աստծո Թագավորության մասին էի ուսուցանում նրանց, ովքեր ցանկանում էին լսել, բայց փափագում էի այն փոխանցել մարդկանց մի այնպիսի խմբի, ովքեր այս փորձառության մասին երբեք չէին լսել։ Ես գիտեի, որ մարդկանց կյանքերում Աստծո Թագավորության մասին պատկերացում­ները փոխելու և Թագավորության հիմունքները փոխանցելու համար մեկանգամյա հանդիպում­ները բավական չէին լինի։ Ինձ թվում էր, որ մեթոդիստական եկեղեցու իմ փորձառությունից ծնված գաղափարը պետք է որ գործեր։ Երբ երիտասարդ էի, մենք մեկ շաբաթ տևողությամբ արթնության երեկոներ էինք կազմակերպում։ Ես երազում էի նաև մեկ շաբաթյա ֆինանսական արթնության երեկոներ կազմակերպելու մասին, եթե կարելի է այդպես ասել։ Պատկերացնում էի, որ հինգ օր անընդմեջ հավաքույթներ ենք անցկացնում։ Ես երբեք Արքայության մասին տող առ տող չէի սովորեցրել, և չէի էլ պատկերացնում, թե ինչպես պետք է դա գլուխ բերեմ։ Բայց ինձ հետաքրքրում էր, թե հինգ հաջորդական ուսուցողական այդ հավաքույթները ինչպիսի ազդեցություն էին ունենալու լսողների վրա։ Ես սկսեցի աղոթել այդպիսի հավաքույթներ անցկացնելու համար և խնդրեցի Աստծուն, որ այն իրագործելու հնարավորություն ստեղծի։ Իմ պահանջը միայն այն էր, որ պետք է սովորեցնեի մարդկանց այնպիսի խմբի, ովքեր դրա մասին նախկինում չէին լսել։ Մի օր պատահաբար հանդիպեցի իմ ընկերներից մեկին, ով Ալբանիայում միսիոներ էր։ Զրույցի ընթացքում շոշափեցինք եկեղեցուն և ծառայություններին վերաբերող տարբեր հարցեր և, ի վերջո, զրույցն ընթացավ այն ուղղությամբ, ինչ Աստված էր ցույց տվել։ Լարին պատրաստվում էր աշնանը Ալբանիայում համազգային համաժողով կազմակերպել և ինձ էլ առաջարկեց լինել քարոզիչներից մեկը։ Ես նրան չասացի հինգ հաջորդական հավաքույթներ ունենալու իմ ցանկության մասին, բայց ոգևորվեցի, երբ ասաց, որ այնտեղ կարող եմ երեք հավաքույթ անցկացնել։ Նա նաև նշեց, որ պետք է ինքս հոգայի իմ ճամփորդական ծախսերը, նաև մի քանի այլ հովիվերի, ովքեր ցանկանում էին մասնակցել, քանի որ Ալբանիան այդ ժամանակ շատ աղքատ էր։ Ես համաձայնեցի և սկսեցի ծրագրավորել իմ ճամփորդությունը դեպի Ալբանիա 2005 թվականի աշնանը։ Ի վերջո ուղևորության օրը եկավ, և ես այնքան ուրախ էի, որ կարողանալու եմ Աստծո Թագավորության մասին սովորեցնել մարդկանց այնպիսի մի խմբի, ովքեր դեռ նոր էին սովորում, թե ինչ է նշանակում լինել քրիստոնյա։ Երբ հասա Ալբանիա, Լարին դիմավորեց ինձ օդանավակայանում և ասաց, որ քարոզիչներից մեկը հրաժարվել է գալ, և ես պետք է հինգ հավաքույթ վարեմ։ Հասկանում էի, որ Սուրբ Հոգին էր հոգ տարել դրա մասին։ Ես երեք հավաքույթի համար էի նյութեր պատրաստել, բայց արագ աղոթեցի և մյուս երկուսի համար էլ պատրաստեցի։ Ինձ անհանգստացնում էր այն փաստը, թե մարդիկ ինչպես կարձագանքեին, քանի որ աղքատությունը և կոռուպցիան համատարած էր այդ երկրում։ Առաջին հավաքույթի ժամանակ նրանք փոքր-ինչ կաշկանդված էին, բայց երբ շարունակեցի սովորեցնել այն, ինչ Աստված էր ինձ սովորեցրել, մեջբերելով իմ ուսուցանածը փաստող պատմություններ, մարդիկ հետզհետե ոգևորվում էին։ Արդեն չորրորդ հավաքույթի ժամանակ նրանք ծիծաղում էին և այնքան ուրախությամբ էին ընդունում լսածը, որ ոմանք նույնիսկ աղաղակում էին։ Տարօրինակ էր, բայց ես զգացի, որ Աստված ասում է, որ հինգերորդ հավաքույթի ժամանակ զոհաբերություն հավաքեմ։ Ինչո՞ւ եմ ասում «տարօրինակ», որովհետև հավաքույթին մասնակցող շատ մարդկանց համար անձամբ ես էի վճարել, և գիտեի, որ կա՛մ շատ քիչ գումար ունեին, կա՛մ էլ ընդհանրապես չունեին։ Բայց ուսուցանելու ընթացքում հասկացա, որ մարդիկ պետք է իրենց լսածը գործի դնեն։ Մի փոքր կաշկանդվում էի այդ մասին ասել Լարիին, սակայն, նա վճռականորեն ասաց, որ հենց այդպես էլ անեմ և զոհաբերություն հավաքեմ։ Անշուշտ, ես զոհաբերությունը ինձ համար չէի հավաքում. զոհաբերությունը պետք է մնար Ալբանիայում՝ ի շահ ալբանական եկեղեցիների։ Ահա եկավ վերջին հավաքույթի օրը։ Ես սովորեցնում էի, թե ինչպես պետք է ազատ արձակել հավատքը՝ ընդգծելով որոշ օրենքներ, որոնց մասին արդեն ուսուցանել էի։ Ծառայության վերջում, երբ հավաքեցի զոհաբերությունը, ամեն բան փշրվեց։ Մարդիկ սկսեցին աղաղակել ու պարել, քանի որ Աստծո օծությունը տարածվել էր սրահով մեկ։ Առջևում չորս մարդ էր կանգնած՝ զամբյուղները ձեռքներին։ Նրանք հազիվ էին ոտքի վրա մնում. լացում ու ցնցվում էին Աստծո ներկայությունից, երբ մարդիկ բերում էին իրենց զոհաբերությունները։ Ես երբեք նմանատիպ հավաքույթ չէի տեսել, հատկապես գումար հավաքելու ժամանակ։ Հավաքույթից դուրս գալուց հետո ես և Լարին խոսում էինք, թե ի՜նչ հզոր օծություն էր, և թե որքա՜ն զարմանալի էր մարդկանց արձագանքն այդ գիշեր։ Երբ տուն հասանք, Լարին անհամբեր ուզում էր հաշվել գումարները, քանի որ մինչ այդ երբեք երկու պայուսակ լի կանխիկ գումար (որպես զոհաբերություն) չէր հավաքվել։ Սովորաբար պայուսակի մեկ քառորդն էր լցվում կիրակնօրյա զոհաբերությունների ժամանակ։ Երբ նա պայուսակների պարունակությունը դատարկեց հյուրասենյակի սեղանին, հանկարծ սենյակը լցվեց «կապույտ մշուշով», մեզ այնպիսի մի օծություն պատեց, որի նմանը երբեք չէի զգացել։ Մենք գամվել էինք աթոռներին և ոչինչ չէինք կարողանում անել։ Երբ նայեցի մեր առջևի սեղանին դրված գումարների կույտին, հենց մեջտեղում նկատեցի մի ամուսնական մատանի։ Հասկացա, որ դա տվել է մի մարդ, ով գումար չի ունեցել, բայց իր ունեցածն է տվել։ Մատանին տեսնելուն պես Տերը խոսեց. «Ես կանչում եմ քեզ դեպի ազգերը՝ սովորեցնելու ֆինանսական օրհնության Իմ ուխտի մասին, և ուր որ գնաս, Ես կվճարեմ»։ Ես լիովին կորցրել էի ինձ։ Երեք օր չկարողացա քնել։ Այդ միջադեպից դեռ մի քանի շաբաթ անց դեռ ինձ վրա զգում էի նույն օծությունը։ Եվ երբ մեկ այլ երկրից ինչ որ մեկին էի հանդիպում, այդ օծությունը կրկին զգացվում էր։ Զոհաբերությունը մնաց ալբանական եկեղեցիներին, սակայն երբ արդեն տուն հասա, Լարին զանգեց ինձ և ասաց, որ Տերն ասել է իրեն, որ մատանին ինձ ուղարկի։ Ես ցնցված էի։ Ոչինչ չէի ասել Լարիին մատանին վերցնելու իմ ցանկության մասին, բայց նա լսել էր դա Աստծուց և մատանին ուղարկել էր ինձ։ Ես ուզում էի, որ այդ մատանին ամեն ժամանակ հիշեցնի այն, ինչ Տերն ասել էր։ Եվ այսօր էլ այն փակցված է իմ պատին։ Երբ վերադարձա տուն՝ Օհայո, Լարիի հովիվ ընկերներից մեկը, ով հովվում էր Յուտա նահանգի եկեղեցիներից մեկը, լսել էր Ալբանիայում կատարվածի մասին և զանգեց ինձ։ Նա խնդրում էր, որ այցելեմ իր եկեղեցի։ Նա հովվում էր հնդկացիական մի տարածքում և ասաց, որ մարդիկ այնտեղ շատ աղքատ են։ Նրա եկեղեցում ընդամենը 60 մարդ կար, բայց նրան ասացի, որ դա ինձ համար նշանակություն չունի, և ես կգնամ։ Ալբանիայի այն հինգ ուսուցողական հավաքույթներն այնտեղ անցկացրի։ Այստեղ «կապույտ մշուշ» չտեսա, բայց օծությունը կրկին հզոր էր։ Այս անգամ զոհաբերությունը իմ սեփական ծառայության համար էր, այդ իսկ պատճառով ես կանխիկի պայուսակը փակեցի և ինձ հետ բերի Օհայո։ Երբ հասա գրասենյակ, պայուսակս հանձնեցի քարտուղարուհուս, որ հաշվի և մուտքագրի հաշվիս, իսկ ես գնացի ճաշելու։ Ճաշի ժամին, բջջային հեռախոսս զանգեց. քարտուղարուհուս հեռախոսահամարն էր։ Երբ պատասխանեցի, մյուս կողմում ոչ ոք չէր խոսում։ Արդեն պատրաստվում էի անջատել, ինձ թվաց, որ ինչ-որ մեկը լացում է։ «Թրե՛յսի», - ասացի ես։ Թրեյսին պատասխանեց՝ փորձելով կառավարել զգացմունքները։ Նա ասաց. − Հովի՛վ, այս գումարների հետ Յուտայում ի՞նչ է կատարվել։ − Ի՞նչ նկատի ունես։ − Երբ բացեցի պայուսակը և պարունակությունը դատարկեցի սեղանին, որ հաշվեմ, հանկարծ Աստծո այնպիսի օծություն իջավ, որ ես ընկա։ Մյուս քարտուղարուհին էլ լսեց ընկնելու ձայնը և դուրս եկավ սենյակից, որ տեսնի՝ ինչ է կատարվում։ Աստծո զորությունը նույնկերպ իրեն էլ հարվածեց։ Հովի՛վ, ի՞նչ է կատարվել այս գումարների հետ Յուտայում։ Ես նրան պատմեցի Յուտայում կատարվածը, և թե որքան հզոր օծություն է եղել զոհաբերություն հավաքելու ժամանակ։ Բայց դրանից բացի ուրիշ բան տեղի չէր ունեցել։ Անկեղծ ասած ինձ շատ հետաքրքրեց կատարվածը, քանի որ ես երբեք նման բան չէի լսել և չէի տեսել։ Թեև չէի հասկանում, սակայն ակնհայտ էր, որ հավաքույթի օծությունը գումարների վրա էր։ Իսկապե՜ս։ Մենք սկսեցինք, այսպես ասած, ֆինանսական հեղափոխության համաժողովեր անցկացնել երկրով մեկ, մեծ ու փոքր եկեղեցիներում, ցանկացած վայրում, որտեղ մեզ կլսեին։ Թեև «կապույտ մշուշը» որոշ դեպքերում էր հայտնվում, միևնույն է, օծությունը շատ հզոր էր։ Ինչպես Ալբանիայի և Յուտայի հնդկական եկեղեցիների ժամանակ էր, օծությունը իջնում էր հենց զոհաբերության վրա։ Ես նկատում էի, որ ամեն անգամ հավաքույթից հետո, երբ զոհաբերության գումարները հաշվում էին, երբ ձեռքումդ զոհաբերությունից մի մետաղադրամ էիր պահում, սկսում էիր Սուրբ Հոգու զորությունից ցնցվել։ Մեկ ուրիշ հետաքրքրական բան էլ նկատեցինք, որ ամեն թղթադրամը կամ չեկը տարբերվում էր։ Ամեն մեկը նույն օծությունը չուներ։ Ես հետո հասկացա, որ դրա պատճառը մարդկանց կողմից զոհաբերության վրա տարբեր չափի հավատքի արձակումն էր։ Անհավանակա՜ն է։ Հինգ գրքից բաղկացած «Ձեր ֆինանսական հեղափոխությունը» գրքաշարը ամփոփ ներկայացնում է առաջին անգամ Ալբանիայում կայացած հինգ հավաքույթները։ Անշուշտ, գրքերը մի փոքր ավելի ընդարձակ են, քան առաջին համաժողովը։ Ես վստահ եմ, որ երբ իմ ու Դրենդայի նման սկսեք ուսում­նասիրել Թագավորությունը, դուք էլ ամեն ինչին այլ կերպ կնայեք, ինչպես մենք էին անում։ Այս գիրքը, որը երրորդն է գրքաշարում, սկզբում կոչվում էր «Հարստություն Սուրբ Հոգուց»։ Ես կարծում եմ, որ այս արտահայտությունը դեռ այսօր էլ ճշմարիտ է։ Սուրբ Հոգուց ներշնչված մարտավարությունը ձեզ կտանի բարգավաճման։ Հուսով եմ, որ այս գրքի միջոցով կիմանաք, թե ինչպես է Սուրբ Հոգին գործում այս երկրային աշխարհում՝ իրականություն դարձնելով այդ մարտավարությունները։ 

 

ԳԼՈՒԽ 1

Ի՞ՆՉ ԵՍ ՈՒԶՈՒՄ, ՈՐ ԱՆԵՆՔ

Երբ առաջին անգամ Ալբանիայից տուն եկա, ամեն ինչ խառնաշփոթի մեջ էր։ Այն, ինչ Աստված արել էր մեր կյանքում, միաժամանակ կարգադրելով, որ այս հայտնությունը հասնի տարբեր ազգերի, մի փոքր շփոթեցնող էր։ Ազգե՞ր։ Երկրնե՞ր։ Երբ ես և Դրենդան նոր էինք ամուսնացել, ես նրան ասացի, որ երբեք չեմ ճամփորդելու, և երբեք չեմ ցանկացել այլ երկրներ միսիոներության գնալ։ Բայց, անշուշտ, Աստված այլ ծրագրեր ուներ։ Ես պետք է գնայի տարբեր երկրներ, բայց ինչպե՞ս։ Իմ բիզնեսն այնքան էր մեծացել, որ տարածվել էր գրեթե ամբողջ Միացյալ Նահանգներով։ Ես ունեի եկեղեցի, որը պետք է հովվեի, ընտանիք, որի համար պետք է հոգ տանեի, և բազում պատասխանատու գործեր։ Ես պարզապես չէի տեսնում, թե ինչպես կարող եմ գնալ այլ երկրներ։ Բայց Աստված ծրագիր ուներ։ Մի ծրագիր, որն իսկապես ինձնից չէր պահանջում ճամփորդել։ Մի ծրագիր, որը նույնիսկ մտքովս չէր անցնում, ոչ էլ կցանկանայի դիտարկել. այդ ծրագիրը հեռուստատեսությունն էր։ Ես և Դրենդան հեռուստատեսությունից բացարձակապես բան չէինք հասկանում։ Այդ ժամանակ մեր եկեղեցական հավաքույթները նույնիսկ չէինք էլ տեսագրում։ Բայց Աստված մեզ ցույց տվեց, թե ինչ ժամանակներ են գալու, և թե ինչպես պետք է վարվենք։ Եվ կարծես մի բան ստիպում էր մեզ խորամուխ լինել հեռուստատեսության մեջ։ Հասկացածս առաջին բանն այն էր, որ հեռուստատեսություն ունենալու համար բավականաչափ գումարներ են անհրաժեշտ։ Բոլոր հաշվարկներն անելուց հետո պարզեցինք, որ առաջին տարում հեռուստատեսություն գործարկելու համար 300.000 դոլար է անհրաժեշտ։ Ինչ խոսք, կարկամել էի հեռուստատեսության թանկ լինելու գաղափարից։ Ամենամեծ խնդիրն այն էր, որ եկեղեցին արդեն իսկ առավելագույնս օգտագործում էր իր ֆինանսական միջոցները, քանի որ սկսել էինք «Նաու Սենթր» կենտրոնի ծառայության ուսում­նական մասի շինարարությունը, և հեռուստատեսության համար վճարելու լրացուցիչ գումար չէր մնում։ Եվ Տիրոջը հենց այդպես էլ ասացի, որ հիմա հեռուստատեսությունը գործարկելու համար ֆինանսներ չկան։ Հիշում եմ, Նա համաձայնեց և ասաց, որ ես և Դրենդան պետք է վճարենք դրա համար։ Ասելով, որ մի փոքր շփոթվեցինք, թերագնահատած կլինեմ մեր վիճակը, հատկապես այն պատճառով, որ մենք վեց-յոթ միլիոն դոլար արժողությամբ եկեղեցու շինարարության ծրագրի հենց մեջտեղում էինք։ Հավատացե՛ք, «Նաու Սենթրի» ծրագիրը ինքնին մեծ հավատք էր պահանջում և խլում էր բոլոր միջոցները, որ գալիս էին։ Ես և Դրենդան խոստացել էինք նաև 250.000 դոլար նվիրաբերել նախագծին, իսկ այդ ժամանակ ամբողջ գումարը դեռ չունեինք։ Եվս 300.000 միևնույն տարում, անհնարին էր թվում։ Ես գիտեի, որ այս իրավիճակը Աստծուց էր, և Նրա խոստումը, որ ուր էլ ուղարկի, գումարը Ինքն է մատակարարելու, դեռ արձագանքում էր հոգումս։ Բայց, միևնույն ժամանակ, ինչպես էլ փորձում էի թվերը դասավորել, անհնար էր, որ ես ու Դրենդան կարողանայինք, ի հավելումն մնացածին, 300.000 դոլար վճարել։ 

Վարկանիշներ

0 reviews
keyboard_arrow_up