ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Երբ Աստված Դրենդային և ինձ կանչեց հեռուստատեսային գործունեություն ծավալելու, պետք է խոստովանեմ, որ դա ամենահեռու բանն էր, որ մտքովս կարող էր անցնել: Ես նոր էի վերադարձել Ալբանիայից, որտեղ հինգ հավաքույթ էի անցկացրել Աստծո Թագավորության թեմայով և պատմել, թե ինչպես Դրենդան ու ես ազատվեցինք պարտքերից՝ հետևելով Թագավորության օրենքներին: Եթե կարդացել եք իմ նախորդ գրքերը, հավանաբար կհիշեք, թե ինչպես էր միսիոների հյուրասենյակը լցվել Աստծո փառքի կապույտ մշուշով այն գիշեր, երբ անցկացրինք վերջին հավաքույթը: Այնտեղ էր, որ Տերը խոսեց ինձ հետ. «Ես կանչում եմ քեզ դեպի ազգերը, որպեսզի սովորեցնես մարդկանց ֆինանսական օրհնության Իմ ուխտը: Եվ ուր էլ քեզ ուղարկեմ, Ես կվճարեմ»: Այդ գիշեր իմ կյանքը փոխվեց: Սակայն, ես գաղափար չունեի, թե ինչ նկատի ուներ Տերը այս խոսքերով. «Ես կանչում եմ քեզ դեպի ազգերը»: Ինչպես պարզելու էի, հեռուստատեսությունը լինելու էր այն միջոցը, որ Տերն արդեն ուներ Իր մտքում: Հիշեցնեմ, դա այն չէր, որ ես կմտածեի կամ, նույնիսկ, երբևէ կցանկանայի անել: Բայց մեկ բան հաստատ գիտեի. ես փափագում էի օգնել մարդկանց՝ բացահայտելու այն, ինչ բացահայտել էինք Դրենդան ու ես, այսինքն՝ Աստծո Թագավորությունը: Ինը տարի շարունակ ես ապրել եմ պարտքերի ծանր բեռի տակ, ունեցել ամեն տեսակի արգելանքներ և պայքարել խուճապի տանջող նոպաների դեմ: Բժշկի նշանակած հակադեպրեսանտներն ինձ չէին օգնում: Ես հայտնաբերեցի, որ մեկուսանում էի կյանքից, և վախի խավարը կարծես նվաճում էր մտքերս: Վախն այնպես էր տիրել ինձ, որ նույնիսկ վախենում էի տնից դուրս գալուց, ինչն ակնհայտորեն վատ էր անդրադառնում իմ աշխատանքի վրա: Մենք արագորեն գահավիժում էինք դեպի սնանկություն, և ես կարծես անզոր էի դա կանխելու համար: Ամոթը դարձել էր ապրելակերպ, և ես ինձ անհաջողակ էի զգում: Ամենից շատ անհաջողակ էի զգում իմ հիասքանչ կնոջ և երեխաների առջև: Այդ տարիներին, բացի նրանից, որ չէի ապահովում այն գումարները, որ մեզ անհրաժեշտ էին, ես հեռու էի նաև լավ հայր կամ ամուսին լինելուց: Մենք ապրում էինք 1850-ական թվականներին կառուցած մի հին գյուղական տանը, որտեղ ամեն բան անսարք էր: Պատուհաններն ամրացված էին կպչուն ժապավեններով: Հատակի գորգը բերված էր աղբանոցից: Տղաները քնում էին ծերանոցի դեն նետած ներքնակների վրա: Մեքենաները, որ վարում էինք, խայտառակություն էին: Մենք մշտապես ստանում էինք տուգանքների մասին ծանուցող հեռախոսազանգեր իրավաբաններից և բազմաթիվ քարտային ու վարկային կազմակերպություններից, որոնց գումարներ էինք պարտք: Ես անհույս էի. այո՛, ես քրիստոնյա էի, որը սիրում էր Աստծուն: Ես հաճախում էի եկեղեցի և մկրտված էի Սուրբ Հոգով: Ունեի Հին կտակարանի բակալավրի աստիճան և ավարտել էի մեկամյա աստվածաշնչյան դպրոցը, սակայն ինչ-որ բան սխալ էր, սարսափելիորեն՝ սխալ: Հուսահատության մեջ, մի օր աղաղակեցի Աստծուն, և Նա անմիջապես պատասխանեց: Այնպես չէր, որ այդ ինը լարված տարիներին ես չէի աղոթել. անշուշտ, աղոթել էի: Բայց այս անգամ գիտեի, որ պիտի լսեմ: Մինչև այդ պահը մշտապես մտածում էի, որ կարող եմ ինքնուրույն դուրս գալ այն ֆինանսական հորից, որ ինքս էի փորել՝ իմ ուժերով ինչ-որ բաներ անելով: Բայց այդ առավոտ հասկացա, որ այլևս անզոր էի: Ես պարտք էի վերցրել բոլոր ընկերներից, տասնյակ հազարավոր դոլարներ պարտք էի ծնողներիս, և սպառվել էին կրկին վարկեր վերցնելու բոլոր միջոցները:Երբ այդ առավոտյան աղոթեցի, հուսահատված էի, սակայն, ի զարման ինձ, շատ արագ լսեցի Նրա պատասխանը: Հոգումս լսեցի, թե ինչպես Նա մեջբերեց Փիլիպեցիների 4.19-ը (NIV). «Եվ իմ Աստված լրացնի ձեր բոլոր կարիքները Իր փառքի հարստության չափով՝ Քրիստոս Հիսուսում»: Ես ասացի Տիրոջը. «Տե՛ր, ես գիտեմ այդ խոսքը, բայց չեմ տեսնում, որ դա իրականանում է իմ կյանքում»: Նա կրկին խոսեց՝ ասելով, որ ես այդ խառնաշփոթի մեջ էի, քանի որ երբեք չէի սովորել, թե ինչպես է Նրա Թագավորությունը գործում: Ես չգիտեի, թե ինչ նկատի ուներ Նա, բայց Դրենդայի հետ վճռեցինք պարզել: Առաջին սուրբգրային խոսքերից մեկը, որ Աստված ցույց տվեց մեզ, Ղուկասի 6.20-ն էր. «Եվ Նա Իր աչքերը դեպի Իր աշակերտները բարձրացրեց և ասաց. «Երանի՜ աղքատներիդ, որ ձերն է Աստծո Արքայությունը»»: Մեր պատասխանն Աստծո Թագավորությունն էր: Կրկնեմ, մենք իսկապես գաղափար չունեինք, թե ինչ Նա նկատի ուներ, բայց գիտեինք, որ պետք է պարզեինք դա: Քիչ հետո ավելի շատ կխոսենք Թագավորության մասին, բայց թո՛ւյլ տվեք ասել, թե արդյունքում ինչ եղավ: Սուրբ Հոգին Աստվածաշնչում սկսեց ցույց տալ բաներ, որոնք մինչ այդ երբեք չէինք նկատել: Կիրառելով այն, ինչ Տերը սովորեցնում էր մեզ Թագավորության մասին՝ երկուսուկես տարում կարողացանք լիովին ազատվել պարտքերից: Սկսեցինք կանխիկով վճարել մեր մեքենաների համար և կանխիկ գումարով գնեցինք 22 հեկտար հողատարածք՝ գեղեցիկ փշատերև անտառներով ու ճահճուտներով, որտեղ կարող էի որսորդություն անել և մաքուր օդում մեծացնել երեխաներիս: Եվ իմ կյանքի մեծագույն ուրախությունն էր տեսնել, թե ինչպես էր Դրենդան նախագծում և կառուցում իր երազանքի տունը, որը նույնպես ձեռք բերեցինք առանց պարտքերի: Այն ամենից հետո, ինչի միջով անցա, և այն բանից հետո, երբ տեսանք, որ Աստծո Թագավորությունը գործում է, ինչպես որ այն գործեց մեր կյանքում, մենք սկսեցինք ամեն օր ապրել տոնախմբության մեջ: Իրականում, տոնախմբությունը չի ավարտվել: Մենք շարունակում ենք ամեն օր ցնծալ Թագավորությամբ: Կար ժամանակ, երբ փորփրում էինք բազմոցի բարձերի տակ՝ հույս ունենալով գտնել տասը ցենտանոց մետաղադրամեր, որոնցով կկարողանայինք «Ուրախ ճաշ» գնել մեր երեխաների համար: Այժմ մենք ազատ ենք պարտքերից և կարող ենք հարյուր հազարավոր դոլարներ ներդնել Ավետարանի տարածման գործում. այս ամենն, անշուշտ, առիթ է տոնախմբության: Դրենդան ու ես մեծ փափագ ունենք պատմելու մարդկանց Աստծո զարմանահրաշ Թագավորության մասին: Սա էր պատճառը, որ առաջին հերթին ես գնացի Ալբանիա: Ինչպես նշեցի, երբ Աստված Ալբանիայում խոսեց ինձ հետ ազգերի մեջ մտնելու մասին, ես շփոթվեցի: Ի՞նչ էր դա նշանակում: Այդ ժամանակ Դրենդայի հետ հովվում էինք այն եկեղեցին, որը հիմել էինք տասը տարի առաջ: Արդյո՞ք պետք է հանձնեի հովվությունը և սկսեի ճանապարհորդել: Աստծո կողմից սահմանված ծանոթությունների լաբիրինթոսի միջով անցնելով՝ Դրենդան ու ես ծանոթացանք հեռուստատեսային գործունեությամբ զբաղվող մարդկանց և հեռուստաարտադրող ընկերությունների հետ: Ես չէի փնտրում նրանց. Աստված էր դնում նրանց մեր ճանապարհին: Կրկնեմ, ես բոլորովին հետաքրքրված չէի հեռուստատեսային գործունեությամբ, բայց հիշեցի մի տեսիլք, որ տեսել էի տարիներ առաջ: Եկեղեցական ծառայություններից մեկի ժամանակ, աղոթքի մեջ, հանկարծ Տերը ցույց տվեց, որ ես զբաղվելու եմ ռադիոհեռուստատեսային գործունեությամբ: Ես շատ չմտածեցի դրա վերաբերյալ, քանի որ իսկապես հետաքրքրված չէի դրանով, սակայն այդ տեսիլքը գրավեց իմ ուշադրությունը, և ես Դրենդային պատմեցի դրա մասին: Կարճ ասած՝ Աստված զարմանահրաշ դռներ բացեց և ծանո-թացրեց հիանալի մարդկանց հետ, որոնք քաջալերեցին մեզ հեռուստատեսային գործունեություն ծավալել, թեև ոչինչ չգիտեինք հեռուստատեսության մասին: Եվ երբ ասում եմ՝ ոչինչ, նկատի ունեմ՝ ոչինչ: Բայց մենք զգում էինք, որ պետք է շարունակենք հետևել նրան, ինչ Աստված ցույց էր տալիս: Մենք չունեինք սարքավորումեր և նույնիսկ չգիտեինք, թե ինչ սարքավորումեր են անհրաժեշտ հեռուստատեսային հաղորդումեր պատրաստելու համար, բայց մարդիկ, որոնց հետ Աստված մեզ ծանոթացրեց, գիտեին: Ի վերջո, մենք հասանք այն կետին, որ պետք է որոշում կայացնեինք: Մի հեռուստաարտադրող ընկերություն առաջարկեց մեզ պայմանագիր՝ զեղչված սակագնով հեռուստատեսային արտադրանք թողարկելու համար: Հաշվարկելով եթերաժամանակը և բոլոր ծախսերը՝ պարզեցինք, որ հեռուստատեսություն սկսելու համար մեզ անհրաժեշտ կլիներ շուրջ 300.000 դոլար: Դա մի գումար էր, որ մենք չունեինք այդ ժամանակ: Բայց աղոթելուց և Աստծո հետ գոտեմարտելուց հետո ի վերջո ասացի՝ այո՛ (անշուշտ, դուք երբեք չեք հաղթում Աստծո հետ գոտեմարտում): Այսպիսով, արտադրական ընկերությունը, որ հիմադրված էր Տեխասում, եկավ մեր քաղաք, և մենք սկսեցինք նկարահանել մեր առաջին հեռուստահաղորդումը: Քանի որ չունեինք տաղավար, մի ամբողջ տարի նկարահանումերը կատարեցինք մեր հյուրասենյակում՝ բուխարու առջև: Ասել, որ ես նյարդային էի առաջին եթերի ժամանակ, նշանակում է՝ ոչինչ չասել: Ես չգիտեի ինչ ակնկալել: Ըստ էության, միայն նկարահանումը չէր, որ մտահոգում էր ինձ: Ես պետք է մտածեի բովանդակության վերաբերյալ և ի մի բերեի ամբողջական հաղորդումը, իհարկե՝ Դրենդայի հետ միասին: Արտադրական թիմը հրաշալի խորհուրդներ տվեց և մարզեց մեզ, բայց ես շարունակում էի անհանգիստ լինել: Խնդրո՛ւմ եմ, հասկացե՛ք, ես այդքան էլ մարդամոտ անձնավորություն չեմ, այնպես որ՝ ինձ համար հեռուստատեսային գործունեությամբ զբաղվելը բոլորովին դուրս էր իմ հարմարավետության գոտուց: Բացի այդ՝ արտադրական թիմը նկարահանման օրը սաստիկ խռովահույզ վիճակում էր: Կեսգիշերին մեկնել էր թիմի ղեկավարը, որովհետև հարևանի մեքենան հարվածել էր նրա կրտսեր որդուն, և տղան մահացել էր: Այդ մասին իմացա առավոտյան, երբ պատրաստվում էինք նկարահանման: Ես որոշեցի ոչինչ չասել Դրենդային մինչև նկարահանման ավարտը: Ի՜նչ դժվար ժամանակ էր: Այնուհետև, նկարահանումից անմիջապես հետո, վթարի ենթարկվեց մեր աշխատակիցներից մեկը՝ որդուս՝ Թիմի հողե ճանապարհների մոտոցիկլետը վարելիս: Թիմը վազելով տուն մտավ և աղաղակեց, թե Դավիթը մահացել է: Նա չէր մահացել, պարզապես ուշագնաց էր եղել. ինչպիսի՜ մեկնարկ: Մեզ հաջողվեց մեկ շաբաթում ավարտել նկարահանումը, և հաղորդումը հեռարձակվեց տեղական կայանով: Մենք շարունակեցինք նկարահանվել՝ ամսական մեկ շաբաթ կտրվածքով, բայց երկրորդ ամսվա ավարտին մեր գործն ավելի չհեշտացավ. ես միաժամանակ պայքարում էի անհամապատասխանության և խուճապի զգացումերի դեմ: Ի վերջո արտադրական ընկերության սեփականատիրոջն ասացի, որ չեմ կարող դա անել: Նա մի պահ աչքերն հառեց ինձ և ասաց. «Ո՛Չ: Դու պետք է զբաղվես հեռուստատեսությամբ»: Հետո ասաց, որ նստեմ, որովհետև ուզում էր ինչ-որ բան ցույց տալ: Նա միացրեց հեռուստացույցը և բացեց հեռուստացանցերի քրիստոնեական բաժինը: Անկեղծ ասած՝ քրիստոնեական հեռուստահաղորդումեր երբեք շատ չեմ դիտել, բայց այն, ինչ տեսա այդ օրը, տհաճություն պատճառեց ինձ և ստիպեց վերանայել քրիստոնեական հեռուստատեսության մեջ ներգրավվելու գաղափարը: Մի հաղորդման մեջ վաճառում էին «ձիթապտղի սուրբ յուղ» և պնդում, որ այն բարգավաճման ավելի մեծ օծություն կբերի: Մյուսում քարոզիչը վաճառում էր «օծված նշխարներ»՝ հաստատելով, որ յուրաքանչյուր պատառն ընդունելով՝ նոր հայտնություն կստանաք: Մեկ այլ հաղորդման մեջ ասում էին, որ եթե նվիրատվություն կատարեք հաջորդ երեք րոպեներին, ապա կստանաք եռակի օծություն՝ բարգավաճման համար: Մեկ ուրիշում էլ սառեցված-չորացրած սնունդ էր առաջարկվում: Յուրաքանչյուր հաղորդում կարծես առաջարկում էր որևէ խորհրդավոր դրդապատճառ՝ զոհաբերություն կատարելու համար: Բայց ես նկատեցի, որ այդ հաղորդումերից ոչ մեկում չէր ասվում, թե ինչպես մարդիկ ստանան այն, ինչի կարիքն ունեն. ինչպես է Թագավորությունն իրականում գործում: Նրանք ասում էին, որ պետք է սերմ ցանել, բայց ես գիտեի, որ մարդկանց անհրաժեշտ էր ասել, թե ինչպես բերք հավաքեն այդ սերմից: Խճանկարը բաղկացած էր շատ կտորներից, որոնք մարդիկ պետք է իմանային, եթե ցանկանում էին հաջողակ լինել: Ես գիտեի, որ եթե մարդկանց միայն սովորեցնեն, թե ինչպես տան, և չսովորեցնեն, թե ինչպես հնձեն, նրանք կհիասթափվեն Աստծուց, և երբ իրենց սպասելիքները չիրականանան, կմտածեն, որ Աստված հուսախաբ է արել իրենց: Մարդիկ կարիք ունեին իմանալու Թագավորության օրենքները և հասկանալու, թե ինչու է տալն այդքան կարևոր այստեղ՝ երկրային տիրույթում, Թագավորության առատության մեջ քայլելու համար: Եվ կրկին, առավել կարևոր էր, որ նրանք իմանային, թե ինչ անեն տալուց հետո: Նրանք պետք է իմանային ինչպես հնձել այն, ինչի կարիքն ունեին Աստծուց: Ես բացահայտեցի, որ հունձքի մեջ ունեմ իմ դերը, որը, նախևառաջ, իմանալն է, թե ինչ է հավատքը, և ինչու է այն անհրաժեշտ: Ես կարիք ունեի սովորելու, թե ինչպես է Սուրբ Հոգին առաջնորդում ինձ դեպի իմ հունձքը, և որքան կարևոր են ժամանակը և հունձքի մանրամասները: Ես բացահայտեցի, որ կան հոգևոր օրենքներ, որոնք պետք է սովորել և կիրառել, ինչպես նաև՝ օրենքներ, որոնք կառավարում են երկրային տիրույթը և ազդելու են հունձքի վրա: Այդ բոլոր հաղորդումերն այնպիսի տպավորություն էին թողնում, որ կարծես փողը պարզապես հայտնվելու էր ձեր փոստարկղում: Ես կհամաձայնեմ, որ երբեմն այն իսկապես հայտնվում է ձեր փոստարկղում, բայց եթե ուշադիր քննեք դեպքերը, կգտնեք հոգևոր հուշումեր, թե ինչու և ինչպես է դա տեղի ունեցել: Այդ հաղորդումերից մի քանիսը դիտելուց հետո ես շվարած էի: Զարմանալի չէ, որ աշխարհն ուշադրություն չէր դարձնում դրանց: Բայց նաև բարկացած էի: Այդ պահին ես գիտակցեցի, որ իմ կարիքը կա, որ ես ասելիք ունեմ: Ես որոշեցի շարունակել հեռուստատեսային գործունեությունը, որովհետև պատմություն ունեի պատմելու: Արդեն 14 տարի է՝ հեռուստահաղորդումեր եմ թողարկում և տեսնում եմ, թե ինչպես են տասնյակ հազարավոր մարդիկ բացահայտում Թագավորությունը. ոչ թե կրոն, այլ Թագավորությունը, և ունեն նույնպիսի արդյունքներ, որ Դրենդան ու ես ունեցանք: Գիտեմ, որ նույն արդյունքները դուք կունենաք: «Ձեր ֆինանսական հեղափոխությունը. Առատաձեռնության զորությունը» գիրքը իմ՝ «Ֆինանսական հեղափոխություն» գրքաշարի հինգերորդ և վերջին գիրքն է: Ես ոգեշնչված եմ այս ավարտուն գրքաշարով, ոգեշնչված եմ նաև այս վերջին գրքով:
– Գարի Կիսի
ԳԼՈՒԽ 1
ԱՌԱՏԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Մի երեկո մեր ընտանիքը ճաշում էր մեր սիրելի տեղական ռեստորաններից մեկում: Մատուցողուհին երիտասարդ կին էր, որի հղիությունն ակնհայտ երևում էր: Երբ պատրաստվում էի փակել մեր հաշիվը, հանկարծ առաջնորդություն զգացի տալ նրան մեծ թեյավճար՝ 22-25% թեյավճարի փոխարեն, որ սովորաբար տալիս էի, ուստի թեյավճարին ավելացրի ևս 100 դոլար: Նա, առանց նայելու, վերցրեց «Visa» քարտի ստորագրված բլանկը և գնաց խոհանոց: Մեկ րոպեից վերադարձավ՝ արցունքներն այտերին: Նա եկել էր, որպեսզի շնորհակալություն հայտներ: Նա ասաց, որ դժվար ֆինանսական վիճակում է և մտածում է, թե ինչպես է հաղթահարելու իրավիճակը: Նախքան հեռանալը՝ մենք հնարավորություն ունեցանք պատմելու նրան Քրիստոսի մասին և աղոթելու նրա համար: Մենք ոչինչ չարեցինք՝ բացի առատաձեռն լինելուց, որը դուռ բացեց՝ նրա սրտին դիպչելու և նրան ծառայելու համար: «Կամ թե՝ Նրա քաղցրության առատությունը և համբերությունը և երկայնամտությունը արհամարհո՞ւմ ես՝ չգիտենալով, որ Աստծո քաղցրությունը քեզ ապաշխարության է տանում»: – Հռոմեացիների 2.4