ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Աստված հստակ խոսեց սրտիս 1991 թվականին. «Որդի՛ս, ուզում եմ, որ գրես»։ Հաջորդող օրերը լի էին տարաբնույթ զգացմունքներով։ Մի կողմից՝ վախը պատել էր ինձ և ռմբակոծում էր անխուսափելի ձախողման մտքերով. մյուս կողմից՝ դա ծիծաղելի էր թվում։ Ես տանել չէի կարողանում գրելը։ Դպրոցական տարիներին ժամեր շարունակ հառում էի աչքերս տետրի դատարկ թերթերին, երբ հանձնարարում էին շարադրություն գրել։ Ես նույնիսկ անբավարար գնահատական ստացա միասնական ընդունելության քննության բանավոր անգլերենի բաժնից։ Լեզվի և գրականության հանդեպ իմ ուժգին հակակրանքի պատճառով ես համալսարան ընդունվեցի՝ ընտրելով ինժեների մասնագիտությունը։ Իսկ այժմ Աստված պատվիրում էր ինձ գրել։ Հազիվ թե այդպես լիներ։ Ես կարծեցի, թե ճշտորեն չէի լսել Աստծուց։ Այնպես որ, ոչինչ չարեցի, բայց տասն ամիս ոչինչ չանելուց հետո Աստված երկու շաբաթվա տարբերությամբ երկու կանանց ուղարկեց ինձ մոտ՝ երկու տարբեր նահանգներից, որոնք նույնական ուղերձներ փոխանցեցին ինձ։ Երկուսն էլ սիրով, բայց հաստատակամորեն զգուշացրին. «Ջո՛ն, եթե դու չգրես այն գրքերը, որոնք Տերը տվել է քեզ, Նա կտա դրանք մեկ ուրիշի, բայց դու դատաստանի կենթարկվես դրա պատճառով»։ Երբ երկրորդ կինը խոսեց, Աստծո երկյուղն իջավ ինձ վրա՝ գերակշռելով թե՛ վախը, թե՛ գրելու հանդեպ հակակրանքը։ Ես սկսեցի։ Հիշում եմ, թե ինչ տեղի ունեցավ, երբ հնազանդվելու որոշում կայացրի։ Երբ մեքենագրում էի, մտքումս արագորեն գաղափարներ էին կազմվում, որոնց շուրջ երբեք չէի խորհել, և որոնք նախկինում չէի լսել։ Ես արագորեն հասկացա, որ այդ ուղերձները ոչ թե իմն էին, այլ՝ Նրանը։ Այդ օրվանից տարիներ են անցել. այժմ այն ուղերձները, որոնք Նա տվել է ինձ գրքերի տեսքով, թարգմանված են ավելի քան 130 լեզվով, և տպագրված օրինակները, որոնց թիվը հասնում է տասնյակ միլիոնների, տարածվել են աշխարհով մեկ։ Առաջին գիրքը գրելուց հետո խոստացա Աստծուն, որ երբեք գիրք չեմ գրի՝ պարզապես գրելու համար։ Ես միայն կգրեմ, եթե Նա հանձնարարի ինձ։ Այդ խոստումը փորձվեց։ Ամեն տարի՝ 1992-1999 թվականները, Նա նոր ուղերձ էր տալիս, որը պետք է գրեի, սակայն «Ծածկոցի տակ» գիրքը գրելուց հետո երեք տարի շարունակ նոր ուղերձ չէի ստանում Աստծուց։ Հրատարակիչները հաճախ էին հարցնում ինձ, թե որն էր լինելու իմ հաջորդ գիրքը, և թե՝ կարո՞ղ էին արդյոք հրատարակել, բայց ես ոչինչ չէի ձեռնարկում. ես դեռ Աստծուց խոսք չունեի։ Ի վերջո, երեք տարի անց Աստված ուղերձ տվեց՝ այն ուղերձը, որն այժմ ձեր ձեռքում է։ Ես հավատում եմ, որ այս ուշացման պատճառներից մեկն այն աշխատանքն էր, որը Սուրբ Հոգին պետք է կատարեր իմ ներսում, որպեսզի այս գիրքը պատշաճ կերպով ծնունդ առներ։ Ես քսանհինգ տարի է՝ հավատացյալ եմ, սակայն երբեք Նրան մոտ լինելու այսքան ուժգին ձգտում չեմ ունեցել։ Վերջին մեկուկես տարում վերապրել եմ ավելի խորը մտերմություն Տիրոջ հետ, քան երբևէ անցյալում։ Ամբողջ կյանքում երբեք այնքան շատ լաց չեմ եղել, որքան վերջին տասնութ ամսում։ Աստծո ներկայությունը համակել է ինձ հյուրանոցային համարներում, ինքնաթիռներում, իմ գրասենյակում, մեքենայի մեջ, տանը և հրաշալի բացօթյա վայրերում, երբ կենտրոնացված՝ ժամանակ եմ տրամադրել աղոթքին։ Նրա ներկայությունը երբեք այսքան իրական և շոշափելի չի եղել։ Հավատում եմ, որ այս գիրքը Սուրբ Հոգու կողմից տարիներ տևող պատրաստության արդյունք է։ Այն մտերմության հրավեր է Աստծո սրտից, որն ուղղված է ձեզ՝ Իր զավակին։ Մինչև սկսելը ուզում եմ, որ միասին աղոթենք։ Ասե՛ք այս խոսքերը ձեր սրտից՝ իմանալով, որ ես բարձրաձայն արել եմ այս աղոթքը ձեզ համար իմ աշխատասենյակում։ Հիսուսը խոստացել է, որ երբ «երկուսը երկրի վրա միաբանվեն, այն, ինչի համար որ խնդրեն, կլինի նրանց իմ Հորից, որ Երկնքում է» (Մատթ. 18.19): Եկե՛ք միասին խնդրենք. «Հա՛յր, ես խնդրո՛ւմ եմ Հիսուսի անունով, որ այս գրքի ուղերձն ընթերցելիս Դու բացես իմ աչքերը՝ տեսնելու համար, իմ ականջները՝ լսելու համար, և ընկալող ու հասկացող սիրտ տաս։ Ես ցանկանում եմ մշտապես մտերիմ ընթացք ունենալ Քեզ հետ։ Ես ցանկանում եմ ճանաչել Քո խորհուրդը, կամքը, գաղտնիքները և ձգտուերը, ինչպես նաև բնակվել Քո ներկայության մեջ։ Թող որ այս ուղերձը տա ինձ ոչ միայն գիտելիք, այլև զորություն, որը կվերափոխի իմ կյանքը՝ Քո սիրելի Որդու և իմ Տեր Հիսուսի պատկերով։ Որովհետև երբ Նա այս երկրի վրա էր, կատարելապես ցուցադրում էր Քո փառքը՝ այն բանով, թե որքան մտերիմ էր Քեզ հետ։ Թող որ ես նույնպես ցուցադրեմ Հիսուսի փառքը՝ այն բանով, թե որքան մտերիմ եմ դառնում Նրա հետ՝ Սուրբ Հոգու Անձի միջոցով։ Ես ներկայացնում եմ այս խնդրանքը Քեզ և նախապես շնորհակա՛լ եմ այն վերափոխման աշխատանքի համար, որը կատարելու ես ինձանում, երբ ես լսեմ և հետևեմ այն խոսքերին, որոնք Դու ոգեշնչել ես այս աշխատության մեջ։ Շնորհակալությո՛ւն, որ իմ կյանքն այլևս նույնը չի լինի։ Ես խնդրում եմ սա՝ համաձայնելով Քո ծառա Ջոն Բիվերի հետ։ Ամե՛ն»։
Այժմ հավատացե՛ք և գոհացե՛ք Աստծուց ձեր ջերմեռանդ աղոթքին պատասխանելու համար։ Ես ցնծում եմ՝ իմանալով, որ հենց այս պահից Սուրբ Հոգին առաջնորդում է ձեզ ավելի խորը մտերմության՝ բարձրացնելով ձեր աղոթքը դեպի Նրա սուրբ գահը, Ով միայն կարող է ճշմարտապես գոհացնել ձեր յուրաքանչյուր փափագը։ Թող որ Հայրը, Հիսուսը և Սուրբ Հոգին ձեզ համար դառնան ավելի իրական, քան նախկինում։
Անկեղծորեն՝ Ջոն Բիվեր
ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ
ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՀՐԱՎԵՐԸ
«Մոտեցե՛ք Աստծուն, և Նա կմոտենա ձեզ»։ ՀԱԿՈԲՈՍ 4.8
Գոյություն ունի Աստծո սրտից բխող կանչ, ավելի ճիշտ՝ աղաղակ, որն ամեն օր ավելի ուժգին է դառնում. «Ինչո՞ւ եք բավարարվում առանց Իմ ներկայության. ինչո՞ւ եք հեռվում մնում, եթե կարող եք մտերմորեն հաղորդակցվել Ինձ հետ»։ Բոլորս ունենք ընկերներ կամ մարդիկ, որոնց համակրում ենք և որոնց հետ ցանկանում ենք ավելի մտերմանալ։ Նրանք հատուկ տեղ են զբաղեցնում մեր սրտերում, և նրանց հետ ժամանակ անցկացնելը հաճելի է, հատկապես երբ նրանք են հրավիրում մեզ։ Նրանց ընկերակցելու խնդրանքը համակում է մեզ սպասմամբ, ուրախությամբ և ոգեշնչմամբ։ Մենք հաճույքով անում ենք անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի մի կողմ դնենք մեր մյուս գործերը և ընդունենք նրանց հրավերը։ Հակոբոսի գրքում գտնում ենք բոլոր ժամանակների մեծագույն հրավերը. «Մոտեցե՛ք Աստծուն, և Նա կմոտենա ձեզ» (4.8): Մի պահ կա՛նգ առեք և մտածե՛ք. տիեզերքը, երկիրը և բոլոր բնակիչներին Ստեղծողը խնդրում է ձեր ներկայությունը։ Ավելին՝ Նա ցանկանում է մտերմորեն հաղորդակցվել ձեզ հետ, քանի որ գրված է. «Նա Աստված է, Ով նախանձավորությամբ է վերաբերվում ձեզ հետ հարաբերությանը» (Ելից 34.14, NLT): Սա Աստծո անփոփոխ ցանկությունն է։ Նա է ուղղել այս հրավերը, քանի որ փափագում է ճանաչվել Իր զավակներից։ Մարդու անկումից ի վեր պահանջվել են հազարավոր տարիներ, բարդագույն պատրաստություններ և ահռելի գին, որպեսզի ճանապարհ բացվի նման մտերիմ հաղորդակցության համար։ Հովհաննեսը՝ Հիսուսի մտերիմ ընկերներից մեկը, գրել է. «Ոչ մի մարդ երբևէ չի տեսել Աստծուն որևէ ժամանակ. միակ եզակի Որդին կամ միածին Աստված, Ով Հոր ծոցում [մտերիմ ներկայության մեջ] է, Նա է ազդարարել Նրան [Նա է հայտնել Նրան և տեսանելի կերպով ցույց տվել Նրան. Նա է մեկնել Նրան և ճանաչեցրել Նրան]» (Հովհ. 1.18, AMP): Ադամը բացահայտ ճանաչում էր Տիրոջը, սակայն մեղքի կամ անհնազանդության պատճառով բաժանվեց Նրա փառավոր ներկայությունից, և նրա դառը ճակատագիրը դարձավ ամբողջ մարդկության բաժինը։ Մարդիկ այլևս չէին կարող տեսնել կամ ճանաչել Աստծուն այնպես, ինչպես Ադամը՝ անցյալում։ Այնուամենայնիվ, Հայրը մեծ ձգտմամբ և կարեկցանքով ցանկանում էր վերադարձնել մեր շփումն այդ սարսափելի բաժանությունից։ Որպես պատասխան, Նա ուղարկեց Հիսուսին՝ մարով հայտնված Աստծուն, Ով սկզբից էլ Հոր հետ էր։ Հիսուսը վճարեց խավարից մեզ ազատելու գինը, որպեսզի հաշտեցնի Աստծո հետ, եթե ընդունենք Նրան՝ որպես Տիրոջ։ Այնուամենայնիվ, մենք լիարժեք կերպով չենք քարոզել, ո՛չ էլ վերապրել ենք Աստծո և մարդու այս վերամիավորումը։ Մենք շեշտադրել ենք ազատությունը մեղքից և մահից, սակայն չենք ազդարարել այն մտերիմ շփումը, որը սպասում է նրանց, ովքեր ազատություն են ստացել։ Այս անտեսումը թանկ է արժենում մեզ համար. այն նույնիսկ կործանարար է, քանի որ բազմաթիվ մարդիկ չունեն Աստծուն մտերմորեն ճանաչելու սքանչելի փորձառությունը։ Մենք տեսնում ենք այս ողբերգության զուգահեռը Հին կտակարանում՝ Աբրահամի ժառանգների կյանքում։
ԵՐԿՈՒ ԼԻՈՎԻՆ ՏԱՐԲԵՐ ՇԱՐԺԱՌԻԹ
Ես միշտ ապշել եմ Մովսեսի և նրա ազգակիցների՝ Իսրայելի զավակների վերաբերմունքի և վարքի հակադրության պատճառով։ Ելից գիրքը սկսվում է Աբրահամի ժառանգների տառապանքով՝ ծանր գերության ներքո։ Նրանք գրեթե չորս հարյուր տարի Եգիպտոսում էին։ Սկզբում վայելում էին այդ ժողովրդի բարյացակամությունը, բայց շատ ժամանակ չանցած նրանց ստրկացրին և դաժանորեն շահագործեցին։ Իրենց տառապանքի մեջ նրանք աղաղակեցին Տիրոջը՝ ազատություն խնդրելով։ Նրանց աղոթքները հուզեցին Տիրոջը, և Նա ուղարկեց Մովսես անունով մի փրկչի։ Թեև Մովսեսը ծնունդով հրեա էր, նա ազատվել էր ստրկությունից և մեծացել էր որպես փարավոնի թոռ՝ նրա ընտանիքում։ Որպես Եգիպտոսի արքայազն՝ իր եղբայրների դժբախտությունը հուզեց նրան, սակայն նա ստիպված էր անապատ փախչել՝ փրկելով կյանքը, և վերադարձավ միայն քառասուն տարի անց, որպեսզի Աստծո Խոսքով և զորությամբ փրկեր Իսրայելը գերությունից։ Կարելի է զուգահեռ անցկացնել այն բանի միջև, թե ինչպես Իսրայելը փրկվեց Եգիպտոսի գերությունից, և ինչպես մենք փրկվեցինք մեղքի ստրկությունից։ Եգիպտոսը խորհրդանշում է այս աշխարհի համակարգը, իսկ Իսրայելը՝ եկեղեցին։ Երբ վերստին ծնվում ենք, մենք ազատվում ենք այս աշխարհի բռնակալական և կեղեքիչ համակարգից։ Դժվար չէ պատկերացնել, թե որքան դաժանորեն էին Եգիպտոսի քաղաքացիները շահագործում Իսրայելի զավակներին։ Նրանց մեջքերը սպիացած էին փարավոնի գործավարների մտրակներից, նրանց տները ետնախորշերում էին, և նրանց կերակուրը բաղկացած էր մնացորդներից։ Նրանք ժառանգության ոչ մի հույս չունեին, քանի որ ստրկացված էին՝ իրենց եգիպտացի տերերի բարգավաճումը կառուցելու համար։ Նրանք ողբում էին, երբ իրենց հազարավոր նորածին տղաները մահվան էին մատնվում՝ փարավոնի հրամանով։ Թեև նրանք ամբողջությամբ կրել էին այդ դաժանությունը, նրանք արագորեն մոռացան այդ մասին։ Նույնիսկ Եգիպտոսից ազատվելուց հետո ամեն անգամ, երբ խնդիրներ էին ծագում, նրանք զղջում էին, որ հեռացել էին Եգիպտոսից, և ծաղրում էին ազատության մասին իրենց աղոթքները՝ այսպիսի մեկնաբանություններով. «Եգիպտոսում մեզ համար ավելի լավ էր» կամ «Լավ չէ՞ մեզ համար, որ Եգիպտոս դառնանք»։ Նրանք նույնիսկ այնքան համարձակ գտնվեցին, որ առաջարկեցին. «Ե՛կ մեկ զորագլուխ ընտրենք և Եգիպտոս դառնանք» (Թվոց 14.4, շեղագիրը հեղինակինն է): Բայց Մովսեսն այդպիսին չէր. նա միակն էր, որի կյանքի պայմանները Եգիպտոսում ավելի լավ էին. իրականում, ամբողջ աշխարհում ոչ ոք կյանքի ավելի լավ պայմաններ չէր ունեցել։ Նրան խնամում էր աշխարհի ամենահարուստ մարդը, նա ապրում էր լավագույն վայրում, կրում էր լավագույն հագուստը, սնվում էր լավագույն կերակուրով և կրթվում էր լավագույն ուսուցիչների կողմից։ Ծառաները հոգում էին նրա յուրաքանչյուր կարիքը և կատարում յուրաքանչյուր ցանկությունը։ Նա մեծ ժառանգություն ուներ՝ թե՛ հարստությամբ, թե՛ ապագայի մասին խոստուերով։ Նա հոժարաբար թողեց այդ ամենը և, ի տարբերություն Իսրայելի զավակների, ոչ մի անգամ ետ չնայեց, և ո՛չ էլ փափագեց այն ամենին, ինչ ետևում էր մնացել։ Ո՞րն էր տարբերությունը։ Պատասխանը հետևյալն է. Մովսեսը հանդիպեց Աստծուն։ Նա տեսավ կրակը և մոտեցավ։ Նա հանդիպեց վառվող մորենու մեջ գտնվող կենդանի Աստծուն Սինա սարի մոտ, իսկ Իսրայելը՝ ոչ։ Երբ Տերը կանչեց նրան, նա մոտեցավ։ Ավելի ուշ, երբ Իսրայելի զավակներն ավելի հրաշալի հրավեր ստացան, նրանք ետ քաշվեցին (տե՛ս Ելից 20.18-21)։ Շատ հաճախ հարցնում եմ եկեղեցիներին. «Ո՞ւր էր Մովսեսը տանում Իսրայելի զավակներին, երբ նրանք հեռացան Եգիպտոսից»։ Որպես կանոն, ինձ պատասխանում են. «Խոստման երկիր»։ Այնուամենայնիվ, դա ճիշտ չէ։ Նա գնում էր դեպի Քորեբ կամ Սինա սարը։ Հիշե՛ք, թե ինչ Աստված ասաց փարավոնին՝ Մովսեսի միջոցով. «Արձակի՛ր Իմ ժողովրդին, որ անապատում Ինձ պաշտեն» (Ելից 7.16)։ Նա չասաց. «Արձակի՛ր Իմ ժողովրդին, որ երկիր ժառանգեն»։ Ինչո՞ւ Մովսեսը պետք է տաներ նրանց Խոստման երկիր՝ առանց՝ սկզբում ծանոթացնելու Խոստացողի հետ, Ով բոլոր ազգերի Փափագն է։ Եթե Մովսեսն առաջին հերթին Խոստման երկիր տաներ նրանց, նրանք կսիրեին խոստուերն ավելի, քան Խոստացողին՝ Աստծուն։ Մովսեսն անհամբեր սպասում էր, որ բերեր նրանց այն վայրը, որտեղ ինքը հանդիպել էր Աստծուն։ Մեծ մասամբ մենք այսպես ենք վարվել մեր եկեղեցիներում. ավելի շատ քարոզել ենք այն մասին, թե ինչ կարող է անել Հիսուսը մեզ համար, քան այն մասին, թե իրականում ով է Նա։ Արդյունքում մենք բարձրացրել ենք շատերին, որոնք ծառայում են Աստծուն գլխավորապես շահի համար, այնինչ նրանց ծառայությունը պետք է ուրախալի արձագանք լիներ Նրա Անձին։ Որպես համեմատություն, պատկերացրեք մի կնոջ, որն ամուսնանում է մի տղամարդու հետ՝ փողի համար։ Նրա շարժառիթը ոչ թե իր ամուսնու անձը ճանաչելն է, այլ այն, ինչ այդ տղամարդը կարող է անել իր համար։ Գուցե նա ինչ-որ չափով սիրում է այդ տղամարդուն, սակայն լիովին սխալ պատճառներով։