Ընտանիք

(0)

  ՆԱԽԱԲԱՆ

Ընտանիքը այն նվերն է, որն Աստված տվեց մարդուն արարչագործությունից հետո: Դա Աստծո առաջին նվերն էր մարդուն: Աստված մինչեւ եկեղեցի ստեղծելը ստեղծեց ընտանիքը: Հաճախ մարդիկ կարծում են, որ եկեղեցին, բիզնեսը կամ աշխատանքը ամենակարեւոր դերն են խաղում իրենց կյանքում, մինչդեռ, երբ չկար բիզնեսը, երբ ստեղծված չէր եկեղեցին, չկային կյանքի ողջ հաճույքները, ստեղծվեց ընտանիքը: Կան մարդիկ, ովքեր մտածում են. «Կյանք վայելեմ, հետո կամուսնանամ»: Սակայն եթե Աստված իմանար, որ կարելի է կյանք վայելել, հետո ամուսնանալ, սկզբում ընտանիքը չէր ստեղծի: Երբ Աստված սկզբում ստեղծեց ընտանիքը, Նա գիտեր մի հզոր ճշմարտություն, այն է` կյանքը վայելում են ընտանիքում: Լիարժեք ժամանակ մարդը կարող է ունենալ մի այն ընտանիքում:

  1

   ԻՐԱԿԱՆՈՒՄ Ի՞ՆՉ Է ԸՆՏԱՆԻՔԸ

Ուժեղ պետություն ունենալու համար պիտի ունենանք ուժեղ եկեղեցի, ուժեղ եկեղեցի ունենալու համար պիտի ունենանք ուժեղ ընտանիքներ: Ցավոք, այսօր մարդիկ իրենց կյանքը այնպես են դասավորում, որ քիչ պատասխանատվություն վերցնեն միմյանց նկատմամբ: Նրանք ընտանիք ասելով հասկանում են սեռական հարաբերություններ կնոջ եւ տղամարդու միջեւ: Այդ պատճառով ձգտում են արտամուսնական հարաբերությունների կամ քաղաքացիական ամուսնությունների: Հեռուստատեսությամբ եւ մամուլով գովազդվում է կարիերիզմը, սեռական կյանքը եւ հոմոսեքսուալիզմը: Մարդիկ ձգտում են կարիերայի եւ սեռական կյանքի համար զուգընկեր փնտրում: Եթե նույնիսկ ամուսնանում են, ձգտում են առաջին 5-10 տարիների ընթացքում երեխա չունենալ: Իսկ եթե միասեռ մարդիկ են ամուսնանում, չհասնելով բավարարման, պահանջ են ներկայացնում երեխաներ որդեգրելու: Սակայն միայն աստվածային կամքի համաձայն կառուցված ընտանիքը կարող է հաճույք պարգեւել: Այսօր ես տեսնում եմ, որ օրհնությունը գալիս է ընտանիքից, ինչպես մարդու դժբախտությունն է ընտանիքից գալիս: Ընտանիքը կարող է քո կյանքը վերածել դժոխքի կամ դրախտի: Դա կախված է քո ցուցաբերած մոտեցումից: Այսօր շատ ընտանիքներում ենք հանդիպում ամուսնալուծությունների: Ամուսինները բաժանվում են, նրանց կյանքը լավ չի կառուցվում, որովհետեւ նրանք ինչ -որ բան են սպասում ընտանիքից, մինչդեռ ընտանիքը չիկարող դա տալ, ամուսնությունը` նմանապես: Հաճախ մարդիկ կարծում են, որ եթե ամուսնանան, կերջանկանան, բայց դա ամենամեծ սուտն է, որ կարող են պատկերացնել: Եթե մեկը փորձի ինձ համոզել, որ ամուսնությունը կարող է երջանկացնել մարդուն, ես նրան կապացուցեմ, որ ֆինանսները ավելի շուտ կարող են երջանկացնել նրան: Ամուսնությունը չի երջանկացնում մարդուն, որովհետեւ նրան այդ իշխանությունը տրված չէ: Մենք կարող ենք Աստվածաշնչում տեսնել, որ Աստված մեծ իշխանություն է տվել մարդուն, սակայն չենք գտնի մի տեղ, ուր գրված լինի. «Եվ ես տալիս եմ ամուսնությանը իշխանություն` երջանկացնելու մարդուն»: Ո՛չ, գրված է. «Ամեն իշխանություն քեզ է տրված» (Ծննդ. 1.26,28): Այսինքն` ընտանիքը երջանկացնելու իշխանությունը մարդուն է տրված, ոչ թե ամուսնությանը: Եթե սպասում ես, որ ամուսնությունը կարող է քեզ երջանկացնել, սխալվում ես: Դո՛ւ պետք է երջանկացնես քո ամուսնությունը, ոչ թե ամուսնությունը` քեզ: Միայն այդ դեպքում դու կարող ես երջանիկ լինել: Շատ մարդիկ ամուսնանալուց առաջ մտածում են. «Ահա ես կամուսնանամ եւ երջանիկ կլինեմ»: Ու կարծում են, որ բոլոր իրենց չլուծված հարցերը կլուծվեն դրանից հետո: Սակայն սայթաքումը սկսվում է հենց այստեղից: Մարդիկ ամուսնանում եւ բաժանվում են, բաժանությունները մեծ տոկոս են կազմում: Ինչո՞ւ է այդպես, եւ ո՞րն է դրա պատճառը: Պատճառը մեկն է. ամուսնանալուց առաջ մտածում են, որ հիմա կերջանկանան, իսկ ամուսնանալուց հետո այդ երջանկությունը չեն գտնում եւ հիասթափվում են. «Սա՞ էր ամուսնությունը»: Ես այնքա՜ն եմ լսել «Խելքով մարդը չի ամուսնանա» արտահայտությունը: Կար ծում եմ, դուք էլ եք լսել դա: Իսկ իրա կանում, երբ նայում ենք Աստծո Խոսքին, տեսնում ենք Աստծո կամքն է, որ մարդիկ ամուսնանան: Պարզապես, մարդիկ ամուսնանում են, բայց չգիտեն ինչ անել դրանից հետո: Ամեն ինչ ունի իր սխեման: Օրինակ, եթե դու հեռուստացույց ես գնում կամ մեկ այլ ապրանք, վաճառողը տալիս է եւս մեկ փաստաթուղթ, որ տեղ գրված է ապրանքի օգտագործման ձեւը: Ամեն ինչ ունի իր օգտագործման կարգը, որին մարդը պետք է հետեւի: Օրինակ` կոմբայնը օգտակա՞ր է, թե՞ ոչ: Իհարկե, օգտակար է, որովհետեւ դրանով ցորեն են հավաքում, բայց եթե դու գյուղում ունենաս մի կոմբայն ու վարել չիմանաս, կնստես ղեկի մոտ, կպտտես այն մեկ օր, երկու օր, երեք օր, հետո կզգաս, որ չես կարողանում վարել ու այն քեզ երջանկացնելու փոխարեն, կտխրեցնի: Եվ դու կթողնես այդ կոմբայնը ընդմիշտ: Ու դրանից հետո, ով խոսի կոմբայնի մասին, դու կասես. «Լսի՛ր, դա ամենա հիմար մեքենան է, որ ես կյանքումս տեսել եմ: Խելքով մարդը կոմբայն չի գնի»: Բայց գիտե՞ս` ո՞րն էր խնդիրը: Խնդիրը կոմբայնը օգտագործելու ձեւը չիմանալն էր: Եթե դու իմանայիր ինչպես աշխատեցնել, ինչպես ցորեն հավաքել, այն օրհնություն կբերեր: Նույնը կատարվում է ընտանիքում, ամուսնության մեջ: Ամուսնության մեխանիզմի մասին առաջին անգամ գրվել է Աստվածաշնչում: Մարդիկ գիտեն, որ պետք է ամուսնանան, բայց դրանից հետո անհրաժեշտ է կարդալ Աստվածաշունչը եւ ընտանիքը պահպանել ըստ դրա: Ի՞նչ են անում մարդիկ: Նրանք ամուսնանում են, այսինքն` մտնում են ընտանիք, «ինչպես կոմբայնի մեջ», բայց չգիտեն ինչպես «աշխատեցնել»: Մտածելով, որ ամուսնությունը իրենց երջանկություն կբերի, համբերում են մեկ օր, երկու օր․ երեք տարի, չորս տարի եւ ասում են. «Այստեղ ոչ մի լավ բան էլ չկա»: Որովհետեւ մեխանիզմը չեն աշխատեցրել: Եթե աշխատեցնեն մեխանիզմը, կվայելեն օրհնությունները: Հաճախ կարող ենք ականատես լինել, որ մարդիկ չեն աշխատեցնում ընտանիքի կառավարման հզոր մեխանիզմը: Աստվածաշունչը շատ է խոսում ընտանիքի մասին: Այդ թեմայի մասին խոսվում է Ծննդոցից մինչեւ Հայտնություն: Ընտանիքը այն տեղն է, ուր դրսեւվորում է մարդու անհատականությունն ամբողջությամբ: Մարդը տրանսպորտի մեջ, ցույցերում, կինո դահլիճներում, ակումբներում, աշխատավայրում, ուսումնական հաստատություններում չի կարող դրսեւորել իր անհատականությունը այնպես, ինչպես իր ընտանիքում: Ընտանիքում նա ազատ է իր հագուստի, պահվածքի, մտածելակերպի դրսեւորման հարցում: Ցավոք, երբեմն տան տղամարդը ցանկանում է պահել իր անհատականությունը` միաժամանակ ճնշելով կնոջն ու երեխաներին: Երբեմն տղամարդը արթնանում է եւ սուրճ խմելու ցանկություն է ունենում, սակայն կինը քնած է: Նա արթնացնում է կնոջը, որպեսզի նա իր համար սուրճ պատրաստի: Մինչդեռ կինը քնել է ուզում: Կամ աղջիկ երեխային հրամայում են, որ կատարի եղբոր ցանկությունները: Ընտանիքում հարգանք է պետք բոլորի անհատականության նկատմամբ:

Վարկանիշներ

0 reviews
keyboard_arrow_up