ՄԵՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՍՏԾՈ ՄԵՋ
Նախաբանի փոխարեն
Շատ քրիստոնյաներ այսօր հիվանդ են, աղքատ և պարտված` կյանքի շատ բնագավառներում, չնայած որ Հիսուսը 2000 տարի առաջ Գողգոթյան խաչի վրա վճարեց, որպեսզի մենք լինենք երջանիկ, առողջ և, ամենակարևորը, հաղթող՝ կյանքի բոլոր բնագավառներում: Երբ կարդում ենք Ավետարանը, տեսնում ենք, որ այսօր այդ հաղթանակը պատկանում է մեզ` քրիստոնյաներիս: Աստվածաշնչում գրված է, որ Հիսուսն արդեն մեր փոխարեն արյուն է թափել, չարչարվել է ու տանջվել, և մենք Նրա վերքերով μժշկվել ենք, մեր խաղաղության համար Նա գին է վճարել. հիշի՛ր, որ Ինչ որ մեկն արդեն ներել է քո մեղքերը: Աստված ուզում է, որ մենք ֆինանսապես բարգավաճենք, որ տարածենք Ավետարանը` անկողնում հիվանդ պառկելու փոխարեն, չապրենք պարտքերի մեջ` մեզ վրա կրելով կյանքի դժվարությունները: Հիսուսը մեռելներից հարություն է առել, Նա կենդանի է և բնակվում է մեզ հետ: Այսօր ժամանակն է, որ արթնանանք քնից, և Հիսուսը մեզ կլուսավորի: Աստծո Խոսքում ասվում է. «Իմ ժողովուրդը կործանվում է գիտություն չունենալու պատճառով» (Ովսե 4.6): Աստված չի ուզում, որ մենք կործանվենք, Նա ցանկանում է մեզ օրհնված տեսնել: Այդ իսկ պատճառով ուղարկել է Իր Խոսքը և Սուրբ Հոգին, որպեսզի մենք ամեն բան սովորենք Նրանից:
ԵԿԵ՛Ք ԻՆՁ ՄՈՏ
Ավետարանում գրված է. «Ինձ մո՛տ եկեք բոլոր հոգնածներ և բեռնավորվածներ, և Ես հանգիստ կտամ ձեզ: Ձեզ վրա առեք Իմ լուծը և Ինձնից սովորեք, որովհետև Ես հեզ եմ և սրտով խոնարհ, և ձեր անձերի համար հանգստություն կգտնեք, որովհետև Իմ լուծը քաղցր է, և Իմ բեռը՝ թեթև»: Այս խոսքերում երեք պատվիրան ենք տեսնում: Առաջին պատվիրանն է. «Ինձ մոտ եկեք»: Հիսուսն այսօր կանչում է: Ես այդ կանչն առաջին անգամ լսել եմ, երբ դեռ Աստծուն չէի ճանաչում և աշխարհիկ կյանքով էի ապրում: Ես ապահովված էի ֆինանսապես ու շատ առողջ էի, բայց հոգնել էի կյանքից և միշտ մտածում էի. «Ինչո՞ւեմ ծնվել, մի՞թե ծնվել եմ մեռնելու համար»: Եվ այդ մտքերից սարսափը պատում էր ինձ: Շատ անգամ պատկերացնում էի, որ մահանում եմ և իմ հուղարկավորությունն էի տեսնում: Հավատացե՛ք, այդ ամենը շատ ահավոր է ու դժվար: Երբ քեզ մշտապես նման մտքեր են հետապնդում, նշանակում է` մահն է քեզ կանչում և ասում. «Ե՛կ ինձ մոտ»: Մի անգամ, երբ ընկերներիս հետ արբեցողությամբ էի զբաղված (այդ ժամանակ ես ապրում և աշխատում էի Ռուսաստանում), նրանք սկսեցին իրար հետ վիճել մի երիտասարդ, անառակ աղջկա պատճառով, և ընկերներիցս մեկը դա նակահարեց մյուսին: Նրա աղիքները դուրս թափվեցին: Ես շատ ծանր վերապրումներ ունեցա, կյանքը իմաստազրկվեց: Ես տեսա, որ ամեն բան, նույնիսկ ընկերությունը, սուտ է, և ոչ մի ճշմարտություն չկա: Ես հոգնել էի կյանքից: Թեպետ ֆիզիկապես հոգնած չէի, բայց հոգնել էի հոգեպես: Հոգնել էի ստից, կյանքի ունայնությունից, դավաճան ընկերներից: Կորցրել էի կյանքի իմաստը, ինձ այլևս ո չինչ չէր կարող օգնել, շատ անգամ ես արբում էի, որպեսզի մոռանամ կյանքի ունայնությունը: Հավատացեք` ոչ մի բան ինձ չէր օգնում:
Մի օր, երբ Երևանում էի, եղբայրս ինձ հրավիրեց քրիստոնեական մի հավաքույթի: Դա կոմունիստական հասարակարգի օրոք էր, և Քրիստոսին հավատացողները Աստծուն փառաբանելու համար գաղտնի էին հավաքվում: Ես հրաժարվեցի մասնակցել, որովհետև ինձ միշտ թվացել էր, թե Քրիստոսին հավատացողները խավարամիտ ու հետամնաց մարդիկ են: Բայց երբ հրաժարվեցի, վախը պատեց ինձ. ես մտածեցի, որ եթե չգնամ, կպատժվեմ: Այդ ժամանակ ես չգիտեի, որ Աստված սիրող Աստված է, որ Նա Իր միածին Որդուն տվեց, որպեսզի ես ունենամ առողջ ու հաջողված կյանք: Ես Աստծուն չէի ճանաչում և կարծում էի, թե Նա փայտը ձեռքին մի պապիկ է, որը հարմար առիթ է փնտրում, որպեսզի հարվածի մեզ: Մտածում էի, որ Աստված մեզ ծեծելու, դժբախտացնելու և մեր ունեցածը մեր ձեռքից խլելու համար է: Երբ մարդը չի ճանաչում Աստծուն, ամեն հիմար բան էլ մտածում է Նրա մասին, սակայն երբ սկսում ես ճանաչել Նրան, տեսնում ես, որ Նա քո բարի Հայրն է, և քեզ համար Գերբնական Առաջնորդող Հոգի է պատրաստել: Եվ դա հենց Իր Հոգին է: Նրա ձեռքին գավազան չկա, և ոչ էլ Նա ծեր է, որովհետև Երկնքում ծերություն չկա (այնտեղ հավիտենություն է), Նա հասկանում է մեզ և միշտ օգնել է ուզում, մի խոս քով` Նա հրաշալի ծնող է` առանց թերությունների: Ես մասնակցեցի այդ հավաքույթին: Առաջին տպավորությունը շատ հետաքրքիր էր: Հավաքույթի ժամանակ հանգիստ և խաղաղ մթնոլորտ էր տիրում, մի տեսակ ներքին ուրախություն կար բոլորի մեջ: Ես երջանիկ աչքեր էի տեսնում, որոնց մասին միշտ երազել էի: Լսում էի, թե Աստված ինչ մեծ հրաշքներ է արել նրանց կյանքում: Մարդիկ արդեն միմյանց պատմում էին, թե Աստված ինչ հրաշքներ է արել իրենց կյանքում: Մինչև օրս հիշում եմ մի կնոջ, որը պատմում էր, թե ինչպես է Աստված հոգում իր ընտանիքի կարիքները, և որ իր «յու ղը» երբեք չի վերջանում։