Արտասովոր Կյանք

(0)

1

Արտասովոր 

 

«…Ինչ որ աչք չտեսավ, և ականջ չլսեց, և մարդու սիրտ չընկավ, այն պատրաստեց Աստված Իրեն սիրողների համար» (Ա Կորնթ. 2.9): Այս խոսքերն ասես մի կտավ են կերտում աներևակայելի և արտասովոր մի կյանքի մասին, որը շատ ու շատ հեռու է հասարակ մահկանացուի պատկերացումներից կամ վերապրածից: Հավանաբար շատ ես լսել այս խոսքերը և վերագրել դրանք միմիայն երկնային փառքին: Բայց իրականում դրանք գրված են այս` այժմյան կյանքի համար, քանի որ հեղինակը` Պողոս առաքյալը շարունակում է. «Բայց այս ամենը գիտենք, քանի որ Աստված հայտնեց դրանք մեզ Իր Հոգով» (Ա Կորնթ. 2.10, NLT): Պողոսը, ով ապրում էր եկեղեցու ձևավորման ժամանակաշրջանում, Տիրոջից կանչված էր բացահայտելու այն, ինչ նախկինում ծածկված էր մարդկանց աչքերից, ականջներից և պատկերացումներից: Իր կյանքի հանձնարարությունը նկարագրելու համար նա գրել է հետևյալ խոսքերը. «Իմ առաջադրանքն է լուսավորել և բացահայտել, թե Աստված, Ով ստեղծեց այս ամենը, ինչ էր անում ծածուկում և վարագույրներից այն կողմ ողջ ընթացքում: Աստծո այս արտասովոր ծրագիրը հայտնի է դառնում և նույնիսկ բարձրաձայնվում հրեշտակների կողմից  Հիսուսի հետևորդների միջոցով, ովքեր ձեզ նման հավաքվում են եկեղեցում» (Եփես. 3.9,10, MSG): Նա Մեկն է, Ով ցանկանում է, որ դու ունենաս արտասովոր կյանք: Նա Հայր է, Ով, ինչպես ցանկացած լավ հայր, ցնծում է Իր զավակների ձեռքբերումներով և երջանկությունով: Նրա անունն Աստված է: Եվ ոչինչ չի գոհացնի Նրան ավելի, քան քեզ քո ներուժի բարձրագույն կետին հասած տեսնելը: Աստծո արտասովոր ծրագիրը բացահայտվում է, երբ մենք արտասովոր կերպով ենք ապրում: Եկ առիթ տանք հրեշտակներին մեր մասին խոսելու:  Արտասովոր. այս բառն անգամ լսելիս գոյություն ունեցող նորմերը շրջանցելու և «ստատուսքվոն» ճեղքելու մեծ ցանկություն է ծնվում: Վերջինիս բացատրություններից են` վեր այն ամենից, ինչ սովորական է, սովորականը գերազանցող, բացառիկ: Հոմանիշներից են` նշանակալի, զարմանահրաշ, չքնաղ և աներևակայելի: Որպեսզի ամբողջովին ընկալենք ոգեշնչող այս բառի իմաստը, նայենք վերջինիս հականիշները` հասարակ, նորմալ, սովորական: Մի պահ խորհիր` արտասովորի հակառակը սովորականն է: Ես կարծում եմ, որ եթե ազնիվ գտնվենք, բոլորս ենք ցանկանում, որ մեր կյանքը նշանակալի լինի կամ ավելին, քան մենք գիտենք կամ տեսել ենք: Եթե ազատ թողնենք մեր զգացմունքները, ապա կտեսնենք, որ մեզանից  յուրաքանչ յուրը տենչում է դուրս պրծնել գերիշխող հասարակ վիճակից: Մենք արտասովոր բաների անհագ փափագ ունենք: Ամենասիրված և հանրաճանաչ ֆիլմերը, որոնք գրավել են մարդկանց սրտերն ու ուշադրությունը, արտասովոր բաների մասին են: Օրինակ` «Սարդ- մարդը», «Սուպերմենը», «Անհավանական Հալքը», «Աստղային պատերազմները», «Մատանիների տիրակալը» եռապատումը, «Նարնիայի քրոնիկոնները», «Մատրիցան», «Ֆանտաստիկ քառյակը», «Անհավանականները», «Իքս մարդիկ», «Հարրի Փոթերը», «Կարիբյան ծովի ծովահենները». և սա դեռ բոլորը չէ: Այս ամենին ավելացրու այն ֆիլմերը, որոնց արտասովոր հերոսները սխրանքներ են գործում, ապրում բացառիկ կյանքով, ինչպիսիք են` Բեթմենը, Երկաթե մարդը, Ինդիանա Ջոնսը, Զորրոն, Ուիլիամ Ուոլասը, Ռոբին Հուդը, Սպարտակը, Սերժանտ Յորքը: Սրանք զուտ մի քանիսն են: Իրականում 2009թ. դրությամբ բոլոր ժամանակների լավագույն 25 մարտաֆիլմերից 17-ն այս կարգին են դասվում: Դա կազմում է մոտավորապես 70 տոկոս, իսկ այս տոկոսային հարաբերակցությունը զուտ աննշան կփոխվի, եթե նույնիսկ լավագույն ֆիլմերի քանակը 25-ից հասնի 50-ի: Շատ հետաքրքիր է, որ բոլոր ժամանակների ամենաճանաչված ֆիլմերի ստվարզանգվածը չեն կազմում սիրային պատմությունների, առեղծվածային սպանությունների, պատերազմների մասին ֆիլմերը, լրտեսային թրիլլերները, իրական կյանքի տարբեր բնագավառների, սպորտի, կովբոյների, ոստիկանության մասին պատմությունները, ընկերական, ընտանեկան կամ առհասարակ կյանքի դրամաները: Ո՛չ, կինոթատրոնները ցուցադրում են ֆիլմեր, որոնք արտասովոր կերպարների մասին են: Նրանք զարմանահրաշ արարքներ են կատարում, իսկ նրանցից շատերն էլ օժտված են գերմարդկային հատկություններով կամ ուժով: Ինչո՞ւ: Որովհետև արտասովոր կյանքը հենց այն է, ինչի համար մենք ստեղծվել ենք: Դա էր Աստծո ծրագիրը մեզ համար ի սկզբանե: Քրիստոնեության պատկերը Դժբախտաբար, Աստծո ծրագիրը և մարդկանց կողմից դրա իրագործումը ոչ միշտ են համընկնում: Հիմնական պատճառը, որ ես խուսափում էի քրիստոնեությունից, վերջինիս վերաբերյալ ձևավորված սխալ պատկերացումն էր: Ես, ինչպես շատ այլոք, մտածում էի, թե Աստծո մարդիկ Աստվածաշունչը որպես մահակ օգտագործող քննադատներ են, ովքեր հմուտ են ուրիշների սխալները ծանրութեթև անելու մեջ: Կամ էլ, ըստ իս, նրանք պասիվ կյանքով ապրող մարդիկ էին, հետամնաց և անկիրթ: Իմ մտքովն անգամ չէր էլ անցնում, որ հենց քրիստոնյաներն էին ժամանակի առաջամարտիկները, ովքեր ապրում և մտածում էին ոչ սովորական` դրսևորելով արտասովոր վարք: Իսկ քրիստոնյա կանանց վերաբերյալ պատկերացո՞ւմը: Այն շատ ավելի վատն էր: Ես մտածում էի, որ նրանք կարծիք չունեն կարևոր հարցերի վերաբերյալ, ժամանակակից չեն և չեն էլ կարևորում իրենց արտաքինը: Իմ պատկերացմամբ` աստվածապաշտ  կինը չէր կարող դուրս գալ տնային տնտեսության հետ կապված իր պարտականությունների շրջանակներից, էլ ուր մնաց, որ նա որևէ կերպ առաջնորդի դեր ստանձներ: Եվ ես` որպես երիտասարդ, չէի ցանկանա արգելել իմ կնոջը որոշումներ կայացնել և իմ կյանքի արկածների ժամանակ ընկերակցել ինձ, չէի կարող պատկերացնել իմ կողքին ճնշված կնոջ, այլ ցանկանում էի մեկին, ով կյանքով լեցուն կլիներ: Ես քրիստոնեությունը համարում էի անկենդան: Հավատացյալ դառնալն ինձ համար նշանակում էր կորցնել իմ անհատականությունը և հրաժարվել ստեղծագործ ապրելակերպից, բացառիկությունից, հոգու բռնկումներից և շուկայական հարաբերություններում, սպորտում, քաղաքական, կրթական և կյանքի այլ բնագավառներում հաջողության հասնելու կարողությունից: Բայց իհարկե, ես այդ ժամանակ չգիտեի, որ իմ հայացքները ճիշտ հակառակն են այն կյանքի, որն Աստված ստեղծել է մեզ համար, որովհետև արտասովորի հանդեպ անհագ փափագը Նա է դրել մեր մեջ: Հիմա տես, թե ինչ է ասում Աստված. «Աստված ասաց. «Ե՛կ մեր պատկերով մարդկային արարածներ ստեղծենք, ովքեր կարտացոլեն Մեր բնությունը, որպեսզի կարողանան իշխել ծովերի ձկների, երկնքի թռչունների, անասունների հոտերի, և, իհարկե, հենց երկրի ու ամեն կենդանու համար, որ շարժվում է երկրի երեսի վրա»: Աստված ստեղծեց մարկանց, նրանց աստվածակերպ ստեղծեց, որ արտացոլեն Աստծո բնությունը: Արու և էգ ստեղծեց նրանց: Աստված օրհնեց նրանց. «Բարգավաճե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը, իշխե՛ք»» (Ծննդ. 1.26-28, MSG): Մենք արարվել ենք արտացոլելու Աստծո բնությունը: Նա թե՛ տղամարդուն, թե՛ կնոջն ասաց. «Բարգավաճե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը, իշխե՛ք»: Ադամը` առաջին մարդը, անվանակոչեց երկրի կենդանիների բոլոր տեսակները (ես համոզված եմ, որ նրա կինը նույնպես մասնակցություն կունենար այդ գործին, բայց նա դեռևս ստեղծված չէր): Աստված կենդանիներին բերեց Ադամի մոտ և նրան հանձնարարեց անուններ տալ: Երկրի վրա կա ավելի քան մեկ միլիոն տեսակի կենդանի: Ադամը ոչ միայն կարողանում էր անուններ որոշել, այլ նաև հիշել յուրաքանչյուրին: Նա իրապես զարմանալի և արտասովոր մարդ էր: Դու կարող ես հարցնել. «Բայց Ադամի անհնազանդության պատճառով այդ ունակություններն արդ յո՞ք չեն կորսվել»: Ո՛չ, Հիսուսը կարգի բերեց Ադամի ստեղծած խառնաշփոթը: Պողոսը գրում է. «Ապա ուրեմն մեկ մարդ մեղք գործեց և մեզ գցեց խնդիրների` մահվան և մեղքի մեջ, մեկ ուրիշն այդ ամենն ուղղեց և մեզ հանեց դրանից: Ու ոչ միայն մեզ դուրս բերեց այդ ամենից, այլ նաև վերադարձրեց մեզ դեպի կյանք» (Հռոմ. 5.18, MSG): «Կյանք» բառն այստեղ չի սահմանափակվում միայն նրանով, թե մենք ինչպես ենք ապրելու երկնքում, այն նաևնշանակում է, թե ինչպես ենք ապրելու «այստեղ և հիմա»: Հիսուսը ոչ միայն վերականգնեց այն, ինչ Ադամը կորցրեց, այլ շատ ավելին արեց. Նա վերադարձրեց մեզ արտասովոր կյանքով ապրելու զորությունը: Իրականում ճշմարտությունն այն է, որ Աստված ոչ միայն ցանկանում է, որ դու ապրես արտասովոր կյանքով, այլ Նա արդեն ապահովել և զինել է քեզ անհրաժեշտ ամեն ինչով: Երբեք մի՛ մոռացիր սա: Գրի՛ր այս ամենը քո սրտի տախտակների վրա: Զարմանահրաշ, արտասովոր կյանքը նախատեսված չէ կոնկրետ մասնագիտությունների տեր անհատների համար և նշանակություն չունի, թե դու ով ես կամ կյանքում ինչ ծառայություն ունես: Բոլորովին կարևոր չէ` ուսուցիչ ես, գործարար, կառավարիչ, տնային տնտեսուհի, թե մարզիկ, բանվոր, վարսահարդար, ուսանող կամ հովիվ (և այս ցուցակն անվերջ է), որովհետև դու ստեղծված ես հենց այդ կարգավիճակում արտասովոր նվաճումներ ունենալու համար: Նշանակալի սխրանքներ գործելու և բացառիկ կյանքով ապրելու զորությունը կախված է ոչ թե քո զբաղմունքի տեսակից, այլ սրտի դիրքից: Դա ոչ միայն Աստծո կամքն է, այլ Նրա մեծ ուրախությունը:

Հոլիվուդը, կրոնավոր մարդիկ և մեր մշակույթն ինձ համար կերտել էին Աստծո մարդկանց վերաբերյալ աղավաղված և սահմանափակ պատկերացում: Իսկ ի՞նչն էր այդ աղավաղման պատճառը: Աստված, ես և դուք ունենք մեկ ընդհանուր թշնամի` սատանան, որ կոչվում է նաև «այս աշխարհի տիրակալ», «օդի իշխան», «այս աշխարհի աստված»: Նա է վերահսկում աշխարհի համակարգերն ուներ գործում այն մարդկանց մտածելակերպի վրա, ովքեր չեն պատկանում Աստծուն: Նա ունի բյուրավոր ընկած հրեշտակներ և չար ոգիներ, որոնց միջոցով էլ իրագործում է իր մեծ ծրագիրը: Ցավալին այն է, որ շատ հաճախ եկեղեցու պատկերացումը սատանայի ռազմավարության մասին սահմանափակվում է նրա վարքագծի կոնկրետ դրսևորումներով, մասնավորապես` մարդկանց դրդելով ալկոհոլ օգտագործելուն կամ էրոտիկ ֆիլմեր դիտելուն: Սակայն նա շատ ավելի խորամանկ է և օգտագործում է որոգայթների ու կեղծումների ավելի լայն շրջանակ: Մենք բաց ենք թողել նրա առաջնային նպատակը: Սատանան ամենաշատը սարսափում է այն բանից, որ քրիստոնյաները կհայտնաբերեն ու կհասկանան, թե Աստված ինչպիսին է իրենց ստեղծել, իսկ մենք ստեղծվել ենք որպես արտասովոր մարդիկ` օժտված անսովոր ու զարմանալի արարքներ կատարելու հնարավորություններով: Ահա այսպիսին պետք է լինի հասարակության պատկերացումը քրիստոնյաների վերաբերյալ: Ի տարբերություն այսօրվա քրիստոնյաների` առաջին եկեղեցու քրիստոնյաները պայքարում էին այն մտքի դեմ, որ իրենց համարում էին գերբնական հերոսներ կամ աստվածներ, քանի որ նրանք ապրում էին արտասովոր կյանքով: Կորնելիոսը, լինելով աշխարհի ամենազորավոր բանակի հրամատարներից մեկը, խոնարհվեց` Պետրոսին և նրան ընկերակցողներին երկրպագելու: Պետրոսը շփոթվելով անմիջապես պատասխանեց. «…Վե՛ր կաց, ես ինքս էլ մարդ եմ» (Գործք 10.26): Լյուստրա կոչված քաղաքում բազմությունը ««…ձայները բարձրացրին լիկայոներեն և ասացին. «Աստվածներն իջել են ցած: Այս մարդիկ աստվածներ են»: Պողոսը կտրուկ ուղղեց նրանց. «Այս ի՞նչ եք անում: Մենք աստվածներ չենք…»» (Գործք 14.10,14, MSG): Երբ Պողոսը Մելիտինեում խարույկի համար չոր փայտ էր հավաքում, մի թունավոր օձ կծեց նրան: Նա օձին կրակի մեջ թափ տվեց, իսկ այդ տեղի բնակիչները սպասում էին, որ Պողոսը շուտով կմահանա: «Բայց երբ արդեն ակնհայտ էր, որ նա չի մահանալու, անմիջապես եզրակացրին, որ նա աստված է» (Գործք 28.6, MSG): Անհավատներն այսպես էին արտահայտվում առաջին եկեղեցու մասին. «…սրանք, ովքեր աշխարհը գլխի վայր շուռ տվեցին, այստեղ էլ եկան» (Գործք 17.6): Հասարակությունը բարձր էր գնահատում քրիտոնյաներին: Գրված է, որ ողջ Երուսաղեմ քաղաքը «…հարգում էր նրանց» (Գործք 5.13, NLT): Թող որ մեր օրերում յուրաքանչյուրս այնպես ապրենք, որ վերականգնենք եկեղեցու նկատմամբ հարգանքը: Ճանապարհորդություն Խորասուզվելով այս գրքի էջերում` մենք կկատարենք ճանապարհորդություն, որը կբացահայտի, որ Աստծո կամքն է և ցանկությունը, որ մենք ապրենք արտասովոր կյանքով: Ես կխնդրեմ ձեզ հպանցիկ չկարդալ այս գրքի գլուխները կամ չշրջանցել դրանց որոշ մասերը, քանի որ յուրաքանչյուր գլուխ իր ամփոփ տեսքը ստանում է վերջում: Ես չեմ կամենում, որ դուք գործեք այն սխալները, որոնք ես բազմիցս արել եմ: Ինչպես օրինակ` փոքր հասակում սովորաբար սենյակ էի մտնում մեր ընտանեկան կինո դիտումների վերջում: Եվ մի երեկո էլ ես մտա հենց այն պահին, երբ ավարտին էր մոտենում «Վեստսայդյան պատմություն» ֆիլմը, և երբ գլխավոր հերոսուհին մահանում էր և ասում իր վերջին խոսքերը: Հայրս, մայրս, քույրերս և ես դիտում էինք նույն տեսարանը, բայց դա նույն ազդեցությունը չթողեց ինձ վրա, ինչ թողել էր նրանց վրա: Ես այդպես էլ չէի կարողանում հասկանալ, թե ինչու են մայրս և քույրերս հուզվել, և նույնիսկ հայրս էր խոժոռված և տխրել: Իսկ քանի որ ես ուշ էի միա ցել նրանց, մտածում էի. «Ի՞նչ է եղել, որ…»: Նույն տեսարանը, որ ցնցել էր ծնողներիս ու քույրերիս, ինձ վրա ոչ մի ազդեցություն չէր գործել, որովհետև ես ամբողջ ֆիլմի ընթացքում «չէի ճանապարհորդել» նրանց հետ: Եվ ահա, ես չէի ցանկանա, որ նույն բանը պատահեր քեզ հետ այս գրքի ուղերձը կարդալիս: Որովհետև այն հետզհետե զարգացող մի հայտնություն է, որն իր մեջ մեծ ներուժ ունի փոխելու քեզ այնպես, որ այլևս երբեք սովորական չապրես: Ես այս ամենն ասում եմ սեփական փորձից ելնելով, որովհետև երբ փնտրում էի Տիրոջը` ուսումնասիրելով, գրելով և աղոթելով այս թեմայի շուրջ, ես մեկընդմիշտ փոխվեցի: Անցկացնելով այս ճանապարհորդությունն ինձ հետ` դու ոչ միայն կիմանաս, որ ստեղծված ես արտասովոր կյանքով ապրելու համար, այլ նաև կհասկանաս, թե ինչպես ապրել հենց այդպես: Սակայն մինչև սկսելը, եկ միասին աղոթենք, որպեսզի Աստված հայտնի Իր ցանկությունն ու կամքը. «Թանկագի՛ն Աստված, խնդրում եմ, որպեսզի այս գիրքը կարդալիս Քո Սուրբ Հոգին սովորեցնի ինձ: Ես աղոթում եմ, որպեսզի հասկանամ այն կոչման մեծությունն ու հարստությունը, որ Դու հռչակել ես իմ կյանքի վրա: Օգնի՛ր ինձ ճանաչել այն զորությունը, որ Դու դրել ես իմ մեջ այդ կոչումն իրագործելու, Քո անվանը փառք բերելու ու Քո սրտին ուրախություն պարգևելու համար: Տե՛ր, Դու ինձ դրել ես այստեղ և հենց այս ժամանակ ներում, ուստի ես աղոթում եմ, որպեսզի այս ուղերձն  օգնի ինձ` կատարելու բոլոր այն հրաշալի գործերը, որոնք ծրագրել ես իրագործել այս երկրի վրա իմ միջոցով: Խնդրում եմ Քեզ Հիսուսի անունով: Ամե՛ն»:

Վարկանիշներ

0 reviews
keyboard_arrow_up