Ձեր ֆինանսական հեղափոխությունը․ Մատակարարման զորությունը

(0)

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Այս գրքի վերնագիրը կարծես ակնհայտ փաստի հաստատում լինի: Նկատի ունեմ՝ ո՞վ կվիճի դրա կարևորության հետ: Կարծում եմ՝ բոլորս կհամաձայնենք, որ մատակարարում (կյանքում մեզ անհրաժեշտ բաների համար մատակարարում) ունենալը կենսականորեն կարևոր է: Սակայն շատերը չունեն այն մատակարարումը, որն իրենց անհրաժեշտ է: Շատերը, ըստ էության, պայքարում են զուտ գոյատևելու համար: Նրանք ապրում են ստրկության կյանքով՝ հաշիվերի ու պարտքերի ծանրության տակ, որոնք կարծես վերջ չունեն: Իրենց երազանքներով ապրելու փոխարեն նրանք ապրում են հուսահատության մեջ, համակված են ատելի աշխատանքով զբաղվելու սարսափով և, ամենավատը, ապրում են առանց իմաստալից նպատակի: Վերջերս կատարված ուսումասիրության համաձայն՝ ամերիկացիների 48%-ը տարեկան 31.561 դոլար կամ ամսական 2.630 դոլար կամ ավելի պակաս եկամուտ է ունենում1 , իսկ բնակչության 40%-ը չի կարող 400 դոլարի չեկ գրել՝ առանց դրա համար նախապես պլանավորելու2 : Պատկերացնո՞ւմ եք այն լարվածությունը, երբ շաբաթ առ շաբաթ, ամիս առ ամիս ստիպված եք հետևել ձեր ծախսած յուրաքանչյուր մանրադրամին՝ հուսալով, որ կգոյատևեք մինչև հաջորդ աշխատավարձ, և հայտնի չէ, թե երբ այդ ամենը կվերջանա: Փոխանակ առաջ ընթանալու՝ հայտնաբերում եք, որ ավելի եք ընկղմվում պարտքերի մեջ, որոնցից դուրս գալու ելք չկա: Ես կարող եմ պատկերացնել դա, քանի որ ինքս ապրել եմ այդպես ինը տարի շարունակ: Դա իմ երևակայությունը չէ: Դա շատ իրական է: Պակասության ամոթը Կինս՝ Դրենդան, ու ես ամուսնացանք՝ հույս ունենալով սկսել զարմանահրաշ կյանք, բայց հայտնվեցինք պարտքերի մեջ և ապրում էինք ֆինանսական լարված կյանքով: Ընդամենը մի քանի տարվա ընթացքում ունեցանք վարկային սահմանաչափը գերազանցած և չեղարկված տասը քարտ, երեք վարկ ֆինանսական ընկերությունում՝ 28% տոկոսադրույքով, վճարումեր երկու անսարք մեքենաների համար, որոնց վազքը գերազանցում էր 321.000 կիլոմետրը, հարկային տեսչության արգելանքներ և բազմաթիվ այլ պարտքեր, որոնք չէինք կարողանում վճարել: Մենք հազարավոր դոլարներ էինք պարտք մեր ծնողներին՝ այն աստիճան, որ նրանք դադարեցին մեզ գումար փոխ տալուց: Այնպես չէ, որ որոշել էինք պարտքերով կործանել մեր կյանքը. մենք պարզապես փորձում էինք գոյատևել: Որքան էլ խելացնոր հնչի, ես աշխատում էի ֆինանսական ոլորտում՝ օգնելով մարդկանց ապահովագրության և ներդրումերի հարցում: Ինձ վճարում էին 100 տոկոս միջնորդավճարների հիման վրա, որոնք կուտակվում էին իմ կատարած գործարքներից, բայց միջնորդավճարները բավարար չէին: Մենք հույս էինք փայփայում, որ գործը վերելք կապրի, սակայն շաբաթները վերածվում էին տարիների՝ առանց որևէ փոփոխության: Ի վերջո, հաշիվերը վճարելու համար պարտքերի վրա հենվելու ինը տարիներից հետո սպառվեցին պարտք վերցնելու բոլոր հնարավոր միջոցները, որոնց մասին կարող էինք մտածել: Մենք գրավ էինք դրել գրեթե ամեն արժեքավոր բան, որ կարող էինք գտնել, և այդ ֆինանսական ճահճում ապրելու լարվածությունը հուզական լուրջ ազդեցություն թողեց ինձ և իմ ընտանիքի վրա: Ես խուճապի նոպաներ ունեցա և սկսեցի ընդունել հակադեպրեսանտներ, որոնք իրականում չէին օգնում և կողմակի լուրջ հետևանքներ էին թողնում: Բժիշկներն ասում էին նաև, որ ես շաքարային դիաբետ կունենամ արյան մեջ շաքարի պարունակության հետ կապված խնդիրների պատճառով: Առողջական խնդիրներից առավել սարսափելի էր այն վախը, որ համակեց ինձ այն աստիճան, որ նույնիսկ վախենում էի տնից դուրս գալուց: Իմ աշխարհը շրջապատված էր դժոխային, տանջող, կաթվածահար անող սարսափով: Մենք մշտապես ուշացնում էինք մեր բոլոր վճարումերը, և ամեն ամիս մարտահրավեր էինք ունենում, թե որ հաշիվը փակեինք, և որը կարող էինք թողնել մինչև հաջորդ ամիս: Կարծում եմ՝ ֆինանսական խառնաշփոթի ամենահյուծիչ կողմը այն ամոթն էր, որ ես զգում էի: Վախը պատում էր ինձ ամեն անգամ, երբ օգտագործում էի վարկային քարտ՝ հուսալով, որ այն կգործի ևս մեկ անգամ: Ես շարունակ պատճառաբանություններ էի բերում, իրականում ստում էի պարտքերը հավաքագրողներին, որոնք զանգում էին գրեթե ամեն օր: Թերևս ամենածանրն այն էր, երբ տեսնում էի, թե ինչպես էր իմ հրաշալի ընտանիքն ապրում կարիքների մեջ, ինչը ցավ էր պատճառում հոգուս: Անկեղծ ասած՝ ես անհաջողակ էի զգում գրեթե ամեն օր, երբ մի խնդրից մյուսին էի բախվում: Ֆինանսական այս քաոսն աննշան, անցողիկ բան չէր: Այն տևեց ինը տարի: Եթե ձեզ հետաքրքիր է, ասեմ՝ այո՛, ամեն շաբաթ մենք եկեղեցի էինք հաճախում: Ես ունեի բակալավրի աստիճան աստվածաբանությունից և բիզնեսից և մեկ տարի սովորել էի Աստվածաշնչյան դպրոցում: Ես մկրտված էի Սուրբ Հոգով և սիրում էի Աստծուն, բայց ինչ-որ բան սարսափելիորեն սխալ էր: Ես գիտեի դա, բայց ի՞նչն էր սխալ: Այն պատմությունները, որ կարդում էի Աստվածաշնչում, պարզապես տեղի չէին ունենում իրական կյանքում: Մենք հաճախում էինք մեծ եկեղեցի, որտեղ սովորեցնում էին, որ Աստծո կամքն է, որ մենք բարգավաճենք, բայց ես չէի տեսնում դա և գաղափար չունեի, թե ինչն է պատճառը: Անկեղծ ասած՝ ես նույնպես չէի տեսնում, որ իմ ընկերներից որևէ մեկը զգալի չափով բարգավաճեր: Արթնացնող զանգ Ամեն բան գագաթնակետին հասավ, երբ կրկին զանգեց մի իրավաբան՝ մեկը շատերից, որոնք անհանգստացնում էին ինձ վճարումերի համար: Այս անգամ նա շատ վճռական էր և խիստ: «Պարո՛ն Կիսի, ես ձեզ երեք օր եմ տալիս 1.600 դոլարը, որ պարտք եք իմ հաճախորդին, ինձ ուղարկելու համար, այլապես ստիպված կլինեմ ձեր դեմ դատական գործ հարուցել»: Այս ասելուց հետո նա վայր դրեց լսափողը: Ես գիտեի, որ դա վերջն է: Ես սպառված էի: Ես վատնել էի բոլոր հնարավոր միջոցները: Չկար փող, և չկար կերակուր: Մեր սառնարանը նույնքան մռայլ տեսք ուներ, որքան մեր չեկային հաշիվը: Ես հույսեր էի փայփայում, որ ևս մեկ շաբաթ աշխատելով կկարողանայի փակել հաշիվերը, բայց այդպես էլ դա իրականություն չէր դառնում: Խորը հուսահատության մեջ բարձրացա հին ագարակային տան (որը վարձակալում էինք ամսական 300 դոլարով) իմ փոքրիկ ննջարանը: Գիտեի, որ Աստծո կամքը չէր, որ ապրեինք այդպիսի ֆինանսական գերության մեջ, սակայն մենք անում էինք ամեն բան՝ բացի բարգավաճելուց: Ես լացակումած նետվեցի մահճակալիս և աղաղակեցի Աստծուն: Ի զարման ինձ՝ հանկարծ լսեցի Նրա պատասխանը: Հոգուս խորքում լսեցի աստվածաշնչյան այս խոսքը. «Եվ իմ Աստված լրացնի ձեր ամեն կարոտությունն Իր հարստության չափով՝ փառքով Քրիստոս Հիսուսում»: – Փիլիպեցիների 4.19

Ես բարձրաձայն ասացի. «Ես գիտեմ այդ խոսքը, բայց չեմ տեսնում դա իմ կյանքում»: Այնուհետև լսեցի, թե ինչպես Սուրբ Հոգին ասաց. ««Քո կյանքի խառնաշփոթի հետ Ես ոչ մի գործ չունեմ: Դու հայտնվել ես այդ խառնաշփոթի մեջ, որովհետև չգիտես, թե ինչպես է Իմ Թագավորությունը գործում»: Նա շարունակեց՝ ասելով, որ Իր եկեղեցին ապրում է ճիշտ այնպես, ինչպես Իսրայելն էր ապրում փարավոնի ժամանակ, այսինքն՝ իբրև ստրուկ: Նա ասաց. «Ես ցանկանում եմ, որ Իմ ժողովուրդը ֆինանսապես ազատ լինի»»: Թեև իսկապես չգիտեի, թե ինչ Նա նկատի ուներ Թագավորություն ասելով, ես հասկացա, որ պարտքերի մեջ ապրելով հարց չէր լուծվի, և Նա ակնարկում էր, որ կար ապրելու ավելի լավ ճանապարհ, որը ես չգիտեի: Ո՞րն էր դա, կամ ինչպե՞ս էր դա գործում, ես չգիտեի, բայց գիտեի, որ պետք է պարզեի: Առաջին բանը, որ արեցի, աստիճաններով իջա և բռնեցի Դրենդայի ձեռքը: Ես նրան ասացի, թե ինչ է Աստված ասել ինձ, և հիշում եմ, թե ինչպես, այնտեղ կանգնած, նրա ձեռքը բռնած, ապաշխարում էի Աստծո և նրա առջև այն խառնաշփոթի համար, որի մեջ ներքաշել էի բոլորիս: Չնայած այն բանին, որ չէինք հասկանում, թե ինչ նկատի ուներ Աստված Թագավորություն ասելով, հենց այնտեղ մենք որոշում կայացրինք, որ պարզելու ենք դա: Մենք նաև պարտավորվեցինք այլևս չօգտագործել պարտքը՝ որպես ապրելակերպ, բայց ստիպված էինք խոստովանել, որ չգիտեինք, թե ինչպես է դա հնարավոր: Երբ աղոթեցինք, խաղաղություն իջավ ինձ վրա, և ես գիտեի, որ Աստված ցույց էր տալու, թե ինչպես գործենք Իր ճանապարհներով: Ինչ վերաբերում է «Թագավորություն» բառին, ես իսկապես գաղափար չունեի, թե ինչ Նա նկատի ուներ: Գիտեի, որ գնում եմ Երկինք, և որոշակի ուսուցում էի ստացել Աստվածաշնչից, բայց, միևնույն է, չգիտեի, թե ինչ Նա նկատի ուներ: Ըստ էության, «Թագավորություն» բառն այնպիսի բառ չէր, որի մասին այդքան շատ բան գիտեի: Իմ հիշողության մեջ միակ անգամը, որ այն հիշատակվում էր Աստվածաշնչում, Տերունական աղոթքում էր:  «Քո Արքայությունը գա, Քո կամքը լինի՝ ինչպես Երկնքում, այնպես էլ երկրի վրա»: – Մատթեոս 6.10 Ես մտածում էի, որ այն ժամանակ սա վերաբերում էր ապագա Թագավորությանը, որը մի օր Հիսուսը հաստատելու էր երկրի վրա, բայց ես գաղափար չունեի, թե իրականում ինչ էր այն նշանակում: Տեքստը քննելուց հետո հասկացա, որ ես սխալ էի: Հիսուսը սովորեցնում էր, թե ինչպես աղոթենք այստեղ հենց հիմա: Մենք պետք է աղոթենք, որ Աստծո կամքը լինի երկրի վրա: Բայց ի՞նչ է Աստծո Թագավորությունը: Եթե կարդացել եք իմ նախորդ գրքերը, ապա, ցանկության դեպքում, կարող եք անցնել երկրորդ գլխին, սակայն կարծում եմ, որ վերանայելը միշտ էլ արդարացված է, երբ պատրաստվում եք քննություն հանձնել: Ձեր քննությունը՝ կյանքի խաղը, արդեն սկսվել է, բայց մի՛ անհանգստացեք: Դեռևս բավականին ժամանակ կա ճիշտ պատասխանները գտնելու և քննությունը հանձնելու համար: Բայց եթե կարդում եք առաջին անգամ, ապա այն, ինչ հետևելու է, վճռական նշանակություն ունի: Նոր ապրելակերպ Երբ Աստված ասաց, որ ես երբեք չեմ իմացել, թե ինչպես է Իր Թագավորությունը գործում, ես առնվազն շփոթվեցի: Դրենդան ու ես որևէ գաղափար չունեինք, թե ինչ Նա նկատի ուներ: Մենք աղոթեցինք և խնդրեցինք, որ Աստված սովորեցնի, թե ինչ նկատի ուներ, երբ ասաց, որ մենք չգիտենք, թե ինչպես է Նրա Թագավորությունը գործում: Առաջին բանը, որ պետք է սովորեի, այն էր, թե ինչ է ընդհանրապես թագավորությունը: Կարծում եմ, որ այս հասկացությունը դժվար ըմբռնելի է մեր արևմտյան մտածելակերպի համար, քանի որ մենք ապրում ենք ժողովրդավարության և խոսքի ազատության ամերիկյան հայացքների համակարգում: Աստծո Թագավորությունը ժողովրդավարություն չէ. այն թագավորություն է իր թագավորով: Թագավորի իշխանությունը տարածվում է ամբողջ թագավորության մեջ լիազորված իշխանությամբ, տարբեր կառավարական հաստատությունների և մարդկանց միջոցով, որոնք գործում են այդ իշխանության ներքո: Մարդկանց խառնամբոխը թագավորություն չէ: Խառնամբոխում կարող է լինել միլիոն մարդ, բայց դա թագավորություն չէ: Թագավորությունը մարդկանց խումբ է, որոնք միավորված են օրենքով կամ կառավարման համակարգով: Թագավորության սահմանումը բառարանում այսպիսին է. «թագավորություն. պետություն կամ կառավարություն, որի գլուխը թագավորն է կամ թագուհին»: Թեև Սուրբ ծննդյանը մենք տոնում ենք Հիսուսի գալուստը Երկիր, սովորաբար մենք չենք հասկանում, որ Նա Իր հետ կառավարություն կամ կառավարման համակարգ բերեց: Աստվածաշունչը խոսում է կառավարման այս համակարգի մասին Եսայի 9.6,7 խոսքերում. «Որովհետև մեզ համար մի մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց, և իշխանությունը կլինի Նրա ուսի վրա, և Նրա անունը կկոչվի Սքանչելի, Խորհրդական, Հզոր Աստված, Հավիտենականության Հայր, Խաղաղության Իշխան։ Իշխանությունը շատացնելուն և խաղաղությանը վերջ չկա, Դավթի աթոռի վրա և Նրա թագավորության վրա, որ նրան հաստատի և պնդացնի իրավունքով և արդարությունով՝ հիմիկվանից մինչև հավիտյան։ Զորաց Տիրոջ նախանձը պիտի անի այս»: Հիսուսն այս կառավարության գլուխն է, և երբ մենք ընդունում ենք Հիսուսին մեր անձնական Փրկիչ, դառնում ենք այդ կառավարության շահառուները. մենք դառնում ենք քաղաքացիներ: Դառնում ենք ոչ միայն քաղաքացիներ, այլև, ըստ էության, Աստծո ընտանիքի անդամեր՝ Նրա որդիներն ու դուստրերը: «Բայց որոնք որ Նրան ընդունեցին, իշխանություն տվեց նրանց Աստծո որդիներ լինելու՝ նրանց, որ Նրա անվանը հավատում են։ Որոնք ո՛չ արյունից, և ո՛չ մարմի կամքից, և ո՛չ մարդու կամքից, այլ՝ Աստծուց ծնվեցին»: – Հովհաննես 1.12,13

«Ուրեմն, այսուհետև այլևս օտար և պանդուխտ չեք, այլ՝ սուրբերի հետ քաղաքացիներ և Աստծո ընտանիքներ»: – Եփեսացիների 2.19

 

ԳԼՈՒԽ 1

ԼՈՒՅՍԸ ՓԱՅԼՈՒՄ Է ԽԱՎԱՐՈՒՄ

Ներածության մեջ պատմեցի իրավաբանի զանգի մասին, ինչը ստիպեց ինձ առերեսվել մեր իրավիճակի իրականությանը և, ի վերջո, աղաղակել Աստծուն: Ասացի նաև, թե Տերն ինչ ասաց, երբ մահճակալին պառկած լաց էի լինում: Նա ասաց, որ ես այդ խառնաշփոթի մեջ էի այն պատճառով, որ երբեք չէի սովորել, թե ինչպես է Իր Թագավորությունը գործում: Բայց ինչպե՞ս է այն գործում: Ի՞նչ էր Նա փորձում ցույց տալ ինձ: Ես գաղափար չունեի, բայց պատրաստվում էի սովորել: Եթե հիշում եք, երեք օրից այդ իրավաբանին պետք է ուղարկեի 1.600 դոլար՝ դատական հայցից խուսափելու համար: Այդ ժամանակ մենք չունեինք գումար, և չկար որևէ հեռանկար, որ մեր գործից կվաստակեինք այնքան, որ ժամանակին վճարեինք 1.600 դոլարը: Ես անհնարին իրավիճակում էի կամ այդպես էի կարծում: Բայց պետք է սովորեի իմ առաջին դասը Թագավորության մասին: Այդ ժամանակ ես վարում էի «Դոջ Քարավան» մակնիշի մի հին մեքենա, որն, ինչպես ծխնելույզ, ամբողջ ճանապարհը պատում էր ծխով: Այդ երեկո ես հանդիպում ունեի մի ընտանիքի հետ ապահովագրական հարցեր քննարկելու նպատակով, և մեր հանդիպումը տեղի էր ունենալու նրանց տանը, որտեղից իմ գրասենյակ մեքենայով կարելի էր հասնել մոտավորապես 15 րոպեում: Այդ օրերին ես մեքենան միտումավոր կայանում էի փողոցի ներքևի հատվածում կամ հաճախորդի տան մոտակայքում: Պատճառը պարզ էր: Երբ շարժման մեջ էի դնում մեքենան, այն օդը լցնում էր սպիտակ ծխով, և ես չէի կարծում, որ դա կխթաներ իմ գործին, քանի որ ես, այսպես կոչված, ֆինանսական փորձագետ էի, որը խորհուրդ էր տալիս իր հաճախորդներին, թե ինչպես ներդրումեր կատարեն և ապահովագրական փաթեթներ գնեն:

Վարկանիշներ

0 reviews
keyboard_arrow_up