Նախաբան
Կգա այն օրը, երբ ամեն մեկս կկանգնի Աստծո առջև։ Հարցն այն է, թե արդյո՞ք մենք պատրաստ կլինենք։ Աստվածաշունչը հորդորում է մեզ. «Եղբայրնե՛ր և քույրե՛ր, ամեն ջանք արե՛ք, որ համոզված լինեք ձեր կոչման և ընտրության մեջ» (Բ Պետրոս 1.10, NET)։ Պատահե՞լ է, որ համոզված լինեք ինչ-որ բանում, իսկ հետո պարզվի, որ սխալվում էիք։ Դա տհաճ բան է։ Ինչպես և տղամարդկանց մեծ մասը, ես հաճախ եմ համոզված լինում, որ ընտրել եմ ճիշտ ճանապարհը, ցուցումները, ընթացակարգը, բանաձևը կամ մեթոդները։ Այնուամենայնիվ, պատահում է, որ հայտնվում եմ սխալ վայրում կամ ստիպված եմ կրկին սկսել իմ նախագիծը, հավաքակցումը կամ բանաձևը, այս անգամ` պատշաճ կերպով հետևելով ցուցումներին։ Եվ դա ամեն անգամ հիասթափություն է առաջացնում։ Ես զուր տեղը վատնեցի մեքենայիս վառելիքը, իմ ժամանակը, միջոցները և փողը։ Ես համոզված էի, որ գիտեի ճիշտը, բայց, փաստորեն, չգիտեի։ Ես չեմ ցանկանում կրկնել նույն սխալը հավիտենության հարցում։ Բոլոր գրքերից, որոնք ես գրել եմ, « Հավիտենությամբ շարժվողները» ամենամեծ ազդեցությունն է թողել իմ կյանքում։ Առաջին անգամ այն լույս տեսավ մեկ տասնամյակ առաջ, և դրանից հետո ես և իմ թիմն անթիվ վկայություններ ենք ստացել փոխված կյանքերի մասին։ Այս գիրքը վերանայելը և թարմացնելը հեշտ առաջադրանք չէր. այնուամենայնիվ, երբ քննարկում էինք գրքի վերահրատարակությունը, ես գիտեի, որ մենք պետք է անեինք դա։ Ուժգին զգացում ունեի, որ այս էջերում զետեղված ուղերձը և՛ հրատապ է, և՛ խիստ կարևոր։ Մեր` Ավետարանի տնտեսների մեծագույն կոչումն է` շնորհքով և ճշմարտությամբ պատրաստել մարդկանց հավիտենության համար։ Ես ցանկանում եմ, որ դուք հավիտենական վստահություն ունենաք։ Գոյություն ունի մի սթափեցնող ճշմարտություն. երբ մենք կանգնենք մեր Արարչի առջև, շատ ուշ կլինի ամեն ինչ կրկին սկսելու համար։ Հուսով եմ և աղոթում եմ, որ երբ ընթերցեք և վերընթերցեք այս ուղերձը, Սուրբ Հոգին կօգտագործի այն, որպեսզի օգնի ձեզ լիարժեք կերպով իրագործեք ձեր հավիտենական ներուժը, և հավիտյան կփոխի ձեզ Իր շնորհքով և ողորմությամբ։
Անկեղծորեն` Ջոն Բիվեր, Մայիս, 2017թ
Ներածություն
Ի՞նչ առանձնահատուկ բան կա «հավիտենություն» բառի մեջ, որը գրավում է մեր ուշադրությունը, և նույնիսկ կարող է ազդեցություն թողնել մի ամբողջ պետության վրա։ Կա մի պատմություն Արթուր Սթեյսի մասին։ Նա ծնվել է Ավստրալիայում, քսաներորդ դարի սկզբին, և նրա կյանքը լի էր անհուսությամբ։ Առաջին համաշխարհային պատերազմի և Մեծ Դեպրեսիայի միջև ընկած ժամանակահատվածում նա անտուն թափառական էր, ով հարբեցողությամբ էր զբաղվում և մանր գողություններ էր անում։ 1930 թվականի օգոստոսի 6-ին հանդիպեց Հիսուսին, և նրա կյանքն անդառնալիորեն փոխվեց։ Կարճ ժամանակ անց նա լսեց իր հովվի աղաղակը. «Երանի՜ ես կարողանայի գոչել «հավիտենություն» բառը Սիդնեյ քաղաքի բոլոր փողոցներում»։ Եվ նա այդ աղաղակն ի կատար ածելու մղում զգաց։ Արթուրն ամեն օր արթնանում էր շատ վաղ։ Նա մեկ ժամ աղոթում էր, իսկ հետո դուրս էր գալիս տնից` ժամը 05։00–05։30-ին, և ճանապարհվում էր այնտեղ, որտեղ Աստված առաջնորդում էր իրեն։ Ժամեր շարունակ Սիդնեյ քաղաքի փողոցների մայթերին նա գրում էր մեկ բառ` «հավիտենություն», մոտավորապես յուրաքանչյուր 30 մետրի վրա։ Ավելի քան քսան տարի նրա գործն առեղծված մնաց բոլորի համար. ո՞վ էր գրում այդ բառը, որը դրդում էր հազարավոր մարդկանց կանգ առնել և մտորել իր` թե՛ անմիջական, թե՛ երկարաժամկետ նշանակության մասին։ Մի՞թե այս անհայտ մարդը հասկացել էր այս բառի ազդեցությունը և դերը։ Այս հանելուկը լուծվեց միայն 1956 թվականին։ Արթուրի մահից երկու տարի անց` 1967 թվականին, սիդնեյցի բանաստեղծ Դագլաս Ստյուարտը հրատարակեց այս տողերը` անմահացնելով փողոցային որմնանկարիչ-քարոզչի միակ բառը. Բանաստեղծ Արթուր Սթեյսը` երկչոտ, խորհրդավոր, Ում գործը մեկ զորավոր բառ էր միայն, Անցավ ժամանակի և տարածության խորքերով, Որտեղ հնչեց իր բառը, և նա այն լսեց. «ՀԱՎԻՏԵՆՈՒԹՅՈՒՆ, ՀԱՎԻՏԵՆՈՒԹՅՈՒՆ»` նման մի զանգի, Քաղցր ղողանջող` երկնքից, մռայլ` դժոխքից։ Այս մեկ բառից բաղկացած քարոզը հպվեց ամբողջ Ավստրալիային։ Արթուրի ուղերձը պահպանվեց սերունդների համար` ճարտարապետ Ռիդլի Սմիթի կողմից, ով փորագրեց այն պղնձե տախտակի վրա, և նրա աշխատանքը տեղադրվեց Սիդնեյի հրապարակում։ Հետագայում այն ցուցադրվեց ավելի քան չորս միլիարդ հեռուստադիտողի։ Առաջին անգամ դա տեղի ունեցավ Սիդնեյի Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ: Երկրորդ անգամ այն երևաց հեռուստադիտողին նոր հազարամյակի նախօրեին` զարդարված Սիդնեյի Հարբոր Բրիջ կամրջի հրավառության լույսերով։ Հավիտենությունը գրավում է մարդկանց ուշադրությունը։ Ոչ մի ռասա, ցեղ և սեռ չի կարող հակառակվել դրա ձգողությանը։ Հավիտենությունը մեր սրտում է մեր ստեղծվելուց ի վեր, և մենք զգում ենք, որ այն մեր գոյության ներհատուկ, թեև` անհայտ չափումն է։ Այդ իսկ պատճառով, իմաստությամբ կվարվենք, եթե խորապես ուսումնասիրենք այն ամենը, ինչ մեր Արարիչն ասում է հավիտենության մասին։ Ի վերջո, Նրա Խոսքը պնդում է. « Հավիտենից հավիտյան Ես Աստված եմ։ Ոչ ոք չի կարող հակառակվել այն բանին, ինչ Ես անում եմ» (Եսայի 43.13, TLB): Դուք ընտրել եք այս գիրքը հենց այս պատճառով, և ես հավատում եմ, որ դուք իմաստուն որոշում եք կայացրել։ Աղոթենք` մինչև սկսելը։ Ես բարձրաձայն աղոթել եմ այս աղոթքն իմ աշխատասենյակում` ակնկալելով, որ հիմա դուք կաղոթեք այն ինձ հետ. « Հավիտենակա՛ն Աստված, ամեն ինչի Արարի՛չ և տիեզերքի Տե՛ր, ես գալիս եմ Քո առջև Քո Որդու` Հիսուս Քրիստոսի անունով։ Ես խնդրում եմ` համաձայնելով Քո ծառա Ջոն Բիվերի հետ, որ այսօր Դու օծես իմ աչքերը` տեսնելու համար, և իմ ականջները` լսելու համար, որ տաս ինձ այնպիսի սիրտ, որը կընկալի և կհասկանա այն ամենը, ինչ Դու ասում ես այս ուղերձի միջոցով։ Ես գիտակցում եմ, որ Սուրբ Հոգու օգնության կարիքն ունեմ, որպեսզի ճանաչեմ Քո կամքը և ճանապարհներն ինձ համար։ Ես ցանկանում եմ հաճեցնել Քեզ իմ կյանքի բոլոր օրերում, ինչպես նաև` ամբողջ հավիտենության ընթացքում։ Ցո՛ւյց տուր ոչ միայն Քո ճանապարհները, այլև Քո սիրտը, որպեսզի ես ճանաչեմ Քեզ, որովհետև սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեմ Քեզ` իմ Երկնային Հորը։ Շնորհակալություն Քո զարմանալի հավատարմության, շնորհքի և ողորմության համար»։ Եկե՛ք սկսենք` գիտակցելով, որ Սուրբ Հոգին կտա ձեզ այնպիսի խորաթափանցություն և հասկացողություն, որը ինքներդ անկարող եք ձեռք բերել։ Սա այնքա՜ն ոգեշնչող է։
ԳԼՈՒԽ 1
ՀԱՎԻՏԵՆՈՒԹՅՈՒՆ
« Սովորեցրո՛ւ մեզ առավելագույնս օգտագործել մեր ժամանակը... և մեր ջանքերն արդյունավե՛տ դարձրու։ Այո՛, մեր ջանքերն արդյունավե՛տ դարձրու»։ — Սաղմոս 90.12,17, NLT
Գրեթե բոլորը ցանկանում են նշանակալի կյանք ունենալ։ Սա ճիշտ և աստվածահաճո ձգտում է։ Մովսեսը հենց սա էր խնդրում վերևում բերված հատվածում։ Նա սկսեց` իմաստություն խնդրելով, որպեսզի առավելագույնս օգտագործեր իր ժամանակը։ Շատ բաներ, որոնք կորսված են կյանքում, կարելի է վերականգնել, բայց անհնար է վերադարձնել սխալ կերպով վատնած ժամանակը։ Արևը մայր մտնելուն պես` օրն անդառնալիորեն հեռանում է։ Մովսեսն ավարտեց իր աղոթքը` խնդրելով. « Մեր ջանքերն արդյունավե՛տ դարձրու»։ Այս խնդրանքը նույնությամբ կրկնվում է, և պատճառն այն չէ, որ Մովսեսը լավ չէր տիրապետում քերականությանը կամ վատ հիշողություն ուներ։ Կրկնությունը` շեշտադրման ձևերից մեկն է. սա մի հնար է, որն օգտագործվում էր հին եբրայերեն գրավոր խոսքում։ Այսօր, երբ մենք ցանկանում ենք շեշտադրել որևէ բառ կամ արտահայտություն, կարող ենք օգտվել մի քանի հնարներից։ Մենք կարող ենք գրել այդ բառը կամ արտահայտությունը թավատառով կամ շեղագրով, ընդգծել այն, ամբողջովին գրել գլխատառերով, շեշտ կամ բացականչական նշան դնել։ Այս ամենի նպատակն է` ուղղել ընթերցողի ուշադրությունը շատ կարևոր մտքերի վրա։ Հրեա գրողները կրկնակի էին գրում որևէ բառ կամ արտահայտություն` այն շեշտադրելու համար։ Նրանք ընդհանրապես հակված չէին չափազանցություններ անելուն, այլ մեծ զգուշությամբ էին ընտրում իրենց խոսքերը։ Այն, որ Մովսեսի խոսքերը կրկնվում են Աստվածաշնչում, ցույց է տալիս, որ հաջողությունը ոչ միայն Աստծո կամքն է մեզ համար, այլև` որ Նա ի սրտե ցանկանում է դա։ Հենց Նա է շեշտադրել այս արտահայտությունը։Մենք ստեղծված ենք հաջողությունների համար։ Աստված ցանկանում է, որ մեր կյանքը նշանակալի լինի։ Սա, նախ և առաջ, եղել է Աստծո ցանկությունը, ոչ թե մերը։ Նա հայտնել է Իր ցանկությունն Աստվածաշնչի միջոցով։ Թույլ տվեք ընդամենը երկու օրինակ բերել։ Առաջինը` « Քո Տեր Աստված հաջողակ կդարձնի քեզ` քո բոլոր գործերում» (Երկրորդ Օրինաց 30.9, NLT)։ Ուշադրություն դարձրեք, որ գրված է «բոլոր», ոչ թե «որոշ» գործերում։ Մեկ այլ հատվածում գրված է. «Այս օրենքի գիրքը քո բերանից չհեռանա, այլ գիշեր և ցերեկ նրա վրա մտածես, որ պահես և կատարես բոլոր նրա միջի գրվածի պես, որովհետև այն ժամանակ ճանապարհները հաջողակ կանես, և այն ժամանակ խելամուտ կլինես» ( Հեսու 1.8)։ Անհրաժեշտ է աստվածային իմաստություն` հաջողությունը վայելելու համար։ Աստվածաշունչը պնդում է. « Նա, ով իմաստություն է սիրում, իր շահն է սիրում, և հաջողակ կլինի» (Առակաց 19.8, TLB)։ Իմաստությունը տալիս է մեզ անհրաժեշտ գիտելիք և կարողություն` պատշաճ ժամանակին ճիշտ ընտրություններ կատարելու համար։ Իմաստությունը պարզապես խելամիտ մարդկանց հատուկ հատկանիշ չէ. այն պատկանում է նրանց, ովքեր ունեն Տիրոջ երկյուղը և Քրիստոսի մեջ են։ Եթե դուք ձգտում եք հավիտենական նշանակություն ունեցող կյանք կառուցել, պետք է անեք դա աստվածային իմաստությամբ, և այս ուղերձը հենց դրա մասին է։ Իմաստությունից ծնվում է հաջողությունը, որն իր հերթին բերում է հարատև բավականություն և վարձատրություններ. «Եթե դու իմաստուն ես, քո իմաստությունը կվարձատրի քեզ» (Առակաց 9.12, NIV)։ Տերը ոչ միայն ցանկանում է, որ դուք իմաստուն լինեք, այլև փափագում է վարձատրել ձեզ դրա համար։ Մեկ այլ խոսքում գրված է. « Տերը օրեցօր տեսնում է աստվածապաշտ մարդկանց բարի գործերը և հավիտենական վարձատրություններ է տալիս նրանց» ( Սաղմոս 37.18, TLB)։ Այն, որ Աստված ցանկանում է մեր հաջողությունը, վերջին տարիներին շեշտադրվել է եկեղեցու մեծամասնության մեջ, և դա ճիշտ է։ Այնուամենայնիվ, հաճախ հաջողությունն ընկալվում է` ըստ հասարակության բնորոշման, ոչ թե` Աստծո կարծիքի։ Այն դիտարկվում է ժամանակավոր, ոչ թե հավիտենական տեսանկյունից։ Արդյունքում` մեր տեսիլքը և պատկերացումներն անորոշ են դառնում, և մենք սկսում ենք ձգտել սխալ բաների։ Մեկ օր բոլորս կանգնելու ենք տիեզերքի Դատավորի` Հիսուս Քրիստոսի առջև։ Եթե մենք ապրել ենք աստվածային իմաստությամբ և պտղաբեր ենք եղել, մենք հավիտենական վարձատրություն կստանանք։ Եթե շեղվել ենք մեր ընթացքից, մենք կա՛մ կպատժվենք, կա՛մ հավիտենական կորուստ կկրենք։ Այնպես որ, դուք իմաստությամբ կվարվեք, եթե մի քանի ժամ տրամադրեք, որպեսզի իմանաք Աստծո չափանիշների մասին։ Այս գրքում խոսելու ենք այն մասին, թե ինչպես դարձնեք ձեր կյանքը նշանակալի ոչ միայն այսօր, այլև ամբողջ հավիտենության ընթացքում։ Աստվածաշունչը պարզորեն խոսում է այս մասին։ Եթե մենք պետք է հավիտենական հեռանկար ունենանք, նախ` հասկանանք, թե ինչ է հավիտենությունը։
Հավիտենություն
Ուշադրությա՛մբ կարդացեք այս երկու խոսքերը.
«Ոչ ոք չի կարող սկսել հասկանալ հավիտենությունը» ( Հոբ 36.26, TLB)։ «...հավիտենությունը դրել է նրանց սրտում» ( Ժողովող 3.11)։
Հավիտենություն... Ի՞նչ է այն։ Ինչպե՞ս կարելի է սահմանել այն։ Եվ ինչպե՞ս կարելի է հասկանալ այն։ Մի բառարան այն սահմանում է որպես «անսահմանափակ ժամանակ»1 , իսկ մյուսը` «գոյության վիճակ` ժամանակից դուրս»2 ։ Ինչպե՞ս մի բառարանը կարող է սահմանել հավիտենությունը` որպես գոյություն ժամանակի մեջ, իսկ մյուսը` որպես գոյություն ժամանակից դուրս։ Եվ ինչո՞ւ ոչ ոք չի անդրադարձել սրան։ Մի՞թե մենք կասկածի չէինք ենթարկի երկու տարբեր գիտական գրքեր, եթե դրանք, սահմանելով ինչ-որ երևույթ այս աշխարհում, նշեին, որ այն գոյություն ունի տարբեր պայմաններում։ Օրինակ` եթե մի գիրք սահմաներ ձկանը որպես ողնաշարավոր, որն ապրում է ջրում, իսկ մյուսը նշեր, որ այն ապրում է անջուր միջավայրում, մենք անմիջապես կեզրակացնեինք, որ դրանցից մեկը սխալ է, և կհրաժարվեինք սխալ սահմանումից։ Այդ դեպքում, ինչո՞ւ մենք կասկածի չենք ենթարկում հավիտենության սահմանումներն այս բառարաններում և չենք հրաժարվում դրանցից մեկից։ Բանն այն է, որ հավիտենությունը չի կարող մտովի ընկալվել։ Մեր միտքը սահմանափակ է. այն անկարող է ընկալել հասկացություններ, որոնք վերաբերում են անվերջությանը կամ հավիտենությանը։ Թույլ տվեք բացատրել։ Փորձեք պատկերացնել, թե որտեղ է ավարտվում տիեզերքը։ Մտածե՛ք դրա սահմանների մասին։ Եթե կարող եք պատկերացնել դա, ապա ի՞նչ կգտնեիք տիեզերքի եզրին։ Պա՞տ։ Ինչի՞ց այն պատրաստված կլիներ։ Որքա՞ն կլիներ դրա հաստությունը։ Մի՞թե այդ պատի մյուս կողմը կլիներ տիեզերքի վերջնական սահմանը։ Եթե այո, ի՞նչ կլիներ այդ սահմանից դուրս։ Կրկի՞ն` տարածություն։ Իսկ մի՞թե այն չէր կարող համարվել տիեզերքի շարունակությունը։ Եվ որտե՞ղ կլիներ դրա ավարտը։ Կարո՞ղ է ձեր միտքն ընկալել տիեզերքի անսահմանությունը։ Պարզապես մի պահ մտածե՛ք այս մասին։ Կամ` պատկերացրեք հատակ չունեցող փոս։ Կարո՞ղ եք պատկերացնել, որ ընկնելով փոսը` երբեք չեք ընկնի։ Դուք երբեք չեք հասնի հատակին, և ո՛չ էլ կտեսնեք այն։ Դուք պարզապես հավիտյան կընկնեք։ Այս օրինակի մեջ կա ոչ թե մեկ, այլ երկու բան, որոնք չեն կարող ընկալվել մեր կողմից։ Առաջինը` այն, որ փոսը հատակ չունի, և երկրորդը` այն, որ մենք անվերջ կընկնենք։ Սա դժվար է ընկալել և նման է գիտական ֆանտաստիկայի. այնուամենայնիվ, Աստվածաշունչը յոթ անգամ խոսում է նման մի վայրի մասին։ Իսկ Աստվա՞ծ` մարդու Արարիչը։ Մի պահ մտածե՛ք Նրա սկզբի կամ, ավելի ճիշտ, անսկիզբ լինելու մասին։ Աստվածաշունչը հռչակում է, որ Նա «հավիտենից հավիտյան» է։ Եթե Նա ծնված չէ, և եթե ոչ ոք չի ստեղծել Նրան, ինչպե՞ս է սկիզբ առել Նրա գոյությունը, և ինչպե՞ս է Նա Աստված դարձել։ Իրականում, Նա չի դարձել Աստված, քանի որ սաղմոսերգուն հռչակում է. « Դեռ որ սարերը չէին ծնված, և երկիրս ու աշխարհս չէիր ստեղծել, հավիտենից մինչև հավիտյան Դու ես Աստված» ( Սաղմոս 90.2)։ Մի պահ մտորե՛ք սրա շուրջ։ Եթե շարունակեք մտորել, ձեր մտավոր դատողությունները կկանգնեն փակուղու առջև, քանի որ Հոբի գրքում գրված է. «Ոչ ոք չի կարող սկսել հասկանալ հավիտենությունը»։