Ծածկոցի տակ

(0)
  • Գին: Անվճար
  • Հեղինակ: Ջոն Բիվեր
  • Formats available: pdf
  • Դիտում

ԳԼՈՒԽ 1

ԱՍՏԾՈ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հաճախ ոչ թե քաղցր, այլ ցավոտ խոսքերն են տալիս մեծագույն ազատությունը և պաշտպանությունը։ Ծածկոցի տակ. այս արտահայտությունը կարող է վերաբերել անթիվ իրավիճակների։ Իր անմիջական իմաստով այն կարող է պատկերել փոքրիկ մանկան, որը հարմարավետ տեղավորվել է ծածկոցի ջերմության և պաշտպանության ներքո, կամ ծնողի գրկում է վտանգի ժամանակ։ Քաղաքացիական իմաստով, այն կարող է պատկերել ոստիկանության կամ զինվորականների պաշտպանության ներքո գտնվող մի քաղաք։ Այն կարող է պատկերել կենդանու՝ թաքնված մացառների մեջ, որջում կամ ստորգետնյա ապաստանում։ Կամ՝ այն կարող է պատկերել ընտանիքի, որն ապահով պատսպարված է տանը, մինչ դրսում փոթորիկ է մոլեգնում։ Հիշում եմ, որ մանկությանս տարիներին մենք մի վայրում էինք ապրում, որտեղ հաճախակի փոթորիկներ էին լինում։ Մենք նայում էինք մեր պատուհաններից կուտակվող սև ամպերին՝ հեռվից լսվող ամպրոպի ձայների ներքո։ Մի քանի րոպեում փոթորիկն արդեն մեր գլխավերևում էր՝ ամբողջ սաստկությամբ։ Փայլող կայծակներին անմիջապես հաջորդում էին ճայթող ամպրոպները։ Անձրևի ձայնն այնպիսին էր, ասես հազարավոր մուրճիկներ էին հարվածում մեր տանիքին։ Փոթորկի պատճառով մեր տունը շատ ավելի անվտանգ և ապահով էր թվում։ Այն, ինչ երևում էր պատուհաններից, թաց էր, սառն էր և ենթակա էր կայծակի մահացու հարվածի վտանգին։ Իսկ ներսում մենք ապահով էինք, և մեր տանիքը վահանի պես պաշտպանում էր մեզ փոթորկի ամենաթողությունից. մենք ծածկոցի տակ էինք։ Մեկ քայլ առաջ գնանք։ Մենք կարող ենք հասկանալ «ծածկոցի տակ» արտահայտությունը նաև քողարկված կամ ծպտված լինելու իմաստով։ Ծպտված լինելը նշանակում է ապահով լինել՝ սեփական ինքնությունը թաքցնելու միջոցով։ Ծպտված գործակալը կարող է ազատորեն տեղաշարժվել՝ առանց թշնամու կողմից բռնվելու։ Նրա կառավարությունը ծածկանուն է տվել նրան, որի միջոցով նա կարող է ազատորեն գործունեություն ծավալել թշնամու տարածքում։ Կարճ ասած, ինչպես էլ օգտագործենք այս արտահայտությունը՝ իր բազմաբնույթ իմաստներով, թվում է՝ դրա բոլոր իմաստները պաշտպանություն և ազատություն են ենթադրում։ Այնամենայնիվ, ինչպե՞ս է «ծածկոցի տակ» հասկացությունը վերաբերում քրիստոնյաներին։ Դավիթը գրում է. «Բարձրյալի ծածկոցի տակ բնակվողը Ամենակարողի շուքի տակ է հանգստանում։ Ես կասեմ Տիրոջը. «Իմ ապավեն և իմ ամրոց, իմ Աստված, Որին ես հուսացած եմ»» (Սաղմ. 91.1,2)։ Կրկին, մենք տեսնում ենք պաշտպանություն՝ Նրա ծածկոցի տակ գտնվողների համար։ Սակայն, կարդալով այս հատվածի առաջին բառերը՝ «Բարձրյալի ծածկոցի տակ բնակվողը», բացահայտում ենք ամենակարևոր հարցը. ո՞վ է գտնվում Նրա ծածկոցի տակ։ Այն գիրքը, որը ձեր ձեռքում է, նվիրված է այս կարևորագույն հարցի պատասխանի որոնմանը։ Կարճ պատասխանը հետևյալն է. ծածկոցի տակ է նա, ով Աստծո իշխանության ներքո է։ Ադա ու Եվան ազատություն և պաշտպանություն էին վայելում Եդեմի պարտեզում՝ Աստծո ծածկոցի ներքո։ Սակայն այն պահին, երբ նրանք անհնազանդ եղան, բացահայտեցին, թե որքան անհրաժեշտ էր իրենց այն, ինչը հոժարաբար սահեցրին իրենց մատների արանքով. նրանք «իրենց ծածկելու» կարիք ունեին (Ծննդ. 3.7, NKJV)։ Նրանց անհնազանդությունն Աստծո իշխանությանը՝ խլեց մարդկությունից այն բաղձալի ազատությունը և պաշտպանությունը, որը մի ժամանակ նրանց էր պատկանում։ Եկեք անկեղծ լինենք. «իշխանություն» բառը հաճելի չէ շատերին։ Սակայն, մերժելով իշխանությունը կամ վախենալով դրանից, մենք զրկում ենք մեզ իշխանության կողմից տրվող մեծ պաշտպանությունից և առավելություններից։ Մենք սարսռում ենք այդ բառից, քանի որ չենք տեսնում իշխանությունը Աստծո տեսանկյունից։ Չափազանց հաճախ մեր վերաբերմունքն իշխանության հանդեպ հիշեցնում է ինձ մի պատմություն, որը տեղի ունեցավ իմ երրորդ որդու հետ։ Երբ Ալեքն առաջին դասարանում էր, նրա ուսուցչուհու վերաբերմունքը բացասական ազդեցություն թողեց նրա վրա։ Այդ կինը մշտապես բարկացած էր ամբողջ դասարանի վրա. նա մռայլ էր, անվերահսկելի էր և բազմիցս բղավում ու ճչում էր աշակերտների վրա։ Չափազանց հաճախ նրա պոռթկումերն ուղղված էին լինում Ալեքին, քանի որ նա ստեղծարար և աշխույժ երեխա էր, ավելի շուտ շփվող, քան լռակյաց։ Նրա համար դպրոցը հրաշալի հասարակական միջավայր էր։ Ինքնին հասկանալի է, որ նրա մոտեցումը դպրոցին չէր համապատասխանում այդ ուսուցչուհու անհատականությանը և անհամբեր բնավորությանը։ Շատ անգամեր կինս և ես այդ ուսուցչուհու սենյակում էինք դասերից հետո՝ խորհրդատվության համար։ Մենք աշխատում էինք այդ ուսուցչուհու հետ և խրախուսում էինք Ալեքին ենթարկվել նրա կանոններին ու համագործակցել, սակայն ամբողջ այդ սթրեսային գործընթացը խանգարում էր նրան սիրել դպրոցական առարկաների համակարգված ուսուցումը։ Շուտով մենք նոր նահանգ տեղափոխվեցինք, և Ալեքը երկրորդ դասարան փոխադրվեց։ Նրա նոր ուսուցչուհին լիովին տարբերվում էր նախորդից։ Այդ կինը գրեթե չափից ավելի սիրալիր էր և զգայուն իր աշակերտների հանդեպ։ Նա շատ հավանեց Ալեքին։ Հաշվի առնելով Ալեքի բնավորությունը՝ նա, հավանաբար, սիրահարվեց այդ կնոջը, բայց չէր պատժվում գրեթե ոչնչի համար և համարյա թե չէր սովորում։ Քանի որ Ալեքի ուսու անտեսվում էր, մենք տեղափոխեցինք նրան մի հրաշալի մասնավոր դպրոց, որտեղ շեշտադրվում էր դպրոցական առարկաների խորացված ուսուցումը։ Նա մոլորված և վհատված էր զգում իրեն այդտեղ։ Նա այնպիսի երեխաների միջև էր, որոնք գերազանց սովորել էին առաջին երկու տարում։ Ալեքի նոր ուսուցչուհին բարի և սիրալիր էր, բայց նաև՝ հաստատակամ։ Շուտով պարզվեց, որ նա զիջում էր մյուս աշակերտներին իր առաջադիմությամբ։ Կրկին, սկսվեցին հաճախակի, բայց այս անգամ արդյունավետ հանդիպումեր նրա ուսուցչուհու հետ։ Լիզան և ես ավելի շատ ներգրավվեցինք նրա ուսման մեջ։ Ամբողջ ցերեկը դպրոցում լինելը և ամբողջ երեկո ծնողների վերահսկողությամբ դասեր պատրաստելը կարող է ճնշող լինել։ Շատ անգամեր Ալեքը պարզապես փակվում էր։ Արցունքները հոսում էին նրա աչքերից, քանի որ նրան թվում էր, թե խորտակվում էր այդ ամենի մեջ, այնինչ, իրականում, նա առաջադիմում էր։ Մի անգամ նա սաստիկ վհատվեց։ Նրա եղբայրները դպրոցական երեկույթի էին գնում, որտեղ բոլորը անվաչմուշկներով սահելու էին, իսկ նա ստիպված էր տանը ալ և կատարել անավարտ տնային աշխատանքները, որոնք թաքցրել էր իր սեղանի դարակում։ Նա զրկվելու էր զվարճանքից, քանի որ նրա ուսուցչուհին ծանրաբեռնել էր նրան դասերով։ Նա շարունակ լաց էր լինում։ Եկել էր հոր և որդու հերթական զրույցի ժամանակը։ Ես նոր էի սկսել խոսել, երբ հասկացա, թե որն էր խնդիրը։ Նրան թվում էր, թե անելանելի դրության մեջ էր։ Վհատությունից բխող արցունքները շարունակ հոսում էին, և նա պարզապես չէր լսում հայրիկի խոսքերը։ Մի պահ երկուսս էլ լռեցինք, քանի որ այլևս ասելու ոչինչ չունեինք։ Նա պարզապես գլուխը կախ լալիս էր։ Ես երբեք չեմ մոռանա այն, ինչ կատարվեց դրանից հետո։ Նա ուղղեց մեջքը, ինչոր կերպով վերականգնեց ինքնատիրապետումը, սրբեց աչքերը և դեմքը, իսկ հետո նայեց ինձ իր խոշոր, դարչնագույն և նորովի վստահություն առած աչքերով։ Ակնհայտ էր, որ նրա մտքում ինչոր գաղափար էր ծնվել, որը լուծելու էր իր խնդիրները և սրբելու էր իր արցունքները։ Նա ուղղեց մեջքը, ծալեց ձեռքերը և լուրջ ձայնով ասաց. 

- Հայրի՛կ, ուզում եմ մի բան ասել։ Գիտե՞ս, որ իմ դասարանի Ջեսիկան... նա չի հավատում բժիշկներին։

Նա վարանեց, իսկ հետո ավելացրեց.

 - Հայրի՛կ, իսկ ես չեմ հավատում ուսուցիչներին։ 

Ես հազիվ զսպեցի ժպիտս և ծիծաղս։ Նրան հաջողվեց զարմացնել ինձ այդ խոսքերով։ Նա շարունակեց.

- Եթե իմ դասարանի Ջեսիկան կարող է չհավատալ բժիշկներին, ես էլ չեմ հավատա ուսուցիչներին։ 

Ես այլևս չկարողացա զսպել ծիծաղս։ Եթե նա վհատված ասեր այդ խոսքերը, դրանք այդքան ծիծաղելի չէին հնչի։ Դատելով նրա ձայնի տոնից՝ նա իսկապես կարծում էր, թե պատմում էր ինձ նոր հայտնություն, որը լուծելու էր իր բոլոր խնդիրները։ Նա նույնքան լուրջ էր, որքան դատարանում վկայություն տվող մարդը։ Իհարկե, ես օգտագործեցի այդ հնարավորությունը, որպեսզի բացատրեի նրան, թե ինչ կկատարվեր, եթե նա ուսուցիչներ չունենար։ Ես պատմեցի նրան, թե ինչպիսին էր կյանքն Անգոլայում՝ Աֆրիկայում, որտեղ եղել էի նախորդ տարի, որպեսզի աշխատեի սովամահ եղող փոքրիկ երեխաների համար կառուցված սննդի կայաններում։ Ես պատմեցի, որ այդ երեխաները գրեթե ամեն ինչ կտային, որպեսզի Ալեքսանդրի տեղում լինեին։ Նրանք առանց մտածելու կօգտվեին ուսում ստանալու հնարավորությունից, քանի որ հասկանում էին, թե որքան կարևոր է, որ մեկ օր կարողանային հոգալ իրենց ընտանիքների մասին։ Իմ տևական բացատրությունից հետո նա դժկամորեն հրաժարվեց իր նորագյուտ փիլիսոփայությունից և վերադարձավ խոհանոցի սեղանի մոտ՝ իր տնային աշխատանքի կույտը հաղթահարելու համար։ Հաջորդ մի քանի շաբաթվա ընթացքում ես շարունակ մտածում էի որդուս և իմ զրույցի մասին և ակամա զուգահեռներ էի անցկացնում, թե ինչպես են ոմանք դիտարկում իշխանությունը։ Չափազանց հաճախ մարդիկ տհաճ փորձառություններ են ունենում իշխանության հետ։ Ոմանց առաջնորդներն անտեղի խիստ են վարվում նրանց հետ. մյուսները, ինչպես Ալեքսանդրը, վհատության պատճառով սկսում են դիտարկել իշխանությունը որպես խոչընդոտ՝ կյանքը վայելելուն և այն ամենին, ինչ լավագույնն են համարում իրենց համար, այնինչ, իրականում, նրանք ողջամիտ առաջնորդներ ունեն։ Սակայն այդ տհաճ փորձառությունների արդյունքում նրանցում աննկատ մի դիրքորոշում է ձևավորվում. «Ես չեմ հավատում իշխանությանը» կամ, խոսելով մեծահասակների լեզվով, «Ես չեմ ենթարկվի իշխանությանը, եթե, նախ, համաձայն չլինեմ դրան»։ 

Բայց ո՞րն է Աստծո դիրքորոշու այս ամենի վերաբերյալ։ Արդյո՞ք մենք պետք է ենթարկվենք առաջնորդներին, նույնիսկ եթե նրանք անազնիվ են։ Իսկ ի՞նչ, եթե նրանք օրինազանց են։ Կամ պատվիրում են մեզ կատարել այն, ինչը մենք սխալ ենք համարում։ Իսկ եթե նրանք պատվիրում են մեզ մեղանչե՞լ։ Որտե՞ղ է սահմանը։ Բացի այդ, ինչո՞ւ մենք պետք է ենթարկվենք։ Դրանում կա՞ն առավելություններ։ Մի՞թե մենք չենք կարող միայն Աստծո Հոգով առաջնորդվել։ Աստծո Խոսքում կան հստակ պատասխաններ այս հարցերին։ Ես հավատում եմ, որ սա ամենակարևոր գրքերից մեկն է, որ Տերը հանձնարարել է ինձ գրել, քանի որ այն բացահայտում է մարդկանց ներկա դժվարությունների մեծ մասի արմատական պատճառը։ Ինչի՞ պատճառով Արուսյակն ընկավ։ Ինչի՞ պատճառով Ադա ընկավ։ Ապստամբության։ Ինչի՞ պատճառով են շատերը շեղվում Աստծո հետ ընթացքից։ Ապստամբության։ Իրապես սթափեցնող է այն փաստը, որ ապստամբությունը մեծ մասամբ ոչ թե բացահայտ է, այլ՝ աննկատ։ Այս գրքում ես պատմում եմ բազմաթիվ օրինակներ իմ անձնական ձախողումերից։ Ես իշխանության ծարավ ունեցող առաջնորդ չեմ, որն ուզում է իրեն ենթարկել իր ոչխարներին, աշխատակազմին և ընտանիքին։ Ես հրաշալի ծառայողական թիմ և ընտանիք ունեմ։ Ես տեղական եկեղեցու հովիվ չեմ։ Այնպես որ, ես գրում եմ՝ որպես մի անձնավորություն, ով գործել է շատ սխալներ կամ, ավելի ճիշտ, մեղքեր։ Ես ծառայել եմ երկու միջազգային ծառայություններում 1980ական թվականներին, և իմ սխալներին վերաբերող օրինակների մեծ մասն այդ ժամանակաշրջանից է։ Ամենից սթափեցնողն այն է, որ յուրաքանչյուր դեպքում ես սրտանց հավատում էի, որ ճիշտ էի, այնինչ, իրականում, սխալ էի։ Ես այնքա՜ն շնորհակալ եմ մեր Տիրոջը, որ Նրա Խոսքը բացահայտեց իմ շարժառիթները։ Ես սրտանց ցանկանում եմ, որ դուք սովորեք իմ դժվարություններից և խուսափեք նույն սխալներից։ Աղոթում եմ, որ, կարդալով իմ անմիտ արարքների մասին, դուք խրատ և աստվածային իմաստություն ստանաք և հնձեք դրանց առավելությունները։ Քանի որ այն ամենը, ինչ ես հետագայում սովորեցի իմ փորձառությունից, ինչպես նաև այն ճշմարտությունները, որոնք հայտնվեցին ինձ այդ ընթացքում, հրաշալի էին և մեծ օգուտ տվեցին ինձ։ Շնորհիվ ապաշխարության, ես ապահովություն և մատակարարում ստացա։ Հավատում եմ, որ նույնը կարող է կատարվել ձեզ հետ։ Կարդալով աստվածաշնչյան և իմ անձնական օրինակներն այս գրքում՝ ձեր սրտում նույնպես լույս կսփռվի։ Որոշ փաստեր կարող են ամրապնդել այն, ինչ դուք արդեն գիտեք, իսկ մյուսներն ազատություն կտան ձեզ։ Երկու դեպքում էլ ես աղոթում եմ, որ հեզությամբ ընդունեք Նրա Խոսքը, քանի որ հենց այդպիսի սրտով եմ ես ներկայացնում այն։ Բախվելով ճշմարտությանը՝ մեր արձագանքը կարող է երկու տեսակի լինել։ Մենք կարող ենք բարկանալ և պաշտպանվել, ինչպես Ադամի որդի Կայենը, և թողնել այն հայտնությունը, որն անհրաժեշտ է մեզ (տե՛ս Ծննդ. 4րդ գլուխ)։ Կամ՝ մենք կարող ենք խոնարհվել և կոտրվել, ինչպես Դավիթը՝ Նաթանից հանդիմանվելու ժամանակ, և թույլ տալ, որ մեր ցավն ու ապաշխարությունը բարձրացնեն մեզ աստվածապաշտ բնավորության հաջորդ մակարդակին (տե՛ս Բ Թագ. 12րդ գլուխ)։ Եկեք Դավթի սիրտն ունենանք այս հարցում և մերժենք հպարտությունը, որը ձգտում է հեռացնել մեզ Աստծո կողմից որոշված մատակարարումից և պաշտպանությունից։ Սկսելով այս ընթացքը՝ հիշեք, որ հաճախ ոչ թե քաղցր, այլ ցավոտ խոսքերն են տալիս մեծագույն ազատությունը և պաշտպանությունը։ Երբ երեխա էի, իմ երկրորդ դասարանի պատվաստումը ստանալուց առաջ ընկերներիցս մեկը պատմեց, որ այն շատ ցավոտ է։ Լսելով դա՝ ես վճռեցի ամեն գնով խուսափել սրսկումից։ Ես պայքարեցի երկու բուժքույրերի դեմ, մինչև որ նրանք հանձնվեցին։ Դրանից հետո ծնողներս բացատրեցին ինձ, թե ինչ կարող էր տեղի ունենալ, եթե ես չստանայի պատվաստում տուբերկուլյոզի դեմ։ Ես տեսել էի, որ քույրս մահացել էր քաղցկեղից. այնպես որ, գիտեի, որ նրանք միայն ուզում էին պաշտպանել ինձ։ Ես գիտեի, որ սրսկումը ցավոտ էր լինելու, բայց այն կա­զատեր ինձ ավելի մեծ ցավից, որը կզգայի, եթե այդ զարհուրելի և, հավանաբար, մահացու հիվանդությամբ վարակվեի։ Հենց որ հասկացա դա, ինքնակամ վերադարձա՝ այդ սրսկու ընդունելու համար։  

Վարկանիշներ

0 reviews
keyboard_arrow_up