Այս պատմությունը տեղի ունեցավ 2012 թվականին։ Ես պետք է քարոզեի Լոս Անջելեսի տարածքում գտնվող մի եկեղեցու շաբաթավերջի հավաքույթներին։ Սովորաբար ես ինքնաթիռով տեղ եմ հասնում շաբաթ ցերեկը, ծառայում եմ շաբաթ երեկոյան և կիրակի առավոտյան և տուն եմ վերադառնում կիրակի ցերեկը։ Այս անգամ սահմանված կարգը փոխվելու էր։ Մեր ծառայության գործընկերներից մեկը (ես կանվանեմ նրան Սթեն), իմանալով, որ պետք է քարոզեի Լոս Անջելեսի տարածքում, զանգեց ինձ և հարցրեց, թե արդյո՞ք կցանկանայի գոլֆ խաղալ հայտնի «Ռիվյերա» քաղաքամերձ ակումբի խաղադաշտում։ Կարիք չկար, որ երկար մտածեի, քանի որ վաղուց էի ցանկանում խաղալ այնտեղ։ Ես խանդավառված պատասխանեցի. Իհա՜րկե, մեծ սիրով։ Թույլ տվեք մի փոքր նախապատմություն ներկայացնել։ Ավելի քան 35 տարի ճանապարհորդելու և Աստծո Խոսքը քարոզելու ընթացքում ժամանակ առ ժամանակ իմ ուղերձների մեջ անդրադառնում եմ գոլֆ խաղալու նախասիրությանս։ Տարիներ շարունակ այս երևույթի չծրագրված, բայց հաճելի արդյունքը եղել է աշխարհի լավագույն ակումբներից մի քանիսում գոլֆ խաղալու հրավերներ ստանալը։ Եվ սա հերթական նման դեպքն էր։ Այս հրավերը շատ հատուկ էր։ «Ռիվյերան» բացառիկ և փակ ակումբ է, և այնտեղ գնալը շատ դժվար է։ Ամեն տարի այդ խաղադաշտում անցկացվում է «Պրոֆեսիոնալ գոլֆ խաղացողների ընկերակցության» «Ջենեսիս ինվիտեյշնլ» կոչվող միջոցառումը (նախկինում՝ «Լոս Անջելեսի բաց մրցույթ»)։ Այդ դաշտում անցկացվել են նաև այլ խոշոր մրցույթներ՝ մի քանի «ԱՄՆի բաց» և «Պրոֆեսիոնալ գոլֆխաղացողների ընկերակցության» առաջնություններ, «ԱՄՆի սիրողական» և այլ ակնառու մրցույթներ։ Շաբաթ օրը, վաղ առավոտյան, Սթենի հետ մեքենայով գնացինք այդ երազանքի խաղն իրականացնելու համար։ Այդ օրն է՛լ ավելի հաճելի էր այն պատճառով, որ իմ մտերիմ ընկերներից մեկը՝ Ահարոն Բեդլին, ընդամենը մեկ տարի առաջ հաղթանակ էր տարել այդ դաշտում՝ «Լոս Անջելեսի բաց մրցույթում»։ Ես ակնկալում էի այդ խաղը՝ մտովի վերախաղարկելով նրա ուշագրավ հարվածներից մի քանիսը, որոնցով նա հաղթանակ էր տարել 2011 թվականի մրցույթում։ Ես գրավեցի առաջին չորս փոսիկը՝ երեքով ավելի փարով (ես մի փոքր լարված էի), բայց ավարտեցի ռաունդը երկուսով պակաս փարով։ Սթենը և ես արտակարգ ժամանակ անցկացրինք. այդ առավոտն իսկապես հիշարժան էր՝ առանց չափազանցության։ Երբ վերադառնում էինք հյուրանոց, որը Լոս Անջելեսի կենտրոնում էր, Սթենը սրտագին հարցրեց.
-Ջո՛ն, կարո՞ղ եմ մի հարց տալ, որի մասին որոշ ժամանակ լրջորեն մտածում եմ։
-Իհա՛րկե։
Նա անկեղծ և բաց սրտով ասաց.
-Ջո՛ն, վերջին երկու տասնամյակում ես եռանդուն և ջանասիրաբար աշխատել եմ և տրամադրել եմ անթիվ ժամեր՝ իմ ձեռնարկությունները կառուցելու համար։ Իմ անձնական կապիտալը հավասար է ինը միլիոն դոլարի։ Ներկա հաճախորդներիս հետ իմ գործն ընթանում է անխափան։ Իմ երկարամյա քրտնաջան աշխատանքի արդյունքում կնոջս և երեխաներիս կյանքը ֆինանսապես ապահովված է։
Այնուհետև նա տվեց իր հարցը.
-Ես արդեն հիսունն անց եմ։ Ինչո՞ւ պետք է աշխատեմ նույն ուժերով։ Ինչո՞ւ պայքարեմ՝ իմ ձեռնարկությունների կապիտալը հաջորդ տասը տարվա ընթացքում 35 միլիոն դոլարի հասցնելու համար։
Սուրբ Հոգին անմիջապես իմաստություն տվեց ինձ պատասխանելու համար.
-Այսպես կպատասխանեմ, ասացի ես։
-Պատկերացրու, քեզ ասում եմ. «Սթե՛ն, տարիներ շարունակ ես ջանասիրաբար աշխատել եմ և 17 գիրք եմ գրել, որոնք այժմ թարգմանված են 80 լեզուներով՝ միլիոնավոր օրինակներով։ Վերջին 25 տարում ես թռչել եմ ավելի քան 16 միլիոն կիլոմետր, պայքարել եմ ժամային գոտիները փոխելուց առաջացած բիոռիթմերի խախտման հետ, հանդիպել եմ տարատեսակ մշակույթների, փորձել եմ տարօրինակ կերակուրներ և կանգ եմ առել փոքրիկ հյուրանոցներում, որպեսզի աշխարհով մեկ կարողանամ ծառայել Ավետարանով։ Իմ ծառայությունը լավ վիճակում է, և ֆինանսները կայուն են։ Լիզան և իմ երեխաները նույնպես ապահովված են։ Ինչո՞ւ ես պետք է շարունակեմ աշխատել նույն ուժերով։
-Ամեն ինչ գերազանց ստացվեց։ Նա պատասխանեց՝ քթի տակ ծիծաղելով.
-Այդ դեպքում ես չէի ցանկանա լինել քո տեղում, երբ հանդիպեիր Հիսուսին։
Ես անմիջապես ասացի.
Սթե՛ն, քիչ առաջ դու ասացիր ինձ ճիշտ նույնը քո գործի մասին։
Նրա ժպիտն անմիջապես անհայտացավ։ Ցնցված՝ նա կտրեց իր հայացքը ճանապարհից՝ ուղղելով ինձ։ Չհավատալով լսածին՝ նա հարցրեց.
Ինչո՞ւ ես այդպես կարծում։
Սթե՛ն, Աստված օժտել է Իր զավակներից յուրաքանչյուրին։ Նա պարգևներ է տվել մեզ՝ Իր թագավորությունը կառուցելու համար։ Սակայն մենք ենք այդ պարգևների տնտեսները և ամեն վայրկյան կարող ենք որոշել գործածել դրանք երեք հնարավոր կերպով. Մենք կարող ենք օգտագործել այդ պարգևները, որպեսզի կառուցենք Աստծո թագավորությունը։ Մենք կարող ենք օգտագործել այդ պարգևները, որպեսզի կառուցենք մեր կյանքը։ Եվ մենք կարող ենք ընդհանրապես անտեսել այդ պարգևները։ Սթենն ուշադիր լսում էր. այնպես որ, ես շարունակեցի. Իմ ակնհայտ պարգևների թվում է գրելը և քարոզելը։ Քո պարգևներն առնչվում են գործարարության և նվիրատվությունների հետ։ Իմ օրինակը ծիծաղելի թվաց քեզ, սակայն քո հարցը ճիշտ նույն բանի մասին էր։ Քո պարգևները նույնքան կարևոր են Աստծո թագավորությունը կառուցելու համար, որքան իմը։ Իրականում, քո պարգևները կարող են ավելի կարևոր լինել, պարզապես դու չես տեսնում ընդհանուր պատկերը։
Մենք շարունակեցինք զրուցել այս մասին։ Անչափ հաճելի էր տեսնել Սթենի մտքերի և վերաբերմունքի արագ փոփոխությունը մեր զրույցի ընթացքում։ Վեց ամիս անց ես զանգեցի Սթենին, որպեսզի իմանայի, թե ինչպես էր։ Ինձ սպասում էր ևս մեկ անմոռանալի զրույց։
-Ողջո՛ւյն, Սթե՛ն, ինչպե՞ս ես։ Ուզո՞ւմ ես անկեղծ լինեմ, ես չէի սպասում նման պատասխանի։ Այո՛, իհա՛րկե։ Այն, ինչ ասացիր վեց ամիս առաջ, հանգիստ չէր տալիս ինձ՝ լավ իմաստով։ Եվ ի՞նչ ես պատրաստվում անել։
Նա ծիծաղելով ասաց.
-Ես կաշվիցս դուրս եմ գալիս, որպեսզի հասցնեմ իմ ձեռնարկությունների կապիտալը 35 միլիոն դոլարի՝ Աստծո թագավորությունը կառուցելու համար։
-Կեցցե՛ս։
Սթենը յուրացրել էր այն ճշմարտությունը, որ ինքը դիտորդ չէ Աստծո թագավորության տարածման մեջ, այլ՝ կարևոր մասնակից։ Նա որսացել էր այն տեսիլքը, որն անհասանելի է մնում շատերի համար՝ այն, որ իր եզակի կարողություններն ունեն հավիտենական արժեք, ոչ միայն ժամանակավոր։ Նա լիովին հասկացել էր, որ իր պարգևն ուներ ավելի մեծ նպատակ, քան իրեն և իր ընտանիքն ապահովելը։ Ես այնքա՜ն շնորհակալ եմ, որ նա անմիջական, անկեղծ և խոնարհ էր։ Այս հատկանիշներն օգնեցին նրան ընդունել այն ճշմարտությունը, որը փոխելու էր նրա կյանքը։ Եվ, շնորհիվ նրա վկայության, փոխելու էր ոչ միայն նրա, այլև շատերի կյանքը։ Իր լուսավորման շնորհիվ Սթենը ձգտեց բազմապատկման, և նրա օրինակը ցույց է տալիս այս գրքի գլխավոր նպատակը։ Ցավալի է, որ տարիներ շարունակ իմ ճանապարհորդությունների ընթացքում, շփվելով հավատացյալների հետ, կարող եմ ասել, որ նրանցից շատերը մտածում են ճիշտ այնպես, ինչպես Սթենը։ Իրականում, եթե ինձ լրջորեն հարցնեին այս մասին, ես կասեի, որ այսպես է մտածում հավատացյալների մեծ մասը։ Թեև շատերը չեն խոստովանում սա նույնքան վճռականորեն, որքան Սթենը, շփման ընթացքում այս մտածելակերպը բացահայտվում է։ Եթե դուք կասկածի եք ենթարկում ձեր կյանքի կոչումը այդպիսի մտքերով, ես անչափ ուրախ եմ, որ այս գիրքը հայտնվել է ձեր ձեռքում։ Ես անկեղծորեն հույս ունեմ, որ ձեր պատկերացումը նույնպես կփոխվի։ Ինչպես և Սթենը, անկեղծ եղեք ձեզ հետ. դա կօգնի տեսնել ընդհանուր պատկերը։ Անկեղծությամբ և խոնարհությամբ դուք կբացահայտեք և վստահաբար կհավատաք, որ կարող եք բազմապատկել ձեր եզակի պարգևները՝ Աստծո թագավորությունը կառուցելու համար։ Դուք կանչված եք Աստծուց նույնքան, որքան ձեր հովիվը կամ ես։ Ձեր կոչումը նույնքան օրինավոր է, որքան Բիլլի Գրեհեմի կամ այլ հանրահայտ ծառայողի կոչումը։ Մենք կխոսենք այն մասին, թե ինչպես բացահայտել, զարգացնել և ամենակարևորը՝ բազմապատկել ձեր պարգևները՝ ձեր եզակի կոչումն ընդլայնելու համար։ Այս գրքի աստվածաշնչյան հատվածները և պատմությունները կկառուցեն ձեր հավատքը, ինչի շնորհիվ ձեր արդյունավետությունը մեծապես կավելանա։ Ես անձամբ կարող եմ վկայել այս մասին. սա տեղի ունեցավ ինձ հետ, երբ գրում և խմբագրում էի այս գիրքը։
ԾՆՎԱԾ՝ ՆՊԱՏԱԿՈՎ՝ ՀԱՏՈՒԿ ՆՊԱՏԱԿԻ ՀԱՄԱՐ
Եկեք սկսենք՝ ուսումնասիրելով շատ հայտնի աստվածաշնչյան հատված. «Որովհետև շնորհքով եք փրկված՝ հավատքի ձեռքով, և սա ոչ թե ձեզնից է, այլ Աստծո պարգևն է, ոչ թե գործերից, որ մեկը չպարծենա» (Եփեսացիների 2.8,9)։ Այս երկու խոսքերն Աստծո շնորհքի մասին են։ Լիովին ակնհայտ է, որ մենք փրկված ենք շնորհքով, և որ սա պարգև է Աստծուց։ Քսանմեկերորդ դարում եկեղեցին փայլուն կերպով փոխանցել է այս ճշմարտությունը։ Մենք ոչ մի դեպքում չենք կարող այնքան քրտնաջան աշխատել, այնքան սուրբ կյանք վարել և այնքան զոհաբերել, որ վաստակենք մեր Արարչի՝ Ամենակարող Աստծո հետ հավիտենությունն անցկացնելու արտոնությունը։ Այս հայտնի աստվածաշնչյան հատվածը եղել է այս կարևոր ճշմարտության գլխավոր հղումներից մեկը, եթե ոչ՝ ամենագլխավորը։ Այնուամենայնիվ, այն, ինչ գրված է սրանից հետո, անտեսվել է. «Որովհետև Նրա ստեղծվածն ենք՝ Քրիստոս Հիսուսով հաստատված բարի գործերի համար, որոնց համար Աստված առաջուց պատրաստեց մեզ (կամ՝ որոնք Աստված առաջուց պատրաստեց մեզ համար), որ նրանցում վարվենք» (Եփեսացիների 2.10)։ Ուշադրություն դարձրեք, որ 9րդ խոսքին հաջորդում է «որովհետև» բառը։ Այս բառը շաղկապ է, որը միացնում է երկու նախադասություն։ Այլ կերպ ասած՝ նախորդ երկու խոսքերն ընդամենը փոխանցվող մտքի սկիզբն են, ոչ թե առանձին ավարտուն միտք։ «Որովհետև» բառը նշանակում է «այս պատճառով», այնպես որ, 8րդ և 9րդ խոսքերը մեջբերելիս՝ 10րդ խոսքը չպետք է անտեսվի։ Հակառակ դեպքում, դուք լիովին չեք ընկալի փոխանցվող միտքը։ Տասներորդ խոսքում գրված է, որ մենք Նրա ձեռքի գործն ենք՝ ստեղծված հատուկ նպատակի՝ բարի գործեր անելու համար։ Այնպես որ, ըստ էության, Պողոսն ասում է հետևյալը այս երեք խոսքերում. «Մենք փրկված ենք շնորհքով՝ առաջին հերթին Աստծո զավակ լինելու համար, և նույն շնորհքը հավասարապես զորացրել է մեզ՝ գործելու համար»։ Մենք ոչ մի դեպքում չպետք է չափից ավելի շեշտադրենք մի ճշմարտություն՝ մյուսն անտեսելու հաշվին։ Սակայն թույլ տվեք նախապես ասել, որ մեր ինքնությունը Քրիստոս Հիսուսում շատ ավելի կարևոր է, քան մեր գործերը, քանի որ մեր բոլոր գործերը պետք է բխեն մեր ինքնությունից։ Հեշտ է խույս տալ գործելու պահանջից, քանի որ դրանով ազատում ենք մեզ ցանկացած ճնշումից՝ կապված այն բանի հետ, որ մենք պետք է ինչոր բան անենք, որպեսզի կառուցենք Աստծո թագավորությունը։ Բայցևայնպես, ճշմարտությունն այն է, որ հենց մեր գործերն են ուժ հաղորդում մեզ։ Հիսուսն ասում է. «Իմ կերակուրն այն է, որ Ինձ ուղարկողի կամքն անեմ և Նրա գործը կատարեմ» (Հովհաննես 4.34)։ Նա նույնպես ասում է. «Ինչպես Իմ Հայրն Ինձ ուղարկեց, Ես էլ ձեզ եմ ուղարկում» (Հովհաննես 20.21)։ Միավորելով այս երկու պնդումները մենք հստակ տեսնում ենք, որ մեր կերակուրն է՝ կատարել և ավարտել մեզ ուղարկող Հիսուսի կամքը։ Կերակուրն այն է, ինչն ուժ է տալիս մեզ։ Եթե մենք չսնվենք, կտկարանանք և պիտանի կլինենք շատ քիչ բանի համար։ Այժմ վերագրենք սա մեր հոգևոր կյանքին։ Եթե չկատարենք մեզ ուղարկող Հիսուսի կամքը, մենք կտկարանանք՝ դառնալով խոցելի գայթակղության համար։ Հիսուսի հետ ավելի քան քառասուն տարի վարվելուց հետո ես նկատել եմ, որ հավատքից հեռանալու գլխավոր պատճառներից մեկը գործերի բացակայությունն է։ Մարդիկ դառնում են ծույլ և անգործ իրենց կոչման հանդեպ և չեն էլ նկատում, թե ինչպես են հայտնվում ինքնագոհ արբեցության կամ անբարոյության մեջ, կամ տարվում են այնպիսի հետաքրքրություններով, որոնք վերադարձնում են իրենց այս աշխարհի կենսաոճին։ Նրանք կորցնում են իրենց հոգևոր ուժը։ Ամփոփելով սա՝ կարելի է ասել. Այն, ինչ մենք անում ենք, զորացնում է մեզ։ Թույլ տվեք կրկնել այս երեք աստվածաշնչյան խոսքերի ճշմարտությունը։ Դուք վերստին ծնվել եք Աստծո ձրիաբար տրված շնորհքով՝ Աստծո զավակ լինելու համար, և դուք զորություն եք ստացել նույն շնորհքով՝ գործելու համար։ Աստվածաշունչը պնդում է, որ Աստված նախապես ծրագրել է մեր բոլոր գործերը։ Դավիթը գրում է. «Դու տեսար ինձ մինչև իմ ծնվելը։ Իմ կյանքի ամեն օրը գրված էր Քո գրքում։ Ամեն վայրկյանը ծրագրված էր, երբ իմ օրերից ոչ մեկը դեռ չէր եղել» (Սաղմոս 139.16, NLT)։ Աստված ձեզ համար գործեր է պատրաստել մինչև ձեր ծնվելը։ Եվ Նա գրի է առել դրանք առանձին գրքում։ Կարելի է միայն պատկերացնել, թե որքան մեծ է այդ գիրքը, քանի որ դրանում գրի է առնված մեր կյանքի ամեն վայրկյանը։ Այն առաջադրանքները, որոնք Նա ծրագրել է մեզ համար, վերաբերում են Իր թագավորությունը կառուցելուն։ Նրա խորին ցանկությունն է, որ մենք կատարենք այն, ինչ ծրագրել է մեր կյանքի համար, սակայն չկա երաշխիք, որ մենք կանենք դա։ Ուշադրություն դարձրեք, որ Եփեսացիների 2.10ում գրված է՝ «որ նրանցում վարվենք»։ Այս խոսքում գրված չէ՝ «և մենք նրանցում կվարվենք», այլ՝ «որ նրանցում վարվենք»։ Մենք ազատ կամք ունենք. Նա նախապես պատրաստել է գործեր մեզ համար, սակայն մենք ենք որոշում՝ արդյո՞ք կվարվենք ըստ Նրա ծրագրի։ Ես համոզված եմ՝ երբ մենք կանգնենք Հիսուսի առջև հավատացյալների ատյանում (որտեղ վարձատրվելու ենք մեր գործերի համար՝ որպես քրիստոնյաներ, կամ վնաս ենք կրելու, որ թերացել ենք), Նա կբացի այդ գիրքը և կասի. «Եկ համեմատենք, թե որքանով է քո կյանքը համապատասխանել այն ծրագրին, որն Իմ Հայրը և Ես սկզբնապես կազմել էինք քեզ համար»։ (Ինչ վերաբերում է դատաստանին, երկու աստվածաշնչյան խոսքերում գրված է, որ «գրքերը բացվեցին». կարդացե՛ք Դանիել 7.10 և Հայտնություն 20.12)։ Ես հավատում եմ, որ Աստված գրել է այդ գրքերը մեր կյանքի մասին մինչև մեր ծնվելը։ Ինչ վերաբերում է մեր հատուկ կոչմանը, մենք չենք դատվի ըստ այն գործերի, որոնք կատարել ենք, այլ՝ ըստ այն գործերի, որոնք կատարելու համար կանչված ենք եղել։ Սա սթափեցնող միտք է։ Այս պահին հնարավոր է, որ մի փոքր խուճապի մատնվեք։ Դրա կարիքը չկա։ Կա երեք կարևոր բան, ինչը պետք է հաշվի առնել։ Առաջինը՝ Աստված ավելի շատ է ձգտում, որ կատարեք այն, ինչի համար Նա կանչել է ձեզ, քան դուք։ Նա ավելի շատ է ցանկանում, որ բացահայտեք ձեր կոչումը, քան դուք։ Երկրորդը՝ ձեր կոչման մեջ լիարժեք կերպով լինելու համար անհրաժեշտ է աճ, որն ընթացք է, ոչ թե մեկանգամյա իրադարձություն. այնպես որ, հակառակվե՛ք անհամբերությանը տեղի տալու ցանկությանը։ Երրորդը՝ այս գրքում դուք կգտնեք օգտակար խորհուրդներ թե՛ Աստվածաշնչից, թե՛ կյանքի փորձից՝ ձեր կոչումը բացահայտելու և զարգացնելու համար։ Ահա մի օրինակ՝ այս ամենը բացատրելու համար։ Ենթադրենք, ես քաղաքաշինության կոմիտեի նախագահ եմ և ցանկանում եմ տպավորիչ բնակելի, հանգստի և առևտրային համալիր կառուցել քաղաքի կենտրոնում։ Որպես քաղաքաշինության կոմիտեի նախագահ՝ նաև գլխավոր ճարտարապետն եմ, և կազմում եմ այդ համալիրի գլխավոր նախագիծը հմուտ շինարարների և ճարտարապետների հետ։ Ես ցանկանում եմ, որ այդ համալիրում լինեն խաղային տարածքներ, կարուսելներ, մարզադաշտեր, շատրվաններ և այգիներ՝ հանգստի և զբոսանքի համար։ Նույնպես ցանկանում եմ ընդգրկել մանրածախ առևտրի խանութներ բնակելի շենքերի առաջին հարկերում, նաև ռեստորաններ, կինոթատրոններ և այլ ստեղծարար տարրեր՝ մեր համալիրը եզակի դարձնելու համար։ Նախագիծը պատրաստ լինելուն պես ես որոշում եմ, թե ինչ կապալառուներ են անհրաժեշտ՝ իմ գլխավոր նախագծի առանձին մասերը կատարելու համար։ Ես վարձում եմ մի շարք կապալառուների և տալիս եմ իրենց առաջադրանքների ժամանակացույցը։ Նախագիծը պատրաստ է սկսելու համար։ Եթե բոլոր կապալառուներն անեն ճիշտ այն, ինչ ես խնդրում եմ, այդ հսկայածավալ նախագիծը սահուն կերպով կկառուցվի և անխափան կգործի։ Սակայն ի՞նչ կլինի, եթե կապալառուներից մի քանիսն առաջնահերթ չհամարեն այդ նախագիծը։ Ի՞նչ, եթե նրանք ընդունեն այդ առաջադրանքը, սակայն շինարարության համար նախատեսված ժամանակահատվածում օգտագործեն իրենց հմտությունները՝ այլ աշխատանքներ կատարելու համար։ Ի՞նչ կլինի, եթե նրանք գնան ձկնորսության, գոլֆ խաղալու կամ հաճախեն սպորտային միջոցառումների այնքան հաճախ, որ աշխատանքն անտեսվի։ Ի՞նչ կլինի, եթե մյուսները ծույլ գտնվեն և լրջորեն չվերաբերվեն իրենց գործին։ Եթե ես լիովին կախված լինեմ այդպիսի կապալառուներից, նախագիծը չի կատարվի ըստ ժամանակացույցի։ Կարելի է ասել, որ այն այդպես էլ չի ավարտվի։ Կապալառուներն իրենք են որոշում, թե ինչպես վարվեն իրենց ժամանակի և տաղանդների հետ։ Այնուամենայնիվ, որպես քաղաքաշինության կոմիտեի նախագահ, ես չեմ հանդուրժելու լուրջ հետաձգումներ կամ նախագծի անավարտ մնալու տարբերակը։ Փոխարենը, ես բերելու եմ այլ կապալառուների՝ աշխատանքը կատարելու համար։