Պատվի վարձքը

(0)
  • Գին: Անվճար
  • Հեղինակ: Ջոն Բիվեր
  • Formats available: pdf
  • Դիտում

Ընթերցելով «Պատվի վարձքը» գիրքը՝ լիովին կհամոզվեք, թե որքան բարձր է Աստված գնահատում այս հատկանիշը, որը պետք է բխի քրիստոնյաների սրտերից։ – Ջոյս Մայեր

«Պատվի վարձքը» գիրքն ընթերցելուց հետո դուք չեք կարող չպատվել այս գրքի հեղինակ Ջոն Բիվերին՝ որպես ուշագրավ իմաստություն ունեցող աստվածաշնչյան ուսուցչի և հմուտ հեղինակի։ Հաստատելով այն փաստը, որ պատիվը բխում է սրտից, Ջոնը ներկայացնում է ընթերցողին մի ուղերձ, որն անդրադառնում է բազմապիսի մարդկային հարաբերությունների, և ոգեշնչում է յուրաքանչյուրիս ապրել՝ արտացոլելով այս կարևոր հոգևոր սկզբունքը, որն առատ վարձատրություն է բերում։ –Բրայան Հյուսթոն

Երբ առաջին անգամ կարդացի «Պատվի վարձքը» գիրքը, հասկացա, որ հանդիպել եմ դասական գլուխգործոցի, որը կարող է հավասարապես մեծ ազդեցություն թողնել եկեղեցիների, ամուսնությունների, ընտանիքների և ձեռնարկությունների վրա։ Պատիվն առաջխաղացման, բարեհաճության և հաջողության բանալին է թե՛ այս կյանքում, թե՛ հավիտենական կյանքում։ Սա, անկասկած, Ջոն Բիվերի լավագույն աշխատությունն է։ – Ջենթեզեն Ֆրանկլին 

 

1

Վարձք

 

Պատիվ։ Թեև այն գրեթե մոռացված առաքինություն է քսանմեկերորդ դարում, այն դեռևս հուզում և ոգեշնչում է մեզ։ Կինոնկարների խիզախություն և անձնազոհություն արտահայտող դրվագներում պատվի ցուցադրումից միգուցե արտասվենք։ Ուշադրություն դարձրեք մեծ հաջողություն ունեցած կինոնկարներին և կտեսնեք, որ պատիվը ներհյուսված է դրանց սյուժեներում։ Մենք ծափահարում ենք պատիվ կոչված առաքինությանը, բայց որտե՞ղ է այն մեր կյանքում։ Գաղափարն այն մասին, որ կարող ենք պատիվ ցուցաբերել մեր կյանքում, օտար է դարձել մեր սերնդի համար։ Ես ցանկանում եմ, որ պատիվը վերականգնվի Աստծո որդիների և դուստրերի կյանքում։ Այն կարևորագույն բանալին է՝ Աստծուց ստանալու համար, և այդ պատճառով մեր անձերի թշնամին գրեթե անհայտության է մատնել պատվի ճշմարիտ զորությունը։ Պատիվը մեծ վարձատրություններ ունի, որոնք Աստված ցանկանում է, որ դուք ստանաք։ Պատիվը կարող է մեծապես հարստացնել ձեր կյանքը։ Դուք սկսում եք մի ընթացք, որը կմոտեցնի ձեզ Աստծո սրտին, Ով ամեն պատվավոր բաների Հեղինակն է։ Ես աղոթում եմ, որ այս գրքում հայտնված ճշմարտությունները խորը և գործնական ազդեցություն թողնեն ձեր կյանքում։ Շատերը չափազանց ուշ են յուրացրել այս դասերը։ Այդ պատճառով, Հովհաննես առաքյալը զգուշացնում է. 

«Զգո՛ւյշ կացեք ձեր անձերից, որ չկորցնենք այն, որ վաստակեցինք, այլ՝ որ ամբողջ վարձքն առնենք»: – Բ Հովհ. 8

Հովհաննեսը տարեց էր, ով ետ էր նայում գրեթե մեկ դար տևող իր կյանքից, երբ գրում էր այս խոսքերը («Կլարկի մեկնություն», «Abingdon Press», 1977թ., «Accordance» հավելված, տարբերակ 6.6)։ Նա փոխանցեց իր դժվարությամբ ձեռք բերած իմաստությունը մինչև մեր օրերը՝ մեր օգտի համար։ Հովհաննեսն այնպիսի դիրքում էր, որը հատուկ է երկարատև և բարեհաջող ընթացք անցած տղամարդկանց և կանանց։ Այդ նպատակավայր են հասնում նրանք, ովքեր հավատարմորեն կատարել են իրենց կյանքի կոչումը. այն հավաստիացում և ուժ ունեցող մարդու դիրք է, որը ես անվանում եմ պապիկի կամ տատիկի օծություն։ Եվ երբ այս մարդիկ խոսում են, իմաստունները լսում են։ Տարիների ընթացքում արտոնված եմ եղել հանդիպելու մի քանի այդպիսի տղամարդկանց և կանանց։ Նրանք դեսպաններ են, որոնք բարեհաջող անցել են իրենց ընթացքը և այնպիսի փուլ են մուտք գործել, որում իմացությամբ ետ են նայում կյանքին։ Այդպիսի հին ու փորձված մարդկանց մոտ որոշ ընդհանուր հատկանիշներ են ձևավորվում, և մենք կխոսենք դրանցից երեքի մասին։ Առաջինը՝ նրանք ներըմբռնողաբար հասկանում են հարցի էությունը։ Նրանք չեն պտտվում հարցի շուրջ և ժամանակ չեն վատնում անկարևոր բաների վրա։ Երկրորդը՝ նրանք շատ բան են ասում ընդամենը մի քանի բառով։ Երրորդը՝ այն բառերը, որոնք նրանք ընտրում են, կշիռ ունեն։ Նրանց սակավ թվացող բառերն ավելի մեծ կշիռ ունեն, քան նույն բառերը՝ ասված այնպիսի մարդու կողմից, որն այդքան բարեհաջող և երկարատև ընթացք չի անցել կյանքի շավիղներով։ Այդ հին ու փորձված մարդկանց հետ ժամանակ անցկացնելուց հետո ամիսներ շարունակ մտորել եմ նրանցից լսած ընդամենը մեկ կամ երկու նախադասության շուրջ։ Այսպիսով, կարող ենք ենթադրել, որ Հովհաննես առաքյալը շատ կարևոր բան է ասում։ Իրականում, տարիներ շարունակ մտորել եմ այս ոգեշնչված խոսքի շուրջ և դրա հայտնությունը շարունակում է ընդլայնվել։ Այս խոսքից ստացված ոգեշնչմամբ երկու գիրք եմ գրել՝ այն, որը հիմա ձեր ձեռքում է, և «Հավիտենությամբ շարժվողները»։ Մաս առ մաս ուսում­նասիրենք նրա հորդորը։  

 

Մի՛ կորցրեք ձեր ժառանգությունը

 

Հովհաննեսը սկսում է այսպես. «Զգո՛ւյշ կացեք ձեր անձերից»։ Հովհաննեսը հորդորում է յուրաքանչյուրիս ուշադիր լինել մեր հանդեպ և ստուգել ինքներս մեզ։ Նրա խոսքերում հրատապություն կա, քանի որ չպետք է անլուրջ ընդունենք այն, ինչ նա պատրաստվում է հաղորդել մեզ, այլ պետք է հանգամանորեն խորհենք դրա շուրջ։ Պետք է շատ ուշադիր լինենք, որպեսզի չկորցնենք այն, ինչի համար ջանք ենք թափել: Սա փոքր ինչ սթափեցնող է... մենք կարող ենք կորցնել այն, ինչ ձեռք ենք բերել մեր ջանքերով: Պատկերացրեք մի հողագործի, որն աշխատում է՝ մաքրելով իր դաշտը։ Նա աշխատում է օրվա տապին, որպեսզի մաքրի հողը քարերից և կոճղերից, որոնք կարող են խոչընդոտել հողի բերքատվությանը։ Մաքրելուց հետո նա հերկում և փխրեցնում է հողը՝ պատրաստելով ցանքի։ Ցանքից հետո քրտնաջան աշխատում է, որպեսզի նպաստավոր պայմաններ ապահովի սերմերի աճի համար. նա պարարտացնում է հողը, մաքրում է մոլախոտերից և ջրում է սերմերը։ Բույսերը սկսում են աճել, և նրա աշխատանքը շարունակվում է. նա պաշտպանում է դաշտը վնասատուներից և բույսերի հիվանդություններից։ Բայց հունձքից մի քանի շաբաթ առաջ հոգնում է և թողնում ամեն ինչ։ Նրա աշխատանքը զուր էր, քանի որ նա կորցնում է իր ամբողջ բերքը՝ վերջին պահին այն անտեսելու պատճառով։ Կամ, միգուցե, փոթորիկ է մոտենում։ Նա տեսնում է զգուշացում­ներն այդ մասին, բայց անտեսում է, և այդ սխալը զրկում է նրան բերքից. ժամանակի, փողի, աշխատանքի և միջոցների ինչպիսի՜ վատնում՝ միայն վերջին պահին թուլանալու պատճառով։ Ի՞նչ կասեք այն գործարարի մասին, որը տարիներ շարունակ ջանք է թափում իր ընկերությունը կառուցելու համար, բայց վերջում ամեն ինչ կորցնում է մի քանի սխալ որոշում­ների պատճառով: Կրկին ողբերգական է... Երկու դեպքում էլ հսկայական աշխատանքի արդյունքները մեկ ակնթարթում կորչում են՝ սխալ ընտրություններ կատարելու արդյունքում։ Ահա թե ինչու է Աստվածաշունչը շարունակ կոչ անում մեզ բարեհաջող ավարտել մեր ընթացքը. «...ով որ համբերի մինչև վերջ...» (Մատթ. 10.22, 24.13, Մարկ. 13.13), նաև՝ «Որովհետև մասնակից եղանք Քրիստոսին, եթե այն հաստատության սկիզբը մինչև վերջ պինդ բռնենք» (Եբր. 3.14), և կրկին. «Եվ ով որ հաղթում է և Իմ գործերը պահում մինչև վերջ...» (Հայտն. 2.26, բոլոր հատվածներում շեղագիրը հեղինակինն է) և այլն։ Քրիստոնեությունը կարճ տարածության մրցավազք չէ, այլ՝ մարաթոն: Այդ իսկ պատճառով, կարևորն այն չէ, թե ինչպես ենք սկսում մեր վազքը, այլ՝ թե ինչպես ենք ավարտում այն։ Մեր ավարտը կախված է մեր կայացրած որոշում­ներից, որոնք, որպես կանոն, մեր կյանքի ընթացքում ձևավորվող սովորությունների արդյունքն են։  

 

Կյանքի վճռորոշ պահեր

 

Մեր որդիներից մեկի հետ մի դեպք տեղի ունեցավ։ Նա ցանկանում էր ինչոր բան ձեռնարկել, ինչը դուր չէր գալիս ինձ։ Նա գիտեր իմ դիրքորոշումը, սակայն ես կարծում էի, որ նա արդեն բավականին հասուն էր, որպեսզի ինքնուրույն որոշում կայացներ, ուստի վերջին խոսքը նրանն էր: Որոշ ժամանակ անց իմացա, որ նա որոշել էր վարվել իմ խորհրդին հակառակ։ Ավելի ուշ մենք քննարկեցինք նրա որոշումը, և ես ասացի. Ընտրությունը քո՛նն է, բայց ուզում եմ օգտագործել այս առիթը, որպեսզի ինչոր բան սովորեցնեմ քեզ։ Լսի՛ր այս իրական պատմությունը։ Այն Ռոբովամ անունով մի երիտասարդ թագավորի մասին է։ Գահ բարձրանալուց կարճ ժամանակ անց նրա հպատակները մի հարցով դիմեցին նրան. «Հայրդ ծանրացրել էր մեր կյանքը՝ մեզ վրա դրված պահանջներով: Խնդրո՛ւմ ենք, թեթևացրո՛ւ մեր բեռը, և մենք ուրախությամբ կծառայենք քեզ»։ Երիտասարդ թագավորը կարգադրեց ժողովրդին մի քանի օրից վերադառնալ՝ իր որոշումը լսելու համար։ Նրա հոր խորհրդականներն ասացին նրան. «Եթե ծառա լինես այս ժողովրդին, հաշվի առնես նրանց կարիքները և գթասրտությամբ պատաս­խանես, նրանց համար նպաստավոր կերպով վարվես, նրանք ամեն ինչ կանեն քեզ համար» (Ա Թագ. 12.7, MSG)։ Դա լավ և իմաստուն խորհուրդ էր, բայց երիտասարդ թագավորը մերժեց նրանց խորհուրդը և դիմեց իր հասակակիցներին։ Նրանք ասացին. «Այս ժողովրդին, որը դժգոհում է, թե՝ քո հայրը շատ խիստ էր վարվում մեզ հետ. թեթևացրո՛ւ մեր բեռը, այսպես ասա. «Իմ ճկույթը հաստ է իմ հոր մեջքից: Եթե կարծում եք, թե կյանքն իմ հոր իշխանության ժամանակ խիստ էր, դուք դեռ ոչինչ չեք տեսել: Իմ հայրը մտրակներով էր հարվածում ձեզ. ես մինչև արյունը շղթաներով կծեծեմ»» (խոսքեր 10,11, MSG)։ Երիտասարդ թագավոր Ռոբովամը հետևեց իր ընկերների խորհրդին, ինչը ողբերգական հետևանքներ ունեցավ: Նրա հայր Սողոմոնի կառուցած թագավորությունը պառակտվեց։ Իսրայելի տասներկու ցեղերից տասը մշտապես առանձնացան. թագավորության հինգ վեցերորդը պատռվեց նրա երկաթե բռունցքից։ Մեկ սխալ որոշումը թանկ նստեց նրա վրա մինչև կյանքի ավարտը։ Ես շարունակեցի. Որդի՛ս, եկ ժամանակով ետ գնանք։ Հավանաբար, տարիներ շարունակ Ռոբովամ արքայազնը և նրա ընկերները ծածուկ ծաղրում և նույնիսկ արհամարհում էին Սողոմոն թագավորի և ծերերի խորհուրդները: Միգուցե նրանք, թագավորական սրահներում նստած, ծածուկ քրքջում էին գինու գավաթների շուրջ և տարուբերում էին գլուխները այն խորհուրդների պատճառով, որոնք անմիտ և հնաոճ էին համարում։ Հավանաբար, Ռոբովամի ներսում ունայն մտքեր էին խռնվում. «Ես կհամբերեմ, քանի դեռ արքայազն եմ, բայց երբ թագավոր դառնամ, չեմ լսի այդ անմիտ ծերերին»։ Քանի դեռ նա արքայազն էր, ծերերի իմաստությունն անտեսելու և չգնահատելու մասին նրա որոշում­ները մեծ վնաս չէին պատճառում իրեն։ Նա չէր գիտակցում, որ իր ներսում բնավորություն էր ձևավորվում, և գալու էր այն օրը, երբ անմիտ լինելով՝ ինքն իրեն իմաստուն էր համարելու։ Երբ նրա կյանքում վճռորոշ պահ եկավ, նա չուներ անհրաժեշտ կարողություն ողջամիտ որոշում կայացնելու համար։ Ես շարունակեցի. 

- Բոլորիս կյանքում վճռորոշ պահեր են լինում։ Դրանք նման են այնպիսի քննությունների, որոնցում թույլատրվում է օգտվել լրացուցիչ նյութերից, բայց մենք չգիտենք, որ քննություն ենք հանձնում, քանի դեռ դրանք չեն ավարտվում։ Որդի՛ս, դու որոշեցիր չլսել իմ խորհուրդը, և այս անգամ դա ոչ մի վնաս չպատճառեց քեզ: Բայց գալու է մեկ օր, երբ քո կյանքում վճռորոշ պահ է լինելու։ Եթե մինչ այդ քեզանում իմաստուն խորհուրդներ լսելու սովորություն ձևավորվի, դու բնականորեն կհետևես դրան և արդյունքում մեծապես կվարձատրվես։ Դիտարկենք մեկ այլ օրինակ։ Իսրայելի զավակների մեջ Աստծո Խոսքին ականջ դնելու սովորություն չէր ձևավորվել: Աստված ազատեց նրանց ստրկությունից, սակայն նրանք շարունակ դժգոհում էին և չէին հնազանդվում։ Կար ժամանակ, երբ թվում էր՝ այդ վարքն աննշան վնաս էր պատճառում նրանց, կամ էլ բոլորովին չէր ազդում նրանց վրա։ Այնուամենայնիվ, այդ ընթացքում նրանցում որոշակի սովորություն էր ձևավորվում։ Ի վերջո, եկավ վճռորոշ պահը: Նրանք տասներկու լրտեսներ ուղարկեցին Քանան, որպեսզի տեղեկություն ստանային այն երկրի մասին, որը Տերն առանձնացրել էր իրենց համար։ Լրտեսները վերադարձան՝ տրտնջալով և վատ լուր բերելով։ Ժողովուրդը, հետևելով նրանց, սկսեց տրտնջալ, ինչպես նախկինում, բայց այս անգամ դա թանկ նստեց նրանց վրա: Նրանք այդպես էլ չմտան Խոստման երկիր և դեգերեցին մինչև կյանքի ավարտը։ Մեկ ակնթարթում կորցրին այն, ինչին տիրանալու համար ջանք էին թափել։ Նրանց կորուստը չվերականգնվեց։ Թեև Աստված խոստացել էր նրանց այդ երկիրը, նրանք այդպես էլ չտիրացան դրան, նման այն բանին, որ Ռոբովամը կորցրեց տասը ցեղերը՝ մինչև կյանքի ավարտը և մինչև հաջորդ սերունդները։ Այս պատմության մեջ մի կարևոր դաս կա թե՛ ծերերի, թե՛ երիտասարդների համար. անհրաժեշտ է ոչ միայն հնազանդվել Աստծուն, այլև հասկանալ Նրա սիրտը: Այդ դեպքում մենք կհասկանանք Նրա ցուցում­ների ետևում գտնվող իմաստությունը և պարզապես չենք դիտարկի դրանք որպես սահմանափակում­ներ կամ օրենքներ։ Երիտասարդ արքայազն Ռոբովա այդպես էլ չէր հասկացել, թե ինչ կար իր հոր և նրա ծերերի սրտերում։ Նմանապես, իսրայելցիների ավագ սերունդն այդպես էլ չէր հասկացել, թե ինչ էր Աստված անում, նույնպես և չէր հասկացել իրենց հանդեպ ունեցած բարությունը, որը կար Աստծո սրտում, և նրանք կորցրին ամեն ինչ։ Այժմ դիտարկենք դրամի հակառակ կողմը։ Ամբողջ Աստվածաշնչում կան օրինակներ այն մասին, թե ինչպես են մարդիկ հասկացել Աստծո սիրտը և իմաստուն որոշում­ներ կայացնելու սովորություն ձեռք բերել։ Հանդիպելով կյանքի ոչ բացահայտ վճռորոշ պահերի, նրանք ճիշտ են արձագանքել և մեծ վարձատրություններ են ստացել։ Մեր աշխատանքի արդյունքները չկորցնելու ամենապարզ միջոցն Աստծո խորհուրդը մշտապես պատվելու սովորություն ձեռք բերելն է: Մենք պետք է ամեն օր որոշում­ներ կայացնենք։ Կգա մեկ օր, երբ ետ կնայենք և կհասկանանք, թե դրանցից որոնք էին վճռորոշ, բայց եթե մեր մեջ աստվածահաճո վարքագիծ է ձևավորվել, ապա կշարունակենք հետևել դրան և հետագայում կտեսնենք մեր վարձատրությունը։ 

Վարկանիշներ

0 reviews
keyboard_arrow_up