ՆԱԽԱԲԱՆ
«Որովհետև Տերը պիտի մխիթարի Սիոնին, պիտի մխիթարի նրա բոլոր ավերակները և նրա անապատը դրախտի նման պիտի շինի և նրա ամայի տեղը՝ Տիրոջ պարտեզի պես։ Ցնծություն և բերկրություն պիտի գտնվի նրանում, գովասանություն ևօրհներգության ձայն»։ – Եսայի 51.3
Ես սիրում եմ Եսայու գիրքը. նա իմ ամենասիրելի մարգարեն է Հին կտակարանում։ Այս խոսքում Եսային այլաբանություններ է օգտագործում, որպեսզի հավաստիացնի մեզ, որ Աստված ձգտում է վերածել մեր կյանքի անպտուղ բնագավառները կենարար պարտեզների։ Այս խոսքերը հայտնում են, որ ամայի անապատի չորացած հողը, ըստ էության, մեր վերափոխման խթանն է։ Երբ այն, ինչ եղել է անցյալում, հեռացվում է մեզնից, մենք հայտնություն ենք ստանում այն մասին, ինչ լինելու է ապագայում։ Մեր Հայրն անցկացնում է մեզ այս պատրաստության փուլով, որպեսզի հասնենք Իր խոստումներին։ Ես պատիվ եմ ունեցել լինելու ամուսնուս կողքին, երբ մենք անցնում էինք հիասթափության անապատներով, որոնցում հուսալքության ավազաբլուրները սպառնում էին ծածկել մեզ։ Ես հետևում էի, թե ինչպես էր նա աղոթում, խորհում ևաղաղակում. «Աստվա՛ծ, որտե՞ղ ես»։ Մենք արթուն էինք մնում գրեթե ամեն գիշեր՝ մտածելով, թե ո՞րն էր մեր սխալը։ Միգուցե մենք սայթաքել էինք, իսկ միգուցե այնպիսի սխալ էինք գործել, որը կարելի էր ուղղել։ Ամեն օր Ջոնը դուրս էր գալիս տանից վաղ առավոտյան՝ մինչև արևածագը, որպեսզի լսեր և պատասխաններ փնտրեր... հուսալով, որ այդ օրը պարզություն և փոփոխություն կբերեր։ Ես անհանգիստ սպասում էի նրա վերադարձին։ Երբ նա տուն էր գալիս, մեր որդիներն արդեն արթուն էին։ Դու լսեցի՞ր ինչոր բան,շշնջում էի ես։ Ջոնը տարուբերում էր գլուխը։ Տխրությունը համակում էր իմ սիրտը և մթագնեցնում էր իմ հույսը։ Միգուցե մենք խելագա՞ր էինք։ Մենք իսկապե՞ս լսել էինք Աստծո ձայնը։ Մի՞թե դա հնարավոր էր։ Եթե Աստված էր առաջնորդել մեզ այստեղ, ինչո՞ւ էր Նա լռում մեր նեղության մեջ։ Այո՛, ես տրտնջացել եմ անապատում։ Երանի՜ այդ ժամանակ ես իմանայի այն, ինչ գիտեմ հիմա։ Ես կանցնեի անապատն ավելի թեթև սրտով և հավատքով լցված քայլերով։ Կհասկանայի, որ այդ ընթացքում ես մաքրվում և պատրաստվում էի։ Այս ամենի լույսի ներքո, կարծում եմ, այս գիրքն ուղեցույց է, և շատ առումներով, նվեր է։ Ընդունե՛ք անապատի դասերը, և ձեր կյանքի հաջորդ փուլում դրանք լավ ծառայություն կմատուցեն ձեզ։ Բարձրացրե՛ք ձեր գլուխը. դուք մենա՛կ չեք։
— Լիզա Բիվեր Հանրաճանաչ հեղինակ՝ ըստ «Նյու Յորք թայմս» ամսագրի «Մեսինջեր Ինտերնեյշնլ» ծառայության համահիմնադիր
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Այս գիրքը պատմում է իմ անապատային ընթացքի, ինչպես նաև շատերի նմանատիպ փորձառության մասին։ Ես դեռ չեմ «հասել», ևո՛չ էլ ստացել եմ այն, ինչ Աստված պատրաստել է ինձ համար, բայց աղոթում եմ, որ այս էջերում դուք գտնեք անհրաժեշտ ուժ և համարձակություն, որպեսզի հաստատակամորեն գնաք դեպի ձեր կոչումն Աստծո մեջ։ Ես չեմ պնդում, որ այս գիրքը սպառիչ կամ ներառական ուսումնասիրություն է։ Այս մասին կարելի է գրել շատ ավելին։ Այնուամենայնիվ, գրքում կիսվում եմ իմ սրտից՝ անդրադառնալով անապատային ժամանակահատվածի գլխավոր կողմերին։ Գրքի նպատակն է ծանոթացնել ձեզ այս թեմային՝ թույլ տալով Սուրբ Հոգուն անձնավորել այս ուղերձը և կիրառել այն ձեր կյանքում։ Այս գիրքը խոսում է այն մասին, թե ինչ է անապատը ևինչ այն չէ: Այստեղ խոսվում է անապատի նպատակի ևօգտի մասին։ Իմ աղոթքն է, որ գրքում ներկայացված օրինակների, նկարագրությունների և խրատների միջոցով դուք հասկանաք, թե ինչպես իմաստությամբ վարվեք անապատում։ Ինչպես արդեն նշեցի, գրքում կտեսնեք շատ օրինակներ իմ կյանքից, որոնք տեղի են ունեցել իմ առաջին երկու ծառայողական նշանակումների ժամանակ։ Առաջինը Տեխաս նահանգի Դալլաս քաղաքում էր, որտեղ չորս ու կես տարի ծառայեցի իմ հովվին և նրա հյուրերին։ Իմ անապատային փուլն այդ նշանակման վերջին տասնութ ամիսների ընթացքում էր։ Հաջորդ անապատային փուլն իմ երկրորդ նշանակման ժամանակ էր. ես երիտասարդական ծառայության հովիվ էի Ֆլորիդայում գտնվող մի եկեղեցում երկուս ու կես տարի։ Այս երկրորդ անապատի համեմատ, իմ առաջին անապատը Դալլասում զբոսախնջույք թվաց ինձ։ Տարօրինակ է, բայց այդ սաստիկ անապատային փորձառությունը նույնպես տեղի ունեցավ այդ նշանակման վերջին տասնութ ամիսների ընթացքում։ Մի՞թե իմ կյանքում չեն եղել այլ անապատային փուլեր։ Իհարկե եղել են, բայց երբ դրանք սկսվեցին, ես արդեն շատ ավելի լավ էի հասկանում դրանց բնույթը։ Որպես արդյունք՝ ես շարունակ չէի աղաղակում. «Աստվա՜ծ, ի՞նչ է կատարվում», կամ «Աստվա՜ծ, որտե՞ղ ես»։ Ես այնքան բան էի սովորել նախորդ փուլերում, որ գիտեի, թե ինչ էր կատարվում ևինչպես էր պետք վարվել այդ իրավիճակներում։ Ես զրուցել եմ բազմաթիվ տղամարդկանց և կանանց հետ, որոնք գտնվում են այս փուլում։ Որպես կանոն, նրանք խոսում են իրենց շփոթմունքի և հիասթափության մասին։ Շատերը չեն էլ պատկերացնում, թե ինչ է տեղի ունենում։ Վերջերս կինս՝ Լիզան, ևես երկու հաղորդում ձայնագրեցինք այս մասին, ևարձագանքն այս թեմային շատ ավելի լայն էր, քան մենք երբևէ ստացել էինք։ Դա դրդեց ինձ վերանայել իմ կողմից գրված առաջին գիրքը, որը սկզբնապես հրատարակվել էր «Հաղթանակ անապատում» վերնագրով։ Ես գրել էի այդ գիրքը գրեթե երեսուն տարի առաջ։ Ուշադրությամբ կարդալով՝ հասկացա, որ այն մարգարեական ուղերձ էր ուշ 1980ական և վաղ 1990ական թվականների համար։ Այնպես որ, իմ խմբագիրը ևես առանձնացրինք այդ գրքից անժամանակյա ճշմարտությունները, ավելացրինք բազմաթիվ սկզբունքներ, որոնքքաղել էի վերջին երեսուն տարվա ընթացքում, և լիովին նոր գիրք գրեցինք։ Այնպես որ, սա վերանայված գիրք չէ, այլ՝ լիովին նոր ուղերձ։ Համոզված եմ, որ այն գիրքը, որն այժմ ձեր ձեռքում է, անժամանակյա ուղերձ է, որը կօգնի թե՛ այսօր, թե՛ գալիք սերունդներում ապրող մարդկանց անցնել կյանքի այս կարևոր փուլը։ Գրված է. «Ամեն բանի ժամանակ կա, և ժամանակ՝ երկնքի տակ ամբողջ ձեռնարկության» (Ժողովող 3.1)։ Մեր կյանքը բաժանված է փուլերի, ևամեն մեկն ունի հատուկ նպատակ։ Կարևոր է հասկանալ ամեն փուլի նպատակը՝ դրանում ճիշտվարվելու համար։ Հետաքրքիր կլիներ, եթե ձմեռային սպորտային հագուստով մի մարդ ճոպանուղի նստեր և սար բարձրանար՝ սնոուբորդի բոլոր պարագաներով, ևիջնելով ճոպանուղուց՝ երեսնիվայր ընկներ՝ սահելու փոխարեն։ Ինչո՞ւ, քանի որ նա բարձրացել էր ամռանը, երբ սարի վրա ձյուն չկա։ Նրա գործողություններն արդյունավետ կլինեին ձմռանը, սակայն դրանք կործանարար հետևանքներ ունեցան նրա ներկա փուլում։ Գրքում ես ցանկանում եմ սովորեցնել այս կարևոր փուլի մասին, որը նախատեսված է էտվելու և մեր ուժերն ավելացնելու համար։ Այն ունի մեկ նպատակ՝ պատրաստել մեզ։ Դուք անմիջապես կնկատեք, որ ես շատ եմ խոսում ծառայության մասին։ Յուրաքանչյուրս կանչված է որևէ ոլորտում՝ գործարար, կրթական, առողջապահության, պետական կառավարման ևայլն։ Իմ կոչումը ծառայության հինգ պարգևներն են. այնպես որ, իմ պատմություններն այդ մասին են։ Այնուամենայնիվ, դուք կարող եք կիրառել այս գրքի սկզբունքները ցանկացած ոլորտում, որտեղ Աստված կանչել է ձեզ։ Գործարար ոլորտում կանչված մարդիկ պետք է որոշ ժամանակ պատրաստվեն իրենց կոչման համար նույն կերպով, ինչպես և Ավետարանի ծառայողները։ Սա վերաբերում է կյանքի բոլոր ոլորտներին։ Եվս մեկ բան. ես ընդգրկել եմ լրացուցիչ բաժիններ, որոնք կոչվում են՝ «Ինչպե՞ս անցնել անապատը»։ Դրանցում կան սեղմ, առանձին խորհուրդներ և խրախուսական խոսքեր, որոնք կօգնեն հնարավորինս արդյունավետ դարձնել ձեր անապատային ընթացքը։ Հուսով եմ՝ այս ուղերձը հստակություն կբերի ձեր կյանքում, որպեսզի դուք վնաս չկրեք անապատի մասին անտեղյակ լինելու պատճառով, ինչպես դա տեղի ունեցավ ինձ հետ, և կխրախուսի ձեզ շարունակ ձգտել միակ Անձնավորությանը, Ով կարող է բավականություն տալ մեզ։
Անկեղծորեն՝ Ջոն Բիվեր, Հունվար 2019
1
ՈՐՏԵ՞Ղ ԵՍ ԴՈՒ
«Երբ մենք անվրդով դիմանում ենք չորությանը ևամայությանը, մենք վկայում ենք, որ սիրում ենք Աստծուն, բայց երբ Նա այցելում է մեզ Իր ներկայության քաղցրությամբ, Նա վկայում է, որ սիրում է մեզ»։
– Մադամ Գիյոն / ԺաննաՄարիա Բուվյե դե լա ՄոտտԳիյոն
«Ահա գնում եմ դեպի արևելք, և Նա չկա, և դեպի արևմուտք, և Նրան չեմ նշմարում։ Դեպի հյուսիս՝ Իր գործողության մեջ, և չեմ իմանում. հարավում է ծածկվում, ևես Նրան չեմ տեսնում»։ – Հոբ 23.8,9
Ես բարկացած էի բոլորի վրա և նույնիսկ չգիտեի՝ ինչու։ Թվում էր՝ ոչինչ չէր ստացվում։ Մեր առաջնեկը՝ Էդիսոնը, տասնութ ամսեկան էր, ևես անհամբեր էի նրա հանդեպ։ Ես բղավում էի կնոջս՝ Լիզայի վրա։ Ես հիասթափվել էի իմ հովվից։ Ես բարկացած էի այն մարդկանց վրա, որոնց հետ աշխատում էի։ Եթե անկեղծորեն խոստովանեմ, հավանաբար, նաև հիասթափված էի Աստծուց և բարկացած էի Նրա վրա։ Ես տրտնջում էի. «Ի՞նչ ես Դու անում»։ «Ինչո՞ւ Դու չես գործում իմ կյանքում»։ «Որտե՞ղ է այն խոստումների իրականացումը, որոնք Դու տվել ես ինձ»։ «Ինչո՞ւ ոչինչ չի ստացվում»։ «Ինչո՞ւ Դու չես խոսում ինձ հետ»։ Ես կրկին ու կրկին փնթփնթում էի՝ արտահայտելով իմ դժգոհությունը. «Որտե՞ղ ես Դու»։ Ձեր կյանքում եղե՞լ է այնպիսի ժամանակ, երբ թվում էր՝ Տերն այնքա՜ն մոտ էր, որ բավական էր միայն շշնջալ Նրա անունը, և դուք անմիջապես զգում էիք Նրա ներկայությունը և լսում էիք Նրա պատասխանը։ Այնուամենայնիվ, եկավ մի ժամանակ, երբ դուք շարունակ դիմում էիք Նրան, բայց ոչ մի պատասխան չէիք ստանում։ Թվում էր՝ Նա լիովին անհայտացել էր ձեր կյանքից։ Միգուցե հիմա այդպիսի վիճակում եք և ցանկանում եք գոչել այդ լռության մեջ՝ տալով նույն հարցը, որը ես էի տալիս. «Աստվա՛ծ, որտե՞ղ ես»։ Ես անապատում էի, բայց չգիտեի այդ մասին։ Ապրում էի Տեխաս նահանգի Դալլաս քաղաքում և համարում էի ինձ Հիսուսի բարի հետևորդ, որի մասին Աստված մոռացել էր։ Կարճ ժամանակ էր, ինչ քրիստոնյա էի դարձել, և կարծում եմ՝ դա իմ առաջին իրական անապատային փորձառությունն էր։ Մինչ այդ բավական էր կանչել, և Տերն անմիջապես պատասխանում էր։ Ես հիշում եմ, որ Նա արագորեն պատասխանում էր նույնիսկ իմ ամենաանհեթեթ խնդրանքներին։ Նրա ներկայությունն այնքա՜ն մոտ էր, այնքա՜ն ակնհայտ էր, ևայնքա՜ն ուժգին էր։ Այնպես որ, ես չէի հասկանում, թե ինչ էր կատարվում։ Ամեն օր ծնկաչոք հարցնում էի Նրան. «Աստվա՛ծ, ի՞նչ է կատարվում։ Դու ասես միլիոնավոր կիլոմետրերով հեռու լինես ինձնից»։ Ես շարունակ վերանայում էի իմ կյանքը՝ հարցնելով. «Ի՞նչ սարսափելի մեղք եմգործել»։ Իհարկե, ինչպես և յուրաքանչյուրն այս աշխարհում, ես ժամանակ առ ժամանակ սայթաքում էի և մեղանչում, բայց նույնպես արագորեն ապաշխարում էի՝ խնդրելով Հիսուսի ներումը։ Որքանով ես գիտեի, իմ կյանքում չկար շարունակական և միտումնավոր մեղք։ Ամեն օր այդ չորության ընթացքում ես հարցնում էի. «Աստվա՛ծ, ինչո՞ւ Դու այլևս չես խոսում ինձ հետ»։ Հազիվ թե ինձ կարելի լիներ համեմատել Աստվածաշնչի մեծագույն հերոսներից մեկի՝ Հոբի հետ, բայց իմ արձագանքը մասամբ նման էր նրա արձագանքին։ Հոբի խոսքերը, որոնք մի ժամանակ օտար էին թվում ինձ, այժմ հասկանալի էին դառնում։ Այդ գրքի խոսքերից մի քանիսը շատ դիպուկ էին նկարագրում անապատում թողնված լինելու զգացումը, որը ես ունեի։
«Ահա գնում եմ դեպի արևելք, և Նա չկա, և դեպի արևմուտք, և Նրան չեմ նշմարում։ Դեպի հյուսիս՝ Իր գործողության մեջ, և չեմ իմանում. հարավում է ծածկվում, ևես Նրան չեմ տեսնում»։ Հոբ 23.8,9
Ես շարունակ աղոթում էի, բայց թվում էր՝ երկինքը պղնձի պես ամուր էր։ Այդ ժամանակ Տերը ցույց տվեց ինձ, որ քրիստոնեական կյանքում կան զուգահեռներ երեխայի աճի հետ։ Ես հոգևոր մանուկ էի, բայց այժմ անցում էի կատարում դեպի նոր փուլ։ Այդ ընթացքում ես տեսնում էի դա բնական օրինակով։ Էդիսոնը մոտավորապես տասնութ ամսեկան էր։ Լիզան հրաշալի մայր էր, ևերբ Էդիսոնը լաց էր լինում, նա անմիջապես մոտենում և խնամում էր նրան։ Նա մի ակնթարթում հայտնվում էր մոր գրկում և կերակրվում էր՝ ստանալով սնուցում և մխիթարություն։ Բայց Էդիսոնը, ինչպես ևամեն երեխա, պետք է մեծանար և, ի վերջո, հասներ հասունության։ Եկավ ժամանակը, երբ մեր բոլոր որդիները (մենք չորս որդի ունենք) պետք է ինքնուրույն սնվեին։ Աստվա՜ծ իմ, ինչպիսի՜ խառնաշփոթ էր սկսվում այդ ժամանակ։ Ես գիտեմ, որ հասկանում եք ինձ։ Երբ նրանք փորձում էին ինքնուրույն ուտել, կերակուրի կեսը թափվում էր կերակրման աթոռի և հատակի վրա։ Երեխաներն այնքա՜ն են հուսահատվում, որ առաջվա պես չեք կերակրում իրենց, բայց դուք դադարում եք կերակրել նրանց, քանի որ դուք պատասխանատու մայր կամ հայր եք։ Երբ մեր որդիները թափում էին ուտելիքն իրենց շուրջը, մենք ուզում էինք անմիջապես մոտենալ և կերակրել նրանց, բայց գիտեինք, որ դա կխանգարեր նրանց զարգացմանը։ Մենք թույլ էինք տալիս մեր որդիներին մեծանալ։ Ոչ մի դեպքում չէինք ուզում գդալով կերակրել նրանցից որևէ մեկին մինչև տասնութ տարեկանը։ Երբ նորածինները մեծանում են, նրանց խնամքի ձևը փոխվում է՝ նրանց աճը և զարգացումը խրախուսելու համար։ Աստված վարվում է մեզ հետ նման կերպով, որպեսզի մենք հոգևորապես զարգանանք և հասունանանք։ Վերստին ծնված և Սուրբ Հոգով լցված ժամանակ Նա պատասխանում է ամեն անգամ, երբ կանչում ենք Նրան։ Բայց որոշ ժամանակ անց (և հուսով եմ՝ մենք կմեծանանք միայն կաթին կարոտ լինելու վիճակից, Եբր. 5.12) Աստված թույլ է տալիս մեզ անցնել այնպիսի փուլերով, որոնցում Նա անմիջապես չի պատասխանում մեր ամեն կանչին։ Պատճառն այն է, որ Նա ցանկանում է օգնել մեզ աճել և հասունանալ։ Երբ Տերն օգնեց ինձ հասկանալ, որ հոգևոր հասունության ընթացքը նման է այն ընթացքին, որը յուրաքանչյուրը պետք է անցնի՝ մանկությունից մինչև չափահաս տարիքը, ես սկսեցի ավելի շատ մտածել այդ մասին և հարցրի ինձ. «Միգուցե ես սխալվո՞ւմ էի։ Հնարավո՞ր է, որ այն, ինչով անցնում եմ, պատիժ չէ Տիրոջից։ Հնարավո՞ր է, որ ես տարվել եմ անապատ, որ ինչոր բան սովորեմ, որ աճ ունենամ, ինչի շնորհիվ ես ավելի արդյունավետ կերպով կհետևեմ և կծառայեմ Հիսուսին»։ Այդ ժամանակ ես հիշեցի, որ նույնը տեղի ունեցավ Հիսուսի հետ։ Գրեթե անմիջապես այն բանից հետո, երբ Հովհաննեսը մկրտեց Նրան, և Նրա Հայրը գովեց Նրան, Սուրբ Հոգին անապատ տարավ Հիսուսին։ Հիսուսը կշտամբանք չէր ստանում և, անկասկած,ոչ մի մեղք չէր գործել։ Այնպես որ, այն ընթացքում, երբ լցված էի բարկությամբ և ինքնախղճահարությամբ, ի վերջո, մտածեցի. «Հնարավո՞ր է, որ անապատն այնքան էլ սարսափելի չէ, որքան ես եմ սարսափելի դարձնում»։
Ինչպե՞ս ընկալել անապատը
Եթե մենք պետք է նմանվենք Հիսուսին, մեր բնավորությունը պետք է զարգանա։ Եվ, ըստ էության, անապատն այն վայրն է, որն Աստված ընտրել է այդ նպատակի համար։ Հաճախ, երբ մենք անապատում ենք, թվում է՝ Աստված միլիոնավոր կիլոմետրերով հեռու է մեզնից, և Նրա խոստումները դատարկ են։ Բայց դա պարզապես տպավորություն է, ոչ թե իրականությունը։ Իրականում, Նա շատ մոտ է մեզ, քանի որ խոստացել է երբեք չթողնել և չլքել (տե՛ս Եբր. 13.5)։ Անապատով անցնելը այնպիսի փուլ է, որտեղ, թվում է, ձեր ընթացքը հակառակ է ձեր երազանքներին ևայն խոստումներին, որոնք, ինչպես դուք վստահաբար գիտեք, Նա տվել է ձեզ։ Անապատում դուք չեք զգում հոգևոր աճ ևառաջընթաց։ Իրականում, կարող է թվալ, թե դուք նույնիսկ հետընթաց եք ապրում։ Թվում է՝ Նրա ներկայությունը պակասում է, ոչ թե ավելանում։ Նույնիսկ կարող է այնպիսի զգացողություն առաջանալ, որ դուք չսիրված ևանտեսված եք, սակայն դա ճիշտ չէ։ Անկասկած, անապատն այն վայրն է, որտեղ հայտնվելու են Քրիստոսի բոլոր անկեղծ հետևորդները, թեև այնտեղ դուք կարող եք խիստ միայնակ զգալ ձեզ։ Ճշմարտությունն այն է, որ անապատն անհրաժեշտ է Աստծո յուրաքանչյուր զավակին։ Իրականում, Հիսուսի ողջամիտ և հասուն աշակերտը դառնալու համար դուք, միգուցե, մի քանի անգամ անցնեք անապատով։ Երանի՜ ես կարողանայի կարճուղի կամ զարտուղի ցույց տալ ձեզ քարտեզի վրա, որպեսզի չհայտնվեիք այդ ամայի վայրում, բայց նման բան չկա։ Եվ, իմ ընկե՛ր, դա շատ լավ է, քանի որ մեր ընթացքն անապատում ևայդ փուլն ընդունելը անհրաժեշտ է, եթե ցանկանում ենք հասնել մեր խոստման երկրին։
Ի՞նչ է անապատը
Գոհությո՜ւն Աստծուն, մեզնից շատերը ստիպված չեն ֆիզիկապես գոյատևել անբերրի վայրում՝ իրական անապատում, որտեղ գրեթե ջուր չկա և շատ դժվար է ապաստան գտնել։ Ցերեկը շոգ է, իսկ գիշերը՝ ցուրտ, և մենք միայնակ, ծարավ և քաղցած ենք։ Ի լրումն այդ ամենի, մենք կորած ենք և չգիտենք, թե ինչպես դուրս գալ այդտեղից։ Միգուցե մենք չենք եղել այդպիսի վայրում, սակայն ունեցել ենք անապատային զգացմունքներ։ Այս գրքում ես կպատմեմ մի քանի կարևոր իրադարձություններ իմ անապատային փորձառությունից. իմ կյանքում եղել են մի շարք նման իրադարձություններ, և դրանցից ոչ մեկը հաճելի չի եղել։ Բարի լուրն այն է, որ անապատը չպետք է բացասական ընթացք լինի, եթե մենք պատրաստ ենք հնազանդվել Աստծուն։ Ես գիտեմ, որ սա անտրամաբանական է թվում, բայց անապատի նպատակը դրական է՝ մարզել, մաքրել, զորացնել և պատրաստել մեզ Նրա Հոգու նոր շարժման համար, որի արդյունքում մենք ավելի պտղաբեր կդառնանք։ Անապատում հայտնվելուն պես շատերն անգիտակցաբար խուճապի են մատնվում և սկսում են անխոհեմ վարվել։ Առանց հասկանալու՝ նրանք ձգտում են սխալ բաների և սխալ քայլերի են դիմում։ Դրա օրինակը կարող է լինել աշխատավայրի կտրուկ փոփոխությունը, մի եկեղեցուց մյուսը գնալը և ցանկացած արմատական փոփոխություն, որը, նրանց կարծիքով, կարող է երջանիկ դարձնել իրենց կամ վերականգնել իրենց սովորական վիճակը։ Օրինակ, ամուրիները կարող են անխոհեմաբար նոր հարաբերություն սկսել՝ ցավոտ բաժանումից հետո։ Եթե դուք փորձեք ելք գտնել մինչև հասկանալը, թե ինչու է Աստված բերել ձեզ այդ չորության վայրը, որտեղ գտնվում եք, դուք ակամա կերկարաձգեք ձեր ժամանակն անապատում։ Արդյունքում կարող եք կրել ավելի շատ նեղություններ, հիասթափություններ և նույնիսկ պարտություններ, քանի որ դուք չեք հասկանում այն փուլը և վայրը, որոնց մեջ Աստված առաջնորդել է ձեզ։ Սա տեղի ունեցավ Իսրայելի զավակների հետ, որոնք անցկացրին անապատում քառասուն տարի։ Նրանք չհասկացան, թե ինչ էր կատարվում իրենց հետ, ևարդյունքում մի ամբողջ սերունդ դարձավ ոչ հարմար՝ Խոստման երկիրը ժառանգելու համար։ Որքա՜ն ողբերգական է։ Աստված անապատ տարավ նրանց՝ փորձելու, մարզելու և պատրաստելու համար, որպեսզիդարձներզորավորևպատերազմողմարդիկ,որոնքկկարողանային տիրանալ Աստծուց ստացած խոստմանը՝ իրենց նոր հայրենիքին։ Դրա փոխարեն, Իսրայելի զավակները սխալմամբ դիտարկեցին անապատը որպես պատիժ և սկսեցին շարունակ տրտնջալ, բողոքել և ցանկանալ։ Երբժամանակն էր,որնրանքհեռանայինանապատից ևտիրանային Խոստման երկրին, նրանց լրտեսները վերադարձան և հետախուզական ճեպազրույց անցկացրին, որի արդյունքում ժողովուրդը լսեց տրտնջացողների և բողոքողների վատ լուրը։ Նրանք պետք է ընտրեին Աստծո խոստումների, կարողության ու մարդկային պատկերացումների ևանկարողության միջև, ևորոշեցին հավատալ մարդկանց, ոչ թե Աստծուն։ Նրանք ընդունեցին այն սուտը, որ իրենք պարտվելու են և չեն ստանալու իրենց կաթ ու մեղր բխեցնող երկիրը։ Նրանք չարակամորեն վարվեցին՝ Աստծո բնավորությունը և հատկանիշները չճանաչելու պատճառով։ Աստված ծավալուն պատասխան տվեց նրանց, որի իմաստը հետևյալն էր. «Վարվե՛ք՝ ինչպես ուզում եք»։ Այն կարճատև անապատային ընթացքը, որը պետք է տևեր մեկ տարի, տևեց մինչև նրանց կյանքի ավարտը։ Զգո՛ւյշ եղեք։ Մենք չենք ցանկանա, որ մեր կենսագրության մեջ գրված լինի նման որոշման մասին։ Բայց մենք կարող ենք սովորել նրանց սխալներից, և Պողոս առաքյալը խոսում է այս մասին. «Այս բաները կատարվեցին նրանց հետ՝ որպես օրինակներ, և գրվեցին՝ մեզ խրատելու համար» (Ա Կորնթացիների 10.11, CSB)։Եթե մենք սովորենք ճանաչել անապատային փորձառությունը՝ դրանում հայտնվելուն պես, մեր ատամները կրճտացնելու և տրտնջալու փոխարեն շնորհակալ կլինենք՝ իմանալով, որ դրան հետևում է նոր հասունության, զորության, օրհնությունների, հնարավորությունների և կատարված խոստումների «երկիրը»։ Արդյունքում այդ դժվարին շրջանն այնքան էլ դժվարին չի թվա, և մենք կհամաձայնենք Հակոբոսի հետ.
«Երբ բախվում եք ամեն տեսակի նեղությունների, համարե՛ք դա հնարավորություն մեծ ուրախության համար... որովհետև երբ ձեր համբերությունը (կամ՝ դիմացկունությունը) ամբողջովին կատարելագործվի, դուք լիարժեք ևամբողջական կլինեք ևոչ մի բանի կարիք չեք ունենա» (Հակոբոս 1.2,4, NLT)։